«Առավոտը» ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանից հետաքրքրվեց երկրի ղեկավարի առողջական վիճակով: Արդյոք պրն Քոչարյանն արդեն ապաքինվե՞լ է գրիպից եւ ինչո՞ւ նրա առողջության մասին տեղեկությունները պարբերաբար չեն հայտնվում հասարակայնությանը: Խոսնակի պատասխանը հետեւյալն էր. «Նախագահն առողջ է: Իրեն լավ է զգում: Առողջության հետ կապված որեւէ խնդիր չունի: Վերջին շրջանում հանրապետությունում տարածված գրիպից նաեւ նրան չհաջողվեց խուսափել: Եվ մի քանի օր գրիպի ախտանիշներ ուներ: Որեւէ բան, հուսով եմ, չի լինի, որ կարիք լինի ձեզ ասելու»:
Մեր նախագահն այսպիսով ապացուցեց երիտասարդ լինելու, չծխելու եւ սպորտով զբաղվելու առավելությունները: Այդ պատճառով էլ շուտ ապաքինվեց: Տարոսը, ինչպես ասում են, Բորիս Նիկոլաեւիչին: Իսկ արժե՞ արդյոք ապաքինում ցանկանալ Հեյդար Ալիեւին, որն Անկարայում, բնականաբար, գրիպից չէ, որ բուժվում է, դժվար է ասել: Դա բարդ քաղաքական հարց է:
ՎԱՏ ԼՈՒՐ
Հունվարի 22-ին տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի վերջին քննարկումը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։ Ներկաներից մեկի վկայությամբ, թեպետ հանձնաժողովը, իր նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, քվեարկեց հօգուտ նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու, այդպես էլ ձեռքի տակ չունենալով ընտրական օրենսգրքի օրինագիծ։ Վիկտոր Դալլաքյանը հանձնաժողովին է փոխանցել ընդամենը մեկ նախագիծ ու ասել, թե նրանում 400 առաջարկություն է տեղ գտել, սակայն փաստաթուղթն այդպես էլ չի բաժանվել հանձնաժողովների անդամներին։ Այդ ամենն, իհարկե, լավ չէ։ Բայց քանի որ ցանկացած խելամիտ մարդու (ոչ միայն խելամիտ երկրապահներ Գագիկ Պողոսյանին եւ Վիկտոր Դալլաքյանին) քաջ հայտնի է, թե ինչպես են անցկացվելու խորհրդարանական ընտրությունները եւ ով է այնտեղ ջախջախիչ հաղթանակ տանելու, օրենսգրքի հարցը զուտ ակադեմիական հետաքրքրություն է ներկայացնում։