Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հունվար 23,1999 00:00
krtakan hamakarg

Վերջերս ԿԳ նախարարը, բողոքելով Կրթության օրենքի վերաբերյալ այս կամ այն ընդդիմախոսի «ոչ հայեցակարգային», մանր-մունր քննադատություններից, գտնում է, որ արհեստավարժի իր ականջին ցանկալի է լսել «այլընտրանքային առաջարկություններ» կրթության ներկայացվող օրենքի կամ «կրթության այլընտրանքային օրենքի» վերաբերյալ: Միաժամանակ հաղորդակցվեցինք 3000- 4000 էջանոց կրթության կանադական օրենքին եւ էլի ինչ-որ մի այլ երկրի մի երկու էջանոց նման փաստաթղթին: Պատմաբան-նախարարը ունկնդիրներին ցանկացավ բերել եզրահանգման, որ այդ երկու բեւեռային (ծավալի առումով) օրենքներից էլ ստացվել է միջինացված հայկական տարբերակը:

Հաղորդման մասնակիցները գլուխները հանդիսավոր տարուբերեցին, հավանաբար չմտածելով, թե որն է լինելու կրթության այլընտրանքային օրենքը կամ էլ միանգամից ըմբռնեցին աշխարհի մնացած 200-ից ավելի երկրների կրթության օրենքների միջին թվաբանականի (կրկին ծավալի իմաստով) հայտնաբերումը իրենց ղեկավարի կողմից: Կամ, միգուցե հասկացան, որ այլընտրանքը (հաղորդման ժամանակ հնչեց ալտերնատիվ պառլամենտական բառը) «ոչ կրթության» օրենքն է կամ էլ կրթության նոր համակարգին անցնելը՝ սկզբից մագիստրատուրա, հետո ներքեւ, մինչեւ մանկապարտեզ: Խոսվում էր նաեւ նախարարությունում տարվող ինչ-որ «բարեփոխումների» եւ անվանափոխումների հեղափոխական գործընթացի մասին: Դե՛, պատմությունից սովոր ենք կտրական եւ ձեւական անվանափոփոխումների: Չգիտեմ, թե ինչպես ուիշների, բայց ինձ համար անհասկանալի են շարունակ օգտագործվող «միջազգային չափանիշներ» կամ առավել եւս՝ «ժամանակակից միջազգային չափորոշիչներ» բառակապակցությունները, հատկապես, երբ նրանք բերվում են հավատարմագրման գործընթացը կանոնակարգող պետական փաստաթղթում:

Եթե բերված խոսքը հիմնավորվում է համապատասխան աղբյուրով, դա, իհարկե, հասկանալի է: Սակայն ներկայումս դա եւ «արտասահմանյան հարուստ փորձի հետ համեմատությունները» պետական այրերի ու նրանց ստեղծած փաստաթղթերի համար փրկարար բառեր են ՝ «թանկարժեք մտքերը» առավել համոզիչ դարձնելու համար (ինչպես նախկինում նմանները բերում էին մարքս-լենինյան կամ համագումարային մեջբերումները): Այդ ո՞ր չափանիշների մասին է խոսքը: Ա՞յն , որ մեր մի շարք նորահայտ բուհեր ուսումնառության իրենց գործընթացը կապում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ քաղքենուն խոստանալով այդ «կազմակերպության կողմից ճանաչված դիպլոմ»:

Ա՞յն, որ որոշ բուհեր նույն նպատակով հայտնում են իրենց պլանածրագրային ընդհանրության մասին Օքսֆորդ-Լոմոնոսովի հետ՝ մոռանալով այնտեղ տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը, տնտեսատեխնիկական հագեցվածությունը եւ այլ ոչ պակաս կարեւոր հանգամանքներ: Թե՞ Հայաստանի Ամերիկյան համալսարանի գործունեությունը՝ ստեղծված «ամերիկյան ամենաառաջնակարգ համալսարաններից» մեկի օգնությամբ: Իսկ եթե դա իրոք Օքսֆորդի, Հարվարդի կամ Լոմոնոսովի եւ նման համալսարանների չափանիշ-չափորոշիչներն են, ապա միջնակարգ ուսուցման արդի մակարդակով ինչպես պիտի հասնենք նման նվաճումների՝ խրախուսելով դասուսույցների ձեւավորված դպրոցի զարգացումը:

Այս դեպքում ու՞ր կմնա նախատեսվող օրենքում «կրթության մարդասիրական բնույթը… (հոդված 4): Մեր երկրում այդ ո՞ր պետական բուհն է աշխատում օքսֆորդ-հարվարդյան չափորոշիչներով, իսկ նրա դիպլոմն էլ ճանաչում ունի «համայն աշխարհում»: Իհարկե, կան բուհեր, որոնք աշխատելով նախկին խորհրդային չափորոշիչներով, հավասար են միջազգային ճանաչում գտած բուհերին՝ առաջին հերթին Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մյուս երկրների: Հայտնի է նաեւ, որ նրանց աշխատանքը կազմակերպվել է խորհրդային շրջանի համապատասխան չափանիշների եւ չափորոշիչ փաստաթղթերի հիման վրա: Որեւէ փորձ արվե՞լ է նորաստեղծ բուհերը համեմատելու վերջիններիս հետ: Թե՞ միանգամից թռիչք, այն էլ դեպի անորոշություն: Իսկ ինչպես կազմակերպենք հավատարմագրումը: Իհարկե, պատրաստ ենք կատարել համապատասխան չափանիշ-չափորոշիչային համեմատություններ, սակայն մենթալիտետային որոշ առանձնահատկությունների պատճառով, կարծում եմ, ավելի ցանկալի է այլազգիների մասնակցությունը: Հատկապես, որ նման գործընթացը ընդունված է նաեւ աշխարհի բոլոր երկրներում, հատկապես գիտական աշխատանքի գնահատման համար…

Հիշեցի թուրքական օրինակը, որն անցնում եւ անցել է այն ճանապարհը, որով մենք հիմա փորձում ենք անցնել: Այստեղ պետությունն իրոք ոչինչ չի խնայում կրթության եւ գիտության զարգացման համար: Սեփական փորձից գիտեմ, որ այնտեղ համալսարանները ստեղծվում են հեռանկարով, նաեւ ապագայում հեռու արտասահմանի ուսումնագիտական կենտրոններ գործուղված քաղաքացիների վերադարձի համար (իմիջիայլոց, երբեւիցե հաշվել ենք , թե արտասահման գործուղվածներից քանիսն են վերադառնում): Ցանկացած հավատարմագրման, գիտական գրանտի շնորհման գործընթացում ամեն ինչ խնայող թուրքերը հրավիրում են արտասահմանից իրոք ԳԻՏԱԿ, ԱՆԿԱՇԱՌ, օբյեկտիվ հանձնաժողովներ:

Դրանք ֆինանսավորվում են նաեւ մեզ հայտնի նույն գրանտներով, սակայն եկողների համար ապահովվում է ծանրաբեռնված աշխատանք, այլ ոչ «ուտուշ-խմուշային» տուրիստական առօրյա: Նման հանձնաժողովների հրավիրումը, իհարկե, առաջ է բերում տեղի ուսումնա-գիտական վերնախավի նույնիսկ զայրույթը, սակայն հետագայում նրանք, էլ համոզվելով հանձնաժողովի արդի ուսումնագիտական ուղղությունների գրեթե կատարյալ ընտրության մեջ, գոհ են մնում գործընթացի նման կազմակերպումից: Հավանաբար այս է մեր հարեւանների մոտ գիտական եւ կրթական, ինչպես նաեւ կյանքի մյուս ոլորտների աննախադեպ զարգացման պատճառը:

ԳԱԳԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031