«Առավոտ» թերթի 15.01.99 թ. համարում կարդացի «Երբ բժիշկն արժանի չէ իր կոչմանը» հոդվածը՝ թիվ 1 մանկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի մասին, իմ մեջ ցանկություն առաջացավ գրել ձեզ նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժնում կատարվող իրադարձությունների մասին։
1998 թ. նոյեմբերի 28-ին նորածին թոռնիկիս (40 օրական) տեղափոխեցինք նշված հիվանդանոցի վերակենդանացման բաժին (բաժնի վարիչ՝ Հրանտ Զավենիչ)՝ աղիքների անանցանելիության ուղեգրով։ 10 օր զննելուց հետո երեխային վիրահատեցին։ Վիրահատությունը կատարվեց Արա Բաբլոյանի ղեկավարությամբ։
Արդյունքը եղավ այն, որ հիվանդանոց ընդունելուց քառասուն օր հետո երեխային մահացած հանձնեցին մեզ։ Ո՞րն է իմ բողոքի պատճառը։
1. Մեզ անհայտ մնաց երեխայի մահվան պատճառը՝ ե՛ւ վիրաբույժները, ե՛ւ բաժնի վարիչը իրարամերժ պատասխաններ էին տալիս եւ շատ կոպիտ վերաբերվում մեզ հետ, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես 40 օրական երեխային հանձնել էինք մանկական գաղութ։
Կարդացեք նաև
2. Ամեն օր բաժնի վարիչը մեզ պահանջ էր ներկայացնում դեղորայքի եւ սարքավորումների։ Սկզբում նա մեզ ասաց, որ օրական ծախսերը կազմում են 60-70 դոլար, որովհետեւ, նրա ասելով, պետությունը իրենց չի ապահովում, եւ մենք ստիպված կատարում էինք նրա պահանջը։
3. Ամենասարսափելին այն է, որ դեկտեմբեր ամսին ականատես եղանք միայն նորածինների դիակների դուրս գրմանը (թոռնիկս մահացած 5, թե 6-րդ նորածինն էր)։
4. Հիվանդանոցի գլխավոր բժիշկը
40 օրվա ընթացքում ոտք չդրեց նշված բաժանմունք։ 40 օրվա ընթացքում շատ բացասական երեւույթների ականատես եղանք, որոնք կարելի է թվարկել, բայց ես բավարարվում եմ վերը նշվածով եւ խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել նշված հիվանդանոցի, ավելի ճիշտ՝ մանկական գաղութ- սպանդանոցի վրա, որպեսզի այսուհետեւ ուրիշները մեզ նման ահավոր վշտի տեր չդառնան։
Կից ներկայացնում եմ բաժնի վարիչի ստորագրությամբ մեզնից պահանջած դեղորայքները եւ սարքավորումները՝ երեխայի մահվանից 4-5 օր առաջ։
ՀԵՆՐԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ