ՅՈՒՐԱՑՈՒՄ՝ 70 ՄԼՆ ԴՈԼԱՐ, ԸՍՏ ԵԳՈՐՅԱՆԻ Պատասխանելով «Առավոտին»՝ «Հայրենիք» պատգամավորական խմբակցության նախագահ Էդվարդ Եգորյանն ասաց. «Հույս ունեմ, որ մեր դիմումը կհարգվի եւ Սահմանադրական դատարանը չեղյալ կհայտարարի «Հեռահաղորդակցության մասին» օրենքը կամ նրա 24-րդ հոդվածը։ Դրանով «ԱրմենՏել» արդեն հունական ընկերությունը կզրկվի մոնոպոլ իրավունքից եւ ապագայում հեռախոսասակագները բարձրացնելու ցանկություն չի դրսեւորի։ Չեմ բացառում, որ ՍԴ-ի վրա հնարավոր են ճնշումներ իշխանությունների կողմից։ Մենք ամեն ինչ կանենք պարզելու ճնշումների հեղինակներին։ Իմ հաշվարկներով, այս գործարքի հետ կապված յուրացվել է շուրջ 70 մլն դոլար։ Ըստ իս, ճնշողները կլինեն այն կասկածյալները, որոնք մասնակցել են այդ գումարի յուրացմանը»։ ԱՆՈՒՆԸ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ Հայաստանի ժողովրդական կուսակցությունում դեռեւս քննարկումներ են ընթանում, թե ինչպես պետք է կոչվի Կարեն Դեմիրճյանի գլխավորած կուսակցության պաշտոնաթերթը։ Շրջանառվում է մի քանի տարբերակ՝ «Վստահիր», «Ժողովրդական Հայաստան» եւ այլն։ ԲՈԼՈՐ ԽՈՑԵՐԸ ՉԷ, ՈՐ ԽՈՑԵԼԻ ԵՆ Հայտնի է, որ Բորիս Ելցինի ստամոքսի հետ կապված ինֆորմացիան խիստ ուսուցողական է։ Ամեն առավոտ նախագահի առողջության մասին հաշվետվություն ներկայացնելիս ռուսական հեռուստաընկերությունները հետաքրքիր փաստեր են ի հայտ բերում։ Երեկ առավոտյան, օրինակ, «ԺՏոՐՏպ ցՑՐՏ» հաղորդումը, Ելցինի խոցի մասին խոսելիս, խորհրդատվության հրավիրված բժշկուհու անունով հայտնեց, թե ստամոքսի խոցը զուտ տղամարդկանց մենաշնորհն է՝ կանանց հորմոնները բացառում են այդ հիվանդությունը։ Հնարավոր նոր ստամոքսային խոցից խուսափելու ամենակարճ ճանապարհը տիկին նախագահ ունենալը չէ՞։