Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԿ ԵՎ ԽԵՂԿԱՏԱԿ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Հունվար 22,1999 00:00
datairavakan

Դատաիրավական բարեփոխումների մասին շատ է խոսվել եւ գրվել։ Իսկ 1999 թ. հունվարի 5-ին ՀՀ նախագահը իր ՆՀ-206 հրամանագրով հաստատեց դատավորների ծառայողական առաջխաղացման եւ պաշտոնեական պիտանիության 1999 թ. ցուցակները։ նույն օրը մեկ այլ հրամանագրով նախագահը նշանակեց քաղաքացիական, քրեական եւ զինվորական, տնտեսական գործերով վերաքննիչ դատարանների, ինչպես նաեւ մարզերի եւ համայնքների առաջին ատյանի դատարանների նախագահներին եւ դատավորներին։

Դատավորների ծառայողական առաջխաղացման եւ պաշտոնեական պիտանիության 1999 թ. ցուցակի (Հայաստանի Հանրապետութիւն» պաշտոնաթերթ, 8 հունվարի 1999 թ.) մի փոքր մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս հետեւյալը։ Ցուցակում ընդգրկված են.

1. Նախկին դատական համակարգի մոտ 100 դատավորից 61 նախկին դատավոր, որից նշանակվել է 60-ը։ Այդ թվում՝ բոլոր վերաքննիչ դատարաններում միասին վերցրած՝ 11 նախկին դատավոր, մնացյալը տարբեր համայնքների եւ մարզերի առաջին ատյանի դատարաններում։

2. Երկու բանկի իրավաբան, որից միայն մեկն է նշանակվել։

3. Ցուցակում ընդգրկված են (սա ամենաուշագրավ հատվածն է) ՀՀ արդարադատության նախարարության 15 աշխատակից (չհաշված երկու պետնոտարների քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի երկու պետի), որոնց թվում՝ ՀՀ արդարադատության նախարարի երկու տեղակալ։ Տասնհինգից նշանակվել են՝ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում՝ երկուսը, քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ երկուսը, տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում՝ մեկը (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Հովհաննես Գերասիմի Մանուկյանը, 1971 թ. ծնված, բնական է, դատարանի նախագահ), Էրեբունի եւ Նուբարաշեն, Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարաններում՝ մեկական դատավոր (Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում ՀՀ արդարադատության նախարարի մյուս տեղակալն է Տիգրան Շահենի Պետրոսյանը, կրկին դատարանի նախագահ), Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերի առաջին ատյանների դատարաններում՝ կրկին մեկական դատավոր։ Տասնհինգից ընդամենը երեքը չեն նշանակվել։

4. Մարզպետարանների, քաղաքապետարանների, թաղապետարանների հինգ իրավաբաններ, որոնցից նշանակվել են երկուսը։

5. Արդարադատության խորհրդի աշխատակազմի երկու աշխատակից, որից նշանակվել է մեկը (վերջինս միաժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից էր)։

6. Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության համակարգի հինգ քննիչ եւ նախարարության հինգ աշխատակից։ Նրանցից նշանակվել է վեցը։

7. ՀՀ դատախազության ինը աշխատակից (քննիչներ, դատախազներ, նրանց տեղակալներ), որից նշանակվել է յոթը։

8. ԱԺ-ի երեք աշխատակից՝ բոլորն էլ նշանակվել են։

9. Տասնհինգ փաստաբան։ Նրանցից նշանակվել է ինը։

10. Վճռաբեկ, Գերագույն դատարանի ութ աշխատակից, որոնք բոլորն էլ նշանակվել են. երկուսը՝ քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանում, մեկը՝ քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում, երկուսը՝ տնտեսական գործերով Վերաքննիչ դատարանում, մեկական դատավորներ՝ Ավան եւ Նոր Նորք համայնքների, Գեղարքունիքի մարզի, Արարատի մարզի առաջին ատյանի դատարաններում։

11. Հարկային տեսչության երկու աշխատակից, որից ոչ մեկը չի նշանակվել։

12. Գիտությունների ազգային ակադեմիայի, համալսարանի երկու գիտաշխատող, դասախոս, որոնք երկուսն էլ նշանակվել են, ընդ որում՝ «Գալիք» համալսարանի դասախոս Աստղիկ Ֆրունզեի Խառատյանը, օրինակ, նշանակվել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում։

13. Գործարանի մեկ իրավաբան, մեկ տնօրեն, որից մեկն է (տնօրենը) նշանակվել։

14. Սահմանադրական դատարանի, Սահմանադրական իրավունքի կենտրոնի 3 իրավաբան, որից երկուսն է նշանակվել։

15. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման երկու պետ, որից մեկն է նշանակվել։

16. Պաշտպանության նախարարության, զինվորական ոստիկանության, զինվորական դատախազության երեք աշխատակից, որոնք բոլորն էլ նշանակվել են։

17. ՀՀ պետական արբիտրաժի երեք նախկին դատավոր, որոնք եւս նշանակվել են։

18. Երկու պետական նոտար, երկուսն էլ նշանակվել են։

19. Կառավարության մեկ իրավաբան, որը չի նշանակվել։

20. ՀՀ ֆինանսների նախարարության մեկ աշխատակից (նախարարի տեղակալը), որը, ի զարմանս բոլորի՝ չի նշանակվել։

Եվ այսպիսով, կատարված վերլուծությունից կարելի է եզրակացնել, թե դատական իշխանության կառավարող էլիտան որտեղ է հավաքվում՝ ՀՀ արդարադատության նախարարությունում, ապա Գերագույն (այժմ՝ Վճռաբեկ) դատարանում, ՆԳ եւ ԱԱ նախարարությունում եւ այլն։ Եվ այդ մասին զարմանալիորեն տեղյակ չեն մյուս իրավաբանները։ Կարելի է եզրակացնել, որ այդ օղակներում աշխատակիցները հատկապես դատական պրակտիկայի համար անհրաժեշտ մասնագիտական հմտություններ են ստանում։ Դե ինչ, դատավոր դառնալու ձգտում փափագող հարգարժան իրավաբաններ, շտապեք, քանզի ՀՀ արդարադատության նախարարությունում տասներեք տեղ է ազատված (ընդ որում, երկուսը նախարարի տեղակալի, այսինքն՝ վերաքննիչ կամ որեւէ առաջին ատյանի դատարանի պոտենցիալ նախագահի), Գերագույն դատարանը այլեւս գոյություն չունի, հետեւապես դիմեք Վճռաբեկ դատարան։

Պատկերացրեք, որ այնքան էլ վատ չեն Սահմանադրական դատարանը կամ Սահմանադրական իրավունքի կենտրոնը (գոնե երեքից երկուսը նշանակվում են)։ Շատ խոստումնալից է նաեւ ԱԺ-ն (երեքից երեքը)։ Փաստաբան չարժե, որովհետեւ փաստաբանները թեկուզեւ դատավորներին գրեթե հավասար դատական պրակտիկա ունեն, այնուհանդերձ, 61-ից 60-ի փոխարեն 15-ից միայն 9-ն է նշանակվում, զիջելով նույնիսկ ՀՀ արդարադատության նախարարությանը։ Դե, բնականաբար, փաստաբանական ծառայությունը այնպես «կայացած» չէ, ինչպես ՀՀ արդարադատության նախարարությունը։ Կարելի է առաջ քաշել երեք վարկած.

1. Նշյալ օղակների (Արդարադատության նախարարություն, Գերագույն, Վճռաբեկ դատարաններ եւ այլն) աշխատակիցները արհեստավարժ են դատական պրակտիկայի առումով։

2. Պատահական են ներգրավվել ցուցակում եւ նշանակվել (օրինակ՝ ըստ փակ աչքերի եւ մատի մեթոդի, ինչպիսի՜ կրկնակի զուգադիպություն)։

3. Կողմնակալ հովանավորություն են վայելել (ի դեպ, հիշեցի, որ Արդարադատության նախարարը Արդարադատության խորհրդի փոխնախագահն է, Վճռաբեկ դատարանի նախագահը՝ անդամ)։ Բոլոր դեպքերում երրորդ վարկածն ավելի տրամաբանական է թվում եւ այդ տրամաբանությամբ կարելի է վերլուծել ողջ սցենարը։

«Դատական իշխանության կազմավորում» քաղաքական խաղի սցենարը

Ինչպես եւ ցանկացած քաղաքական խաղ, այս խաղն էլ իր սցենարն ունի եւ խաղի հիպոթետիկ փուլերն են.

Փուլ 1 – Մինչեւ 1998 թ. դեկտեմբերի 5-ի թեստային քննությունը Արդարադատության խորհրդի որոշ անդամներ, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը, ապահովագրեցին.

1. Պարտադիր չէ բարձր գնահատական ստացածների անցումը երկրորդ փուլով, քանի որ թեստերի հրապարակումն ու տարածումը հնարավորություն կտա գերազանց հիշողության հաշվին անգիր անել եւ բարձր միավորներ ստանալ։

2. Միայն ու միայն սեփական աշխատանքի բողոքարկման հնարավորություն։ Թվում է, թե տրամաբանական է, սակայն հարց է առաջանում. «օբյեկտիվ» եւ «արդար» քննության կազմակերպիչները այդ ինչի՞ց են անհանգստացած եւ սահմանափակում են քննությունների արդյունքներին տեղեկանալու հրապարակայնությունը եւ թափանցիկությունը։

Փուլ 2 – 1998 թ. դեկտեմբերի 5. Քննությունների ավարտից հետո արդարադատության նախարարը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարում է 99 եւ 100 միավոր հավաքած թեկնածուների թիվը. այն է՝ 39։

Նույն եւ հաջորդած բոլոր օրերին երբեւիցե ամբողջական ցուցակներ չփակցվեցին (յուրաքանչյուրը միայն իր գնահատականի տերն է եւ ինքը պետք է միայնակ «հոգ տանի» դրա մասին)։

Փուլ 3 – Թեստային քննությունից մի քանի օր անց։ Պարզվում է, որ համակարգիչը «աննշան» (այն է՝ 50 տոկոս) սխալվել է եւ 99-100 միավոր ստացած դիմորդների թիվը «արժեզրկվեց», դառնալով 80 (40-100 միավոր, 40-99 միավոր)։

Փուլ 4 – Բանավոր քննություն կամ երկրորդ փուլ։ Նախապես գնահատման չափանիշներ են ընտրված՝

1. բարոյական կերպարը,

2. աշխատանքային փորձը,

3. իրավական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունը,

4. նույնիսկ խոսելակերպը,

5. արտաքինը եւ, ըստ երեւույթին, «ցանկալի» թեկնածուների մոտ ստուգել են չորրորդ, հինգերորդ, ծայրահեղ դեպքում՝ առաջին, երկրորդ կետերը, «ոչ ցանկալի» թեկնածուների մոտ՝ հիմնականում երրորդը (ի դեպ, առաջին կետի ընկալումները ժողովրդի եւ Արդարադատության խորհրդի մոտ, ամենայն հավանականությամբ, տարբեր են)։

Այս կերպ, յուրօրինակ մաղի միջով անց են կացվում 94 եւ ավելի միավոր ստացած 250 թեկնածու… Արդյունքում անհասկանալի ցուցակ, անբողոքարկելի երկրորդ փուլի արդյունքներ, Արդարադատության խորհրդի իդեալական կոնսենսուս (օրինակ՝ ԱԽ-ի մյուս անդամների եւ Հենրիկ Դանիելյանի միջեւ տարաձայնություններ 2-3 հոգու հարցում։ Ինչպիսի՜ միատեսակ մտածողություն)։

Փուլ 5 – Ռեակցիայի եւ մեղմացման փուլ։ Սցենարին սկզբից եւեթ դեմ էին վաստակաշատ բազում իրավաբաններ, այդ թվում, օրինակ՝ մեծահամբավ իրավաբան Վ. Նազարյանը։ Արդարադատության երիտասարդ նախարարի կողմից քննության ընդունումը բնականոն մանկություն եւ պատանեկություն տեսած Վ. Նազարյանն անվանում է կամայականություն, ինչը պրն Նազարյանը դեռ մանկապարտեզից չի սիրել («Իրավաբանական թերթ», «Ինչպե՞ս չէր վարվի ցարական նախարարը, կամ՝ Վ. Նազարյանի ութ պատասխանները», Արմեն Ուդումյանի հարցազրույցը)։ Իրավաբանական աշխարհի եւ հասարակության զայրույթ-ընդդիմությունը մեղմելու համար Հ. Դանիելյանը խոստովանում է. «Մենք կորցրինք շատ փորձառու դատավորների» (տես նույն տեղում, Հ. Դանիելյան. «Մենք կորցրինք շատ փորձառու դատավորների. յոթ հարց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին»)։ Սա ընդամենը իրականացված սցենար – 1 -ն է։

Կարծես թե ուրվագծվում է նաեւ Սցենար՝ 2-ը։ Այն կարծես թե հուշում է ՀՀ արդարադատության նախարարի հետեւյալ փորձը. «…Ըստ իս, առաջին հերթին պետք է վերանայվի եւ փոփոխվի Արդարադատության խորհրդի կազմը։ Դրանում չպետք է լինեն ո՛չ արդարադատության նախարարը, ո՛չ գլխավոր դատախազը, ո՛չ էլ դատախազներ։ Այն պետք է բաղկացած լինի միայն դատավորներից» (ընդգծումն իմն է – Ս.Ս.)։ Կարծես թե պարզ է նաեւ ապագայի զարգացումների միտումը։ Հավանաբար, արդարադատության նախարարը «զոհաբերելով» իրեն, կփորձի ԱԽ-ի կազմում առաջադրել հիմնականում Արդարադատության նախարարությունից տարբեր ատյաններում նշանակված դատավորներին։ Հետ չի մնա նաեւ Վճռաբեկ դատարանը, իսկ արդյունքում դատական իշխանությունը կդառնա մի խումբ մարդկանց գրպանի իշխանությունը։

Երբ առնետները փախչում են, աղետի նշան է

Բնական աղետների հազարավոր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ աղետից առաջ կենդանական աշխարհում խուճապ է սկսվում։ Ամենեւին էլ միտվածություն չունենալով նմանեցնել կենդանիներին, այդուհանդերձ, տարօրինակ է թվում արդարադատության նախարարի երկու տեղակալների փախուստը, ֆինանսների նախարարի տեղակալի փախուստի անհաջող փորձը, ԱԽ-ից արդարադատության նախարարի փախուստի մտայնությունը։ Ակամայից խղճահարություն է առաջանում արդարադատության խորհրդի, Արդարադատության նախարարության նկատմամբ։ «Այդ ի՞նչ աղետի սպառնալիք է կախված ՀՀ Արդարադատության նախարարության, ընդհանրապես արդարադատության եւ ԱԽ-ի վրա»։ Իսկ միգուցե կա՞։ Եվ ճշգրիտ ոչ մենք գիտենք, ոչ էլ արդարադատության երիտասարդ նախարարը, ոչ էլ ԱԽ-ի անդամները, այլ պարզապես կանխազգում ենք։

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031