Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԻՉ ՀՂԻՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՈՎ

Հունվար 23,1999 00:00
tntesakan ach

Չափավոր կամ նորմալ ազատականություն չի կարող լինել։ Ինչպես չի կարող լինել «չափավոր ազատություն» կամ «մի քիչ հղիություն»։ Դու կամ ազատ ես կամ բանտարկյալ։ Ուրիշ կերպ չի լինում։ Հենց այս ակնհայտ ու պարզ մտքերով սկսվեց մեր զրույցը հանրապետության խոշոր ձեռներեցներից մեկի «Arsoil» ընկերության տնօրեն Գուրգեն Արսենյանի հետ։ Փորձենք պարզել, թե ինչ է կատարվում գործարարության ոլորտը կարգավորող օրենսդրության ոլորտում։ Օրենքները բովանդակային իմաստով պետք է միասնական լինեն։ Երբ որեւէ նոր օրենք է ընդունվում՝ «հները», թվում է, թե աննշան փոփոխությունների եւ ճշգրտումների են ենթարկվում։ Դրանք, ըստ էության, փոխում են օրենքը, եւ գործարարը հայտնվում է նոր՝ իրեն անծանոթ, օրենսդրական դաշտում։

Ժամանակին պետությունը հիմնադիր կապիտալի մեծացմանն ուղղվող միջոցներն ազատել էր ավելացած արժեքի հարկից։ Սրանում շատ յուրօրինակ «պետական» տրամաբանություն կա։ Ձեռնարկությունն, ասենք, կարող էր «Մերսեդես» ներմուծել՝ այն կարող է ընդլայնել հիմնադիր կապիտալը, դառնալ արտադրության հիմնական միջոց՝ ձեռնարկության համար։ Սակայն Հայաստանում ընդունված է կասկածել գործարարներին։ Պետությունը փոխանակ հետեւի եւ ավտոմեքենայի հետագա վաճառքի դեպքում գանձի հասանելիք հարկերը, ի սկզբանե է անում այդ։ Արդյունքում արգելակվում է ձեռնարկությունների հիմնադիր կապիտալի մեծացման պրոցեսը։ Սա հարկային ֆիսկալ չոր քաղաքականության ընդամենը մեկ օրինակ է։ Նպատակը ամեն գնով բյուջեի համար միջոցներ հայթայթելն է։ Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ ոչ թե բյուջեն է երկրի համար, այլ երկիրը բյուջեի։ Տեղական արտադրողին պաշտպանելու այս փորձով պետությունը նույնպես գերազանցել է «ոսկե միջինի» սահմանը՝ այդ գործում կիրառելով ամենակոպիտ եւ վտանգավոր մեթոդներ։

Կարճ տեղեկանք

Այս տարի պետությունը խստացրեց իր պահանջները ծխախոտի բիզնեսի ոլորտում։ Տեղական ծխախոտի ամրագրված վճարները ֆիլտրով սիգարետի 1000 հատի (5 տուփ) համար 1200-ից բարձրացնելով 1900 դրամի (աճը 59%)։ Ծխախոտի ներմուծման ոլորտում կատարվեցին հետեւյալ փոփոխությունները՝ աճել են ամրագրված վճարները։ Արտասահմանյան 1000 ծխախոտի ներմուծման համար 2,5-ի փոխարեն պետք է մուծել 4,3 դոլար (աճը՝ 72%)։ (Թվերը տրամադրել է հարկային տեսչությունը)։

Մերն ուրի՞շ է

Այս թվերից կարելի է անել հետեւյալ եզրակացությունները։ Նախ. նախկին համարյա հավասար տնտեսական (հարկային) դաշտում կատարվել է փոփոխություն հօգուտ տեղականի։ Սա, սովորաբար ներկայացվում է որպես տեղական արտադրողի նկատմամբ հոգատարության դրսեւորում։ Սակայն սա տարօրինակ հոգատարություն է՝ ախր աճել է տեղական արտադրողի հարկային բեռը։ Երկրորդ՝ բարձր ամրագրված վճարները ուժի մեջ էին մտնելու հունվարի 1-ից, բայց սկսեցին հավաքվել դեկտեմբերի վերջին օրերին։

Ներմուծումների ամբողջական ցիկլը սկսելու եւ ավարտելու համար՝ Հայաստանի արտաքին տրանսպորտային թույլ կապերի պայմաններում տեւում է միջինը 3 ամիս։ Փաստորեն, գործարարն իր բիզնեսը սկսում է օրենսդրական մի դաշտում, ավարտում՝ բոլորովին այլ։ Սա նույնն է, թե շենքի շինարարության մի մասը իրականացվի մեկ նախագծով, շարունակությունը՝ ուրիշ։ Օրենսդրական դաշտի «կայծակնային» արագությամբ կիրառվող փոփոխությունները հայաստանցի գործարարներին հնարավորություն չեն տալիս ճշգրիտ բիզնես պլան կազմելու։ Դիտարկենք կառավարության մեկ այլ որոշում։

«Կառավարությունը ստանդարտների, չափագրման եւ սերտիֆիկացման վարչությանը հանձնարարել է համապատասխան ստանդարտներում փոփոխություններ մտցնելով ամրագրել, որ Հայաստանի տարածքում վաճառվող ծխախոտի վրա հայերեն պետք է գրված լինի. «ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ ծխելը վնաս է ձեր առողջությանը»։ Այս որոշումն էլ նպատակ ունի պահպանել բնակչության առողջությունը եւ նպաստել տեղական արտադրության աճին։ Հայերեն նշում չունեցող ծխախոտի ներմուծումը արգելվելու է ապրիլի 1-ից, իսկ վաճառքը՝ հուլիսի 1-ից։

Առաջին հերթին նշենք, որ պաշտոնապես այս որոշումը շատ անհաջող մատուցվեց։ Անհնար է այստեղ համատեղել «բնակչության առողջության» եւ «տեղեկան արտադրության աճի» մասին մտքերը։ Երկրորդ. որպեսզի ներմուծողները արտասահմանյան արտադրողին «ստիպեն» փոխել արտադրանքի տեսքը՝ ավելացնեն հայերեն նշում՝ կպահանջվի 3 ամիս։ Սրան պետք է եւս 2 ամիս գումարենք, որն անհրաժեշտ է գործարար բանակցությունների համար։ Միաժամանակ հայտնի չէ, թե երբ Ստանդարտների վարչությունը կդադարի հանձնարարության իր հատվածը։ Կառավարությունը նրա համար ժամկետներ չի սահմանել։

Ընդգծենք, որ որոշման պահանջը պարտադիր գրության մասին, բնականաբար, որեւէ գործարարի մոտ կասկած չառաջացրեց։ Խոսքը որոշումն իրագործելու կարգի մասին է։ Տեղական արտադրողի շահերը պաշտպանելու համար պետությունը բազում այլ հնարավորություններ ունի։

ԱՇՈՏ ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031