Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետական» գրիպը՝ նաեւ Արմավիրում

Հունվար 22,1999 00:00
grip

Դեռեւս Ամանորի նախաշեմին եւ հատկապես հետո, բնակչության շրջանում տարածում գտած գրիպի դեպքերը իրենց զգացնել տվեցին։ Այսօր արդեն այնքան շատ է գրիպով հիվանդների թիվը, որ չգիտես ինչ անուն տաս՝ համաճարա՞կ, թե՞ պարզապես բռնկում։

Հանրապետության առողջապահական մարմինները գրիպի տարածումը չեն համարում համաճարակ, այլ, իրենց խոսքերով, ուղղակի դիտվում է հիվանդության կտրուկ աճ։ Ինչեւիցե, գրիպը մասսայական բնույթ է ստացել։ Թեեւ ազգաբնակչության մոտ գրիպից բացի նկատվում են նաեւ շնչառական օրգանների սուր վիրուսային հիվանդությունների դեպքեր։ Հարց է առաջանում. ի՞նչ են անում վերոհիշյալ հիվանդությունների կասեցման համար մարզի հակահամաճարակային ծառայությունները։

Մամուլում տեղ գտած արձագանքներից հայտնի է, որ հանրապետությունում արդեն ձեռնարկվել են բազմաթիվ միջոցառումներ այդ ուղղությամբ։ Իսկ հունվարի 14-ին Ազգային ռադիոյով հեռարձակված առողջապահության նախարար Հ. Նիկողոսյանի տվյալները հավաստում են, որ գրիպով հիվանդների թիվը հասնում է 6600-ի։ Հիվանդության կանխարգելման նպատակով ՀՀ կառավարության կողմից եւ առողջապահության նախարարության որոշմամբ, հանձնարարվել է հանրապետական բուժսպասարկման ծառայություններին հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 1-ը անվճար դեղորայքով ապահովել հիվանդներին։

Բավական ուշ ընդունված այս որոշումը կարեւորության առումով քիչ է տեղին, քանզի հասարակության մեջ առկա խուճապը միայն հիմք դարձավ կազմակերպված մի շարք միջոցառումների համար։ Քաղաքացին հիվանդ է արդեն երկու շաբաթ, տասը օր, նրան ժամանակին ցույց չի տրվում անհրաժեշտ բուժօգնություն։ Այստեղ արդեն կարեւորը, էականը բազմաթիվ փաստաթղթերի կույտը եւ հիվանդների ստույգ քանակը չեն, որ պիտի զբաղեցնեն հակահամաճարակային բուժաշխատողների ուշադրությունը, այլ՝ պահի լրջությունը գիտակցելը։ Չէ՞ որ ժամանակն է հասկանալ եւ լրջորեն մոտենալ խնդրին, որպեսզի համաճարակ չհամարվող այս հիվանդությունը բնակչության մոտ առաջացած խուճապի պատճառով չվերածվի հոգեբանական համաճարակի, եւ չդառնա «երկրորդ Զարթոնք»։ Իսկ թե Արմավիրի մարզում ինչպես են ընթանում գրիպի դեմ պայքարի միջոցառումները, ճշտեցինք հակահամաճարակային մարզային կենտրոնում։

Ըստ կենտրոնի տնօրեն Շահեն Եղոյանի, Արմավիրի տարածքում գրիպով եւ շնչառական օրգանների սուր վիրուսային հիվանդությամբ քաղաքացիների թիվը հասնում է 1635-ի, Բաղրամյանի տարածաշրջանում՝ 625-ի, Մեծամոր ավանում՝ 121-ի։ Իսկ Էջմիածին քաղաքի տվյալները դեռեւս պարզ չէին (հունվարի 15-ի դրությամբ)։ Զրույցի ընթացքում մասնագետները նշեցին այն կարեւոր փաստը, որ գրիպով հիվանդանում են մասնավորապես 0-14 տարեկան եւ 60-ից բարձր քաղաքացիները, այսինքն՝ երեխաները եւ մեծահասակները, ինչը պայմանավորված է նրանց օրգանիզմի դիմադրողականության աստիճանով։ Ըստ մեզ հասած տվյալների, այսօր կատարվում են, այսպես կոչված, բակային համայցեր, հիվանդները սպասարկվում են տեղերում, թեեւ մասնագետի խոսքով, եթե գրիպը բարդացած վիճակում է եւ կարող է վերածվել թոքաբորբի, ապա պետք է կատարվի հոսպիտալացում։ Այս պարագայում արդեն անհրաժեշտ են ոչ միայն հակագրիպային, այլեւ հակաբորբոքային դեղամիջոցներ։ Հակահամաճարակային ծառայության աշխատակիցները տեղեկացրին նաեւ, որ, թեեւ մասնագետների առումով հիվանդների սպասարկումը բավարար է, սակայն գրիպի՝ որպես ինֆեկցիոն հիվանդության դեմ չկան հատուկ դեղամիջոցներ։

Մարզում տեղական լրատվամիջոցներով մինչեւ հունվարի 15-ը չեն եղել գրիպի հետ կապված դեպքերի լուսաբանումներ, որը հակահամաճարակային ծառայությունների բացթողումն ու թերացումն է, ինչը հիմք է տալիս անհիմն լուրերի, ասեկոսեների։ Քանզի պարտադիր չէ սպասել կառավարության կամ նախարարության կողմից ընդունված որոշումներին, պարզապես անհրաժեշտ է չորրորդ իշխանության լծակն օգտագործել բնակչությանը զգոն եւ սթափ պահելու համար։

ՄԱՐԻՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031