«Ազգային անվտանգության» կուսակցությունը խորհրդակցության էր հրավիրել իր անդամներին, այլ կուսակցությունների ներկայացուցիչների եւ լրագրողների։ Կուսակցության գաղափարական լիդեր Իգոր Մուրադյանը խորհրդակցության ընթացքում քաշում էր իր «թազբեհը» եւ հավանաբար մի լավ «փիքր» էր անում էս աշխարհի հոգսն ու ցավը։ Խորհրդակցության հռետորի՝ կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանի ձայնը չափազանց հռետորական էր։ Ելույթի խրոխտ տոնայնությունը մի պահ տարօրինակ թվաց Մեխանիկայի ինստիտուտի անհրապույր սենյակում։ Սակայն ամեն ինչ պարզվեց, երբ Իգոր Մուրադյանը հայտարարեց, թե Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կուսակցությունն առաջադրելու է իր առաջնորդի՝ Գառնիկ Իսագուլյանի թեկնածությունը։ Կուսակցությունը մինչ այսօր դեռ գրանցված չէ։
Ըստ արդարադատության նախարարության, երեկ արդեն կուսակցությունը պետք է գրանցված լիներ։ Ինչ-որ անհայտ պատճառներով գրանցումը չի կատարվել, խոստացել են, թե երկուշաբթի օրը գրանցումը կլինի։ Հավանաբար, այս կուսակցության պաշտոնապես գրանցված չլինելու պատճառով մյուս պաշտոնապեսները չէին եկել։ Գ. Իսագուլյանի ասելով, կուսակցությունը որդեգրել է ազատ գործելաոճը։ «Ազգային անվտանգությունը» դեմ չէ, որ լրատվական միջոցները շատ լինեն, բայց «չգիտես ինչու լրատվական միջոցները վատ են զգում, երբ կուսակցությունները շատանում են»։ Անկեղծ ասած, ոչ թե վատ ենք զգում, այլ՝ ցուրտ, եւ առաջարկում ենք կուսակցության մյուս խորհրդակցությունն ավելի տաք սենյակում անցկացնել։ Կուսակցության առաջնորդներից երկուսը ՀՅԴ նախկին անդամներ են՝ Գառնիկ Իսագուլյանը եւ Հրանտ Խաչատրյանը (սա ձեր իմացած Հրանտը չէ եւ ՍԻՄ-ի հետ կապ չունի)։
«Ազգային անվտանգությունն» իրեն հայտարարեց աջ-սոցիալիստական կուսակցություն։ Սա խորհրդակցության երկրորդ կարեւոր հայտարարությունն էր։ Գ. Իսագուլյանի ասելով. «Զարմանալիորեն ոչ ոք չի նկատում, որ գրչի ընդամենը մեկ հարվածով ազգաբնակչության 50%-ից ավելին ֆինանսական ցենզի պատճառով զրկվում է իր սահմանադրական՝ ընտրվելու իրավունքից։ … Հայաստանում օրենքների շրջանակներում գործող ոչ մի կուսակցություն չէր կարող իրեն թույլ տալ այսպիսի շռայլություն»։ Գ. Իսագուլյանի կարծիքով Հայաստանում առկա է ոչ միայն սոցիալական շերտավորում, այլեւ՝ քաղաքական։
«Ազգային անվտանգության» կուսակցությունն իր առջեւ դրել է երկու խնդիր. «Առաջինը՝ Հայաստանի քաղաքական կյանքում ներմուծել գաղափարական բազմազանություն եւ հասարակությանն առաջադրել առկա խնդիրների լուծման նոր մեխանիզմներ։ Երկրորդ՝ բարձրացնել տարբեր քաղաքական դասակարգումների որակական նշանակությունը»։ Երկուշաբթի օրը իր գրանցմանը սպասող կուսակցությունը վստահ էր, թե կարող է տալ «իրավիճակի այն անկանխատես գաղափարական ու քաղաքական լճացման պատասխանը, որում հայտնվել է մեր հասարակությունը»։ Կուսակցության գաղափարական առաջնորդ Իգոր Մուրադյանի կարծիքով այսօր շատ քաղաքական կուսակցություններ բուրժուական բարոյականություն ունեն, նրանք շուկայական կուսակցություններ են։
Կարդացեք նաև
Ըստ պրն Մուրադյանի, իրենց ստեղծած նոր կուսակցությունը պետք է զարգացնի իրական շուկան, սակայն, ոչ՝ բուրժուականը։ «Հասարակությունը եւ պետությունը չպետք է լինեն բուրժուական»։ Ի վերջո, «Գառնիկ Իսագուլյանին դարձնենք դեպուտատ» հայտարարության հետեւությունն էր հետաքրքրաշարժ. «Որեւէ փաստի հերքումը նոր փաստի ստեղծումն է»։ Փիլիսոփայական այս անցումից հետո մի քիչ էլ խոսվեց այն մասին, որ մեր այսօրվա «դեպուտատները հարստացած դժբախտ մարդիկ են», իսկ գուցե դժբախտաբա՞ր հարստացած մարդիկ։
Սեփ․ լր․