Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանամետ կուսակցապետեր

Հունվար 23,1999 00:00
Aram Abrahamyan

«ԱրմենՏելի» հարցով իշխանության «ինքն իր դեմ» պայքարի դիալեկտիկական գործընթացն անցյալ շաբաթ բարեհաջող ավարտ ունեցավ: Երկար պրպտումներից հետո իշխանամետ կուսակցությունների ղեկավարները /մասնավորապես՝ նախագահի խորհրդականները/ կարողացան պարզել, որ «ԱրմենՏելի» գործարքը ընդհանուր առմամբ Հայաստանի համար շահավետ է, իսկ եթե ինչ-որ տեղ, ինչ-որ տեսակետից շահավետ չէ, ապա դրանում մեղավոր են նախորդ իշխանությունները: Այսինքն, «ԱրմեՏելի» սեփականաշնորհման մասին փաստաթուղթը, որը ստորագրել են Տեր-Պետրոսյանը, Պողպատյանը, Քոչարյանը, Դարբինյանը եւ Ավանիսյանը, վատն է այնքանով, որքանով այնտեղ կան առաջին երկուսի ազգանունները եւ փայլուն է այն չափով, որով առկա են վերջին երեքի ստորագրությունները:

«Եվրոուղին» Հայաստանում բացահայտվեցին մեր երկրի եվրոպական զարգացման նոր ջատագովներ: Դրանք ՀՀՇ-ի հերթական «դիսիդենտներն» են՝ ԱԺՄ-ից, ԱԱ-ից, ԱՊ-ից, «Ազատությունից», «Ժողովրդավարական հայրենիքից», «21-րդ դարից» հետո դա այդ կուսակցության մեջ արդեն 7-րդ, թե 8-րդ «վերականգնումի շարժումն» է: Նոր կազմակերպությունը կոչվում է կարճ եւ համեստ՝ «Եվրոուղի»: Եվ դա տրամաբանական է. ՀՀՇ-ն իսկապես մեծ ներդրում ունի Հայաստանը քաղաքակիրթ եվրոպական չափանիշներին մոտեցնելու գործում: Բավական է ասել, որ նրա իշխանության օրոք արգելվեց կուսակցություններից մեկը եւ փակվեցին նրա թերթերը, իսկ զինված ՀՀՇ-ականները /երկրապահները/ վերջին երեք ընտրություններում ապահովեցին իշխանության հաղթանակը:

Էլ չենք խոսում կենցաղի եվրոպական ստանդարտների մասին. երեք ձմեռ շարունակ մենք ազգովի, միանգամայն եվրոպական ձեւով, գիշերները զբոսնում էինք Երեւանի պուրակներով՝ հարմար ծառ կտրելու նպատակով: Ֆրենսիս Գ.Սիբամբան Հայոց դիվանագիտությունն անցած շաբաթ եւս մի կարեւոր հաղթանակ տարավ՝ նախարար Օսկանյանին հավատարմագրերի կրկնօրինակներն է հանձնել Զամբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆրենսիս Գ.Սիբամբան: Ֆրենսիսն ու Վարդանը միանգամայն տրամաբանորեն նշեցին, որ անհրաժեշտ է բազմակողմանիորեն զարգացնել հայ-զամբիական հարաբերությունները: Այդ մտադրությունը խիստ խրախուսելի է՝ հաշվի առնելով հայ-զամբիական դարավոր բարեկամությունը, ավանդույթների եւ մշակույթների մոտիկությունը, ինչպես նաեւ պատմական ճակատագրի ընդհանրությունները:

Օսկանյան-Սիբամբա եւ Քոչարյան-Սիբամբա պատմական հանդիպումները արժանի հակահարված են բոլոր նրանց, ովքեր խոսում են Հայաստանի միջազգային մեկուսացման մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031