Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐԱՎԵՐՋԻ ԲԼԵՖԸ

Հունվար 23,1999 00:00

ԴԱՐԱՎԵՐՋԻ ԲԼԵՖԸ Եթե միջազգային լրատվական ծառայությունները չեն ստում, մեր տարածաշրջանում մոտ ժամանակներս կարող են ձեւավորվել միանգամայն նոր աշխարհաքաղաքական եւ տնտեսական հարաբերություններ։ Բանն այն է, որ Միջազգային նավթային կոնսորցիումը, որի կազմում ընդգրկված էին ամերիկյան, իտալական եւ այլ երկրների նավթային խոշորագույն ընկերություններ, հայտարարել է, թե դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում, որովհետեւ կասպիական ավազանի ադրբեջանական հատվածում ներդրվելիք միջոցները չեն կարող փոխհատուցվել նավթարդյունահանության արդյունքում։ Սա, իհարկե, գույժ է Ադրբեջանի համար, որովհետեւ այսպիսով այդ պետությունը կորցնում է ղարաբաղյան հակամարտությունը տնտեսական բարգավաճման ճանապարհով հօգուտ իրեն լուծելու հաղթաթուղթը։ Անշուշտ, պաշտոնական Բաքուն իր քաղաքական կանխատեսումներում դեպքերի նման ընթացք նախատեսել է, ուստի փորձեց «դարի պայմանագիր» անվանյալի ստորագրումից անմիջապես հետո միջազգային բեմում շահեկան միավորներ հավաքել։ Եվ, կարծես, որոշ ժամանակ դա հաջողվեց։ Վկայությունը լիսաբոնյան հայտնի հայտարարությունն է։ Բայց արդեն, հավանաբար, նոր իրողությունների ձեւավորման ժամանակն է, որովհետեւ Ադրբեջանի հաղթաթղթի ոսկե փայլը, կարծես թե, խամրում է վերջնականապես։ Դրա առաջին նախանշաններից կարելի է համարել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Լեմոնի վերջերս արած այն հայտարարությունը, թե, մամուլի օգտագործած ֆրազներից մեկը մեջբերենք, Հայաստանը կարող է դառնալ «տարածաշրջանի տնտեսական գերտերությունը»։ Պարզվում է մեծարգո դեսպանն արդեն ծանոթ էր իրերի դասավորությանը եւ պարզապես մեր զգոնությունն էր ստուգում։ Բնականորեն, նոր իրավիճակում է հայտնվում նաեւ Ադրբեջանը։ Վերջին օրերի զարգացումներից պետք է առանձնացնել հատկապես մեկը՝ Ադրբեջանի նախագահի խորհրդական Վաֆա Գուլուզադեի այն հայտարարությունը, թե ճիշտ կլինի, որ Թուրքիայում տեղակայված ամերիկյան «Ինջերլիք» ռազմակայանը դիրքավորվի Ապշերոնում։ Ու թեպետ առանց որեւէ հիմքի հայտարարվեց, որ դա Ռուսաստանից Հայաստանին զինամթերքի ու զենքի նոր մատակարարումների դիմաց կատարվելիք քայլ պիտի լինի, սակայն, ըստ էության, դա Ադրբեջանի «ղազագիրն» էր ԱՄՆ-ին, որի հետ տնտեսական ծիրում մեծ շրջանակի կապերից զրկվելով, պաշտոնական Բաքուն ձգտում է քաղաքական, ինչու չէ, նաեւ ռազմաքաղաքական կայանատեղի վերածվել Անդրկովկասում։ Այստեղ խիստ կարեւորվում է ԱՄՆ-ի մոտեցումը։ Անշուշտ, Վաշինգթոնը գրկաբաց չի տրվելու Գուլուզադեի հորդորներին եւ անմիջապես «զորաշարժ» չի կատարելու դեպի Ապշերոն։ Այս պարագայում նույնիսկ այնքան էլ էական դեր չի խաղա Ադրբեջանի՝ միջազգային տնտեսական վերնախավին շարունակաբար «ֆռռացրած» լինելու գործոնը։ ԱՄՆ-ը, դրա համար, գուցե թե, չմտածի էլ պատժել Ադրբեջանին։ Տվյալ դեպքում շատ ավելի կարեւոր է, ինչը Սպիտակ տանը չեն կարող հաշվի չառնել, որ իրենց Ռուսաստանի ավանդական ազդեցության տարածք արվող հրավերը ռազմաքաղաքական բնույթ ունի։ Անզգույշ արձագանքը հրավերին համազոր է առճակատ մարտահրավերի։ Սակայն, դրանով հանդերձ, ԱՄՆ-ի վարքագիծը դեռեւս հնարավոր չէ կանխատեսել։ Կա 2 տարբերակ։ Սպիտակ տունն Անդրկովկասում իր ի՞նչ բնույթի ներկայությամբ է շահագրգիռ՝ տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական։ Առաջին պարագայում միանգամայն հասկանալի է դեսպան Մայքլ Լեմոնի հայտարարությունը, ինչից կարելի է ենթադրել, որ Վաշինգթոնում նախընտրում են այլեւս գործ ունենալ տեխնիկական գիտություններում բավականին հմուտ անդրկովկասյան տարրի՝ հայերի հետ։ Այդպիսով կփաստվի նաեւ, որ ամերիկյան քաղաքական որոշակի շրջանակների քաղաքական աջակցությունն Ադրբեջանին, իսկապես նավթահոտ էր եւ բացառապես լոբբինգի արդյունք։ Հակառակ պարագայում՝ այսինքն, եթե Վաշինգթոնում շարունակեն գերապատվությունը Բաքվին տալ, կարող ենք արձանագրել, որ սեղանին է դրված Անդրկովկասում ԱՄՆ-ի քաղաքական գերակայություն ձեռք բերելու խնդիրը։ Իսկ այս ռազմավարությունը մեզանից եւս, թերեւս, պահանջում է սեփական մարտավարության մշակումն առաջիկա զարգացումների համար։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել