Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔԸ

Հունվար 23,1999 00:00
hrant bagratyan

«Օրագիր» թերթի երեկվա հերթական հյուրը նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն էր։

Մինչ հանդիպումը, բաժանվեց կուսակցության հայտարարությունը։ Այն ընդունվել էր, որովհետեւ «մեր աչքի առաջ վիճակը վատանում է, իշխանության եկած քաղաքական ուժերին սթափեցնելու բոլոր հնարավորությունները, դժբախտաբար, ազդեցություն չունեցան»։ Պարոն Բագրատյանը հիշեցրեց, որ 1993 թ. փետրվարից ինքը գլխավորել է «մի կառավարություն, որին են պատկանում բոլոր հիմնական պատերազմական հաջողությունները»։ Նա «չի կարող թույլ տալ, որ Ղարաբաղը դառնա շահարկումների առարկա, 1994 թ. 30 հազար մարդ է տեղափոխվել Մարտակերտի շրջան, եւ ես չեմ կարող տեսնել, թե ինչպես է Ղարաբաղը դատարկվում»։ Նախկին վարչապետին մտահոգում է նաեւ այն, որ տնտեսական դժգոհության ալիքի վրա երկրի տնտեսական եւ քաղաքական կյանքում մեծանում է սոցիալիստական ուժերի տեսակարար կշիռը։ Որպես դեմոկրատական ուժերի ներկայացուցիչ, պարոն Բագրատյանը, եթե որեւէ բան է գրում որեւէ երկրի տնտեսության մասին «անկախ նրանից ամբարտավան են երկրի իշխանությունները, թե՝ չէ», մի պատճեն ուղարկում է նրանց։

Այսօր էլ նախկին վարչապետի մտահոգության հիմնական թեման տնտեսության ոլորտն է։ Նրա կարծիքով երկիրը կանգնած է տնտեսական ճգնաժամի շեմին։ Կարծես, մատնանշվեցին նաեւ ճգնաժամի ժամկետները՝ այս տարվա ապրիլին։ Անընդհատ համեմատելով ու վերլուծելով «իր» շրջանի հետ, պրն Բագրատյանը նշում էր, որ վիճակը գնալով վատանում է։ «1995-ին մաքուր ավելի շատ փող էր հավաքվում, եւ հարկային ծանրաբեռնվածությունը 40-50% ավելի թեթեւ էր, քան հիմա»։ Սեփականաշնորհման ոլորտում, ըստ նախկին վարչապետի, երկու հարթություն է ստեղծվել՝ միջազգային եւ սովորական։ Այսօր իշխանությունները մի կողմից ներդրողներ են «բերում, մյուս կողմից՝ անընդհատ սկանդալ բարձրացնում»։ «Երբեմն պարզապես ուզում ես մտածել, որ այդ օբյեկտը ուզում են երկրորդ անգամ ծախել։ Որովհետեւ հստակ զգում ես, որ իշխանության կողմից բարձրացվում է աղմուկը, իրենց կողմից հերքվում է»։ Ըստ պարոն Բագրատյանի, կառավարությունը այսօր իրավունք չունի հպարտանալու ներդրումներով։ Որովհետեւ ներդրումներն իրականում պետական արժեթղթերի վաճառքով ներգրավված փողեր են, իսկ ներքին պարտքը շատ ավելի մեծ տոկոսներով է ներգրավվում։ Ըստ Բագրատյանի, ներքին պարտքը 16 անգամ փոքր է արտաքին պարտքից։ Սակայն, ներքին պարտքի դիմաց տոկոսավճարն ավելի շատ է մուծվում։

Արդյունքում, զուտ թվերով 5 անգամ ավելացել է կապիտալի ներդրումը եւ 12 անգամ ավելացել է արտահանումը։

Սա արդյունք է այն բանի, որ երկիրը շեղվել է ազատականության ճանապարհից, իսկ հնին վերադարձը կործանարար կլինի մեր ժողովրդի համար։ Բագրատյանը ենթադրեց, որ հուլիսին կկայանա աջ ու դեմոկրատական ուժերի դաշինք, իսկ ընտրություններ չեն լինելու։ Այսօր հանգիստ կարելի է գուշակել ընտրությունների արդյունքները։ Պրն Բագրատյանը հրաժարվեց կոնկրետ օրինակների՝ Կոնյակի գործարանի, «ԱրմենՏելի» սեփականաշնորհման մասին կոնկրետ անուններով խոսել։ Նշեց, որ ապրում է առանց նախկին պաշտոնյաներին հասնող արտոնություններից օգտվելու, իր ստեղծագործությունների հոնորարով, եւ որ այսօր ամենավտանգավորն այն է, որ պետությունը շատ է ուժեղացել։ «Այնքան է ուժեղացել, որ ինքն իրեն ուտում է պետությունը»։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Հանդիպման ընթացքում Հր. Բագրատյանը ներկայացրեց իր թիվ 3 գիրքը՝ «Հասարակություն եւ պետություն»։ Առաջինը եղել է թեկնածուական թեզը։ Երկրորդը՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի տնտեսության մասին բրոշյուրը, որը 1997 թ. տպագրվել է Վաշինգթոնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031