Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը բարկանում է

Հունվար 23,1999 00:00
hrant bagratyan

Բագրատյանը բարկանում է «Ազատություն» կուսակցության վարչությունը 1999 թ. հունվարի 20-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ երկրում տիրող քաղաքական ու տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Այդ փաստաթղթում մասնավորապես ասված է.

Հայաստանում առկա քաղաքական, տնտեսական իրավիճակը «Ազատություն» կուսակցության վարչությունը գնահատում է որպես ամենավատը 1990 թվականից ի վեր. երկիրը գտնվում է կոմունիստա-սոցիալիստական, ռազմա-բյուրոկրատական տոտալիտար ռեժիմի վերականգնման ճանապարհին՝ անկախության, Ղարաբաղի եւ զարգացած հասարակություն դառնալու հնարավորության կորստի հեռանկարներով։ Այդ ամենին պետք է ավելացնել ազգայնական-ծայրահեղական ուժերի եւ քրեածին տարրերի գործունեության կտրուկ ակտիվացումը։ Արցախի հիմնահարցի կարգավորումը մի որոշ քաղաքական աշխուժացումից հետո, ըստ էության, լճացման մեջ է։ Կրկնվում է նախկինում թույլ տված հիմնական սխալը. ժողովուրդը հեռացված է հիմնախնդրի լուծումից։ Արտաքին քաղաքականություն իրացնող պաշտոնյաներն առանց ամոթ զգալու հիացմունքով են խոսում, ըստ էության, նույն փաստաթղթերի նկատմամբ, որոնք առկա էին դեռեւս մի քանի տարի առաջ։

Նախորդ տարիների կառավարության քաղաքականության շնորհիվ այսօր Արցախը դե-ֆակտո Հայաստանի անբաժան մասն է։ Սակայն իշխանությունները չեն համարձակվում արցախահայությանը մասնակից դարձնել հայոց խորհրդարանի ընտրություններին։

Մտավախություն է առաջացնում որոշ զինվորականների ուղղակի ակնարկն այն մասին, որ բանակը, հնարավոր է, այլեւս ի վիճակի չլինի կռվելու։ Ժամանակին երկրի ռեսուրսները, ջանքն ու եռանդը ի սպաս են դրվել այդ նույն բանակի ստեղծմանը։ Բանակ ունենք, ու մի՛ հեգնեք տնտեսության ծանր վիճակը, ժողովրդավարական ու շուկայական բարեփոխումները։

Վերջին ժամանակներս վտանգավոր կոչեր են հնչում սահմանափակ լիբերալիզմի, վերահսկվող շուկայի, ազգայնական գաղափարախոսության մասին եւ այլն։ Մի կողմից դա վկայում է առ այն, որ նոր իշխանություններն ամբողջովին խոստովանում են երկիրն առաջ տանելու, արդյունաբերությունը զարգացնելու, ազգայնական գաղափարախոսությունը ժողովրդի կենսագոյության հիմք ծառայեցնելու, Արցախի հիմնահարցը լուծելու՝ իրենց քաղաքականության սնանկ դուրս գալը։ Բոլորի համար է ակնհայտ, որ 1992-1996 թթ. «ապազգային» կառավարությունը ե՛ւ երկիրն անդունդից հանեց, ե՛ւ թշնամուց 10 հազ. քառ. կմ հող գրավեց, հաց ու լույս տվեց մարդկանց, ապահովեց տնտեսական զարգացման դրական տեմպեր, գրեթե վերացրեց բյուջետային պարտքերը, կենսամակարդակի թռիչքաձեւ աճի շնորհիվ հույսով ու հավատով լցրեց մարդկանց սրտերը։

Ներկայիս վարչախմբի հիմնական հաջողությունը տոնահանդեսներն են, մեդալներ բաժանելը, «պատմական» միջոցառումները, ազգի «երեւելիների խրախուսումը» եւ այլն։ Այնքան սահմանափակեցինք լիբերալիզմը, որ նորից ենք հայտնվում կոմունիստական հասարակությունում։ Հերիք չէ՞ շուկայական բարեփոխումները, սեփականաշնորհման քաղաքականությունը քննադատելը։ Հետաքրքիրն այն է, որ նա, ով քննադատում է այդ երեւույթները, ինքը վաղուց արդեն խոշոր սեփականատեր է։ Դեհ, ուրեմն քննադատելու փոխարեն պարզապես այդ նույն ժողովրդին վերադարձրեք ձեր իսկ ունեցվածքը։ Կամ՝ ավելի լավ ձեւով սեփականաշնորհելու քաղաքականություն կա, կիրարկեք։

Սահմանափակ լիբերալիզմի մասին կոչերն իրականում վերջնական ու լիարժեք դիկտատուրա հիմնելու նպատակ են հետապնդում։ Նողկանքով կարելի է հետեւել մասսայական լրատվության որոշ միջոցների նման կարգի «մտքերին» գաղափարական հիմնավորում տալու փորձերին։ Պետական լրատվամիջոցները «վստահված» են մի խումբ պատեհապաշտների։ Պետական բյուջեի հաշվին պահվող լրատվամիջոցներով այսօր ցանկացած այլախոհություն արգելված է։ Եվ սրանք երեկ, մյուս օրը բողոքում էին ժողովրդավարության պակասից։ Գորշ միջակությունն իր ամբարտավան, առոգանտ կեցվածքով ամբողջովին տիրել է այդ դաշտին. բամբասանքն ու սադրանքը դարձել են պետական պրոպագանդայի իրացման հիմնական ձեւը։ Նույն ձեռագիրը մենք տեսնում ենք իշխանամետ քաղաքական ուժերի լրատվամիջոցներում։ Փողով հասարակության ամենավերջին ստահակը մի վեց ամսում կարող է մատուցվել որպես պատգամավորի, նախարարի, նախագահի արժանի թեկնածու։ Երբեք հայոց աշխարհում մարդն այսքան անպաշտպան չի եղել։

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակը զգալիորեն պայմանավորված է Ռուսաստանում եւ ԱՊՀ մյուս երկրներում առկա գործընթացներով։ Հայկական իշխանություններին ոգեւորել են ռուսական վերջին կառավարության քայլերը «հզոր» տնտեսություն ստեղծելու ուղղությամբ։ Ոչ մի կերպ չենք ուզում հասկանալ, որ Ռուսաստանում կոմունիստամետ ուժերն ու նրանց ջանքերով ստեղծված իշխանության կառույցներն այդ երկիրը տանում են դեպի երկարատեւ ճգնաժամ։ Մի՞թե խրատ չպետք է լինի այն, որ 1997 թ. հետռեֆորմյան առաջին տնտեսական աճից հետո 1998թ. Ռուսաստանում տնտեսության կրկին 8%-ոց անկում է արձանագրվել։ Ռուսական վերնախավերում փորձում են հասարակական կարծիքը «փրկել» տարբեր տեսակի անհասկանալի միություններ ստեղծելով։ Այդ «գաղափարները» մեծապես ոգեւորել են նրանց հայաստանյան գործընկերներին։ Ոչ ոք չի ուզում իրեն հաշիվ տալ. ի՞նչ միություն, ինչի՞ համար եւ ո՞ւմ հետ։ Ռուս-բելառուսական միության միակ «պատճառաբանությունը» պրն Լուկաշենկոյին այդ երկրի միասնական նախագահ դարձնելն է։ Միության ի՞նչ կարիք կար, եթե չեն լուծված առեւտրի տարիֆային ու ոչ տարիֆային գործող սահմանափակումների վերացման, միասնական պետական պատվերի ձեւավորման, վալյուտային զամբյուղի ստեղծման եւ այլն ամենատարրական խնդիրները։ Ի վերջո, ինչպես վկայում է պատմական փորձը, աղքատների միություն չի լինում. եթե աղքատները միավորվում են քաղաքականապես, ապա միմիայն դրանցից հարաբերաբար ունեւորի քաղաքատնտեսական գերակշռության պայմաններում։

Նախագահն ու կառավարությունն իրենց գործունեությամբ լիովին բավարարում են ծայրահեղ ազգայնական ուժերի ու ռազմա-բյուրոկրատական ապարատի պահանջները։ «Ավանսային» հարկահանությունը, ներմուծման ու արտահանման թաքնված քվոտավորումը, կոմերցիալիզացված իրավապահ ոլորտը, երբեք չկայացող դատական համակարգը, ֆինանսական շուկայի բացակայությունը, պետական արժեթղթերի սպեկուլյացիան եւ այլն, գործող վարչախմբի հիմնական «նվաճումներն» են։ Մարդիկ առանց անհարմար զգալու խոսում են ինֆլյացիայի տեմպերը նվազեցնելու, վարկերի վերադարձելիության տոկոսը բարձրացնելու, օտարերկրյա ներդրումները, բյուջեի ծավալներն ավելացնելու եւ այլնի մասին։ Եթե մի կես տարի էլ աշխատավարձ չտաք, ապա կարող եք հպարտանալ, որ ոչ միայն ինֆլյացիա չկա, այլեւ գներն անկում են ապրել։ Վարկերի վերադարձելիությամբ Հայաստանը 1998 թ., հնարավոր է, գրավել է առաջին տեղն աշխարհում։ Վա՞րկ եք տվել, որ վերադարձելիության պրոբլեմ լիներ։

Բյուջեի մեջ ներգրավելով կառավարության երաշխիքներով գործող ներդրումային վարկերը (որոնք, ի դեպ, մի քանի անգամ պակաս են, քան 1995-1996թթ.), փորձ է արվում բյուջեի ավելացման իմիջ ստեղծել։ Անուղղակի հարկերի անշեղ բարձրացման շնորհիվ զուտ հարկերի ավելացումը դարձել է տնտեսական «աճի» հիմնական ռեզերվը։ Օտարերկրյա «ներդրումները» իրականանում են մասսայական սպառողի հաշվին։ Առանց ամաչելու հայտարարելով 1998թ. ներդրումներն իբր թե 5 անգամ ավելացնելու մասին, իշխանությունները չեն ուզում խոստովանել, որ վերջին 2 տարիներին կապիտալի արտահանումը Հայաստանից ավելացել է 12 անգամ։ Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը ներդրումների նետտո-արտահանող է։ Այդ պատճառով է, որ ինչքան շատ են «ներդրումներ» անում, այնքան ժողովրդի սոցիալական վիճակը ծանրանում է։ Մինչդեռ երկիրը պարտավոր է տնտեսական թռիչք ունենալ։ 1997 թ. սկսած տնտեսական լճացումը սպառնում է վերածվել ճգնաժամի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031