ՎԱՀԵ՛, ԱՍԱ՛, Ո՞ՐՆ Է ՃԱՄՓԵՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ Պաշտոնական Հունվարի 27-ից փետրվարի 1-ը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, խորհրդական Վահրամ Ներսիսյանցի, իր օգնականի եւ մամուլի քարտուղարի հետ անց կկացնի Շվեյցարիայում։ Ուղեկցող անձանց թվում կլինի նաեւ «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենը։ Այցի նպատակը «Գլոբալացում եւ գլոբալիզացիայի ազդեցության ներքո կառավարում» համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելն է։ Մեր պատվիրակությունն այնտեղ կհանդիպի շվեյցարացի եւ շվեյցարահայ գործարարների հետ, կմասնակցի ՀՀ նախագահի պատվին ՄԱԿ-ի գրասենյակի տնօրենի կազմակերպելիք ընդունելությանը եւ Ժնեւում հայկական կենտրոնի գրադարանի բացմանը։ Նախատեսվում է հանդիպում Շվեյցարիայի հայ համայնքի հետ (մեզ թույլ ենք տալիս եզրակացնել, որ հենց այս պարագայո՛ւմ է կարեւորվում «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի դերն ու առաքելությունը- Լ. Ա.)։ Ֆորումի ընթացքում Շվեյցարիայում կլինեն այլ հայեր եւս։ Մասնավորապես՝ ՀՀ էներգետիկայի առաջին փոխնախարար Կարեն Գալստյանն ու առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության փոխնախարար Մովսես Ձավարյանը։ Վերջիններս կհանդիպեն հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների հետ։ Նախագահի առօրյան էլ թեթեւ չէ՝ հանդիպումներ Լեհաստանի, Շվեյցարիայի համադաշնության նախագահների, Կանադայի եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետերի, Իրանի ԱԳ նախարարի հետ։ Նախատեսված են նախագահի հանդիպումները Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավարի, Միջազգային արժութային հիմնադրամի պատվիրակության ղեկավարի, Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկի եւ Եվրահանձնաժողովի նախագահների հետ։ Չեն բացառվում նաեւ այլ հանդիպումներ։ Այս ողջ ինֆորմացիան լրագրողներիս երեկ հաղորդեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը։ Համարյա պաշտոնական Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչ վերաբերմունք ունի նախագահը վերջին շրջանում կազմակերպված ցույցերի նկատմամբ։ Հաշվի առնելով պատասխանից առաջ պրն Գաբրիելյանի դիմախաղը՝ արտահայտած վերաբերմունքը նաեւ իրենն էր. «Ցույցերի վերաբերյալ բոլոր քաղաքական ուժերն ունեն իրենց կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքներ, բայց, ցավոք, վերջին շրջանում շատ ցույցեր եւ շարժումներ ավելի շատ պայմանավորված են նախընտրական պայքարով եւ, երեւի թե, պետք է այդ համատեքստում նայել վերջին օրերին տեղի ունեցող շատ իրադարձություններ»։ Իսկ նախագահի խորհրդական Արամ Սարգսյանից (կազմակերպած պիկետների պատճառով) նախագահի դժգոհության եւ խորհրդականի հնարավոր պաշտոնանկության մասին հարցերին մամուլի քարտուղարը կիսառեբուսային պատասխան տվեց. «Ասվել է այն, ինչ ասվել է։ Արդեն դա իր մեջ ողջ տեղեկատվությունը պարունակում է։ Պատճառներն էլ ասված է, վերաբերմունքն էլ դրսեւորված է եւ ասվածի չափով էլ վերաբերմունքը դրսեւորված է»։ Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարաձայնությունների մասին լուրերին պրն Գաբրիելյանն այսպես արձագանքեց. «Գիտեք, այդպիսի լուրերը պիտի անընդհատ տարածեն։ Մի բանի մասին պիտի խոսե՞ն, թե՞ չէ։ Չկա՛ այդպիսի բան»։ Ի պաշտոնե, նախագահն ու պաշտպանության նախարարը, իրոք, պահպանում են բարի ավանդույթը՝ մարդաշատ վայրերում հատկապե՛ս հետեւելով բարիդրացիության կանոններին։ Այնպես որ, պրն Գաբրիելյանի խոսքերին չհավատալու հիմքեր պետք է որ չլինեն։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ