Գաղտնիք չէ, որ Ղարաբաղի խնդրի լուծումը, որոշվում է ոչ միայն աշխարհի այսօրվա հզորների՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այլեւ միջազգային տարբեր կազմակերպությունների ակտիվ միջնորդությամբ։
Սակայն առավել պարզ է, որ այդպիսի մթնոլորտում որոշիչ է դառնում մեր պետականության կայացման խնդիրը։ Իսկ այն առաջին հերթին կախված է ժողովրդավարության զարգացման, դրանից պետականության մնացած ատրիբուտների ձեւավորման, եւ, բնական է, հզոր տնտեսության ստեղծման հետ։ Սա զուտ բարի ցանկություն չէ կամ պարապ կարգախոս։ Այս մասին որպես վարչապետ իր պաշտոնավարության առաջին իսկ ելույթում նշեց Ռոբերտ Քոչարյանը. «Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել միայն տնտեսապես հզոր Հայաստանի առկայությամբ»։
1994 թ.՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստանին նման հնարավորություն տրված էր, եւ շուրջ մեկ տարի վերեւներում պայքար էր գնում, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանան Հայաստանի տնտեսությունն ու քաղաքական կողմնորոշումը։
Կար երկու ճանապարհ։ Առաջին՝ ժողովրդավարության զարգացման քաղաքակիրթ ուղղությունը, որն ապահովում է տնտեսապես հզոր պետության, ինչպես նաեւ բարձր վարկ ունեցող պետության համար։ Երկրորդ՝ «խանական» (ավելի հարմար բառ չեմ գտնում), ամբողջ իշխանությունը սեփականացնելու, մաֆիոզ կառույցների, ստվերային տնտեսության ստեղծման, անձնական նվիրվածության ու անարխիայի ճանապարհ, որը հնարավորություն կտար ժողովրդին իջեցնելու «կառավարելի հոտի» մակարդակին։ Սա նշանակում էր նաեւ ժողովրդին հեռու պահել իշխանությունից, նրան միշտ օգտագործել միայն ընտրությունների ժամանակ՝ որպես միջոց իշխանությունը պահելու համար։ Սա նշանակում էր նաեւ հանրապետությունից բնակչության արտահոսքի նոր սկիզբ, «ուղեղների» արտահոսք, որը ոչնչով չես լրացնի։
Կարդացեք նաև
1995 թ. Լ. Տեր-Պետրոսյանի վարչախումբը, ցավոք, ընտրեց 2-րդ ճանապարհը։ Մեկ տարի տեւող «կողմնորոշման գործընթացում» ամենապատասխանատու եւ ամենակարեւոր բնագավառները սկսեցին ղեկավարել իշխանավորների հարազատներն ու բարեկամները, մանկության ընկերները, անկախ կրթությունից, բարոյականությունից ու իմացությունից։ Մեր կողմից ամեն ինչ արվեց վարչախմբին հետ պահելու նման ճանապարհից, որը Հայաստանին տասնյակ տարիներ հետ էր մղելու։ Սակայն նրանց ընտրությունը կատարվել էր, եւ մենք դարձանք ընդդիմադիր։ Խնդիրն այստեղ նրանում է, որ այդ տարիներին մենք որոշակի դիրքեր ունեինք։ Հիմա չեմ ուզում ասել, որ մենք կարող էինք հանգիստ վայելել այն, ինչը տրված էր մեզ։ Սակայն մենք գնացինք այն ծանր ճանապարհով, որը կոչվում է ընդդիմության ճանապարհ։ Եթե այդ ճանապարհը քաղաքակիրթ պետություններում հարգանքի է արժանի, Հայաստանում այն հետապնդվում է ու պատժվում։ Պատժվում է, որովհետեւ վտանգում է անկարող ոչ լեգիտիմ իշխանության «կերամանը»։
«Փորձած թանը անփորձ մածնից լավն է» առածը այս անգամ լավ ծառայություն չմատուցեց, սկսվեց տեղապտույտը, լճացումը, որի վերջնական արդյունքում՝ 1998 թ. վարչախումբը հեռացավ, իրենից հետո թողնելով տխուր հետեւանքներ։ «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսը մտավ գործողության մեջ։ 1998 թ. սկզբին մեր ժողովրդին երկրորդ անգամ հնարավորություն տրվեց զարգացման քաղաքակիրթ ընտրություն կատարելու։ Այստեղ կուզենայի մի կարեւոր հանգամանք նշել։ Նրանք, ովքեր կազմակերպում էին նախագահական արտահերթ ընտրությունները. նկատի ունեմ Ռ. Քոչարյանին եւ Վ. Սարգսյանին, կարող էին հայ ժողովրդի պատմության մեջ մնալ որպես ժողովրդավարության հայրեր, եթե կանգնեին ընտրությունների արդար անցկացման դիրքերում։ Ցավոք, դա տեղի չունեցավ։ Տեղի ունեցավ մեկ այլ տխուր բան. ով հնարավորություն ուներ արժանանալ իմ վերոհիշյալ գնահատականին, հենց ինքը՝ խախտելով Սահմանադրությունը, գրանցվեց որպես նախագահի թեկնածու։ Մնացածը տեխնիկայի խնդիր էր։
1998 թ. փետրվարին ԱԺ «Հայրենիք» պատգամավորական խումբը հանդիպեց այն ժամանակ ՀՀ վարչապետ եւ նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյանի հետ եւ մտահոգություն հայտնեց նախագահական ընտրությունների կարգի եւ սպասվելիք Ռ. Քոչարյանի թեկնածության վերաբերյալ։ Մասնավորապես բերվեցին հետեւյալ փաստարկները.
ա) Եթե գրանցվում է Ռ. Քոչարյանը, ապա ոտնահարվում է Սահմանադրությունը, որի պահպանման երաշխավորը ՀՀ նախագահն է։ Ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահ կարող է դառնալ վերջին 10 տարին ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացին, իսկ Ռ. Քոչարյանի պարագայում դա այդպես չէր,
բ) անցումային սոցիալ-տնտեսական քաղաքական բարդ ժամանակահատվածում դեռեւս չլուծված ղարաբաղյան հարցը Հայաստանում ղարաբաղցի նախագահի դեպքում, վտանգավոր զարգացում կունենար։
Նախագահ դառնալու իմաստով իրականացան Ռ. Քոչարյանի եւ նրա մտերիմների ցանկությունները։ Ցավոք, իրականացան նաեւ մեր կանխատեսումները. Հայաստանի զարգացման ուղին չփոխվեց։ Երկիրը կրկին մնաց որպես անարխիայի դաշտ, ուր ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները, մի դաշտ, ուր ամեն ինչ որոշվում է ոչ թե Սահմանադրությամբ եւ օրենքներով, այլ իշխանավորների, առանձին կլանների ցանկությամբ ու կամքով։ Շարունակվեց նախկին վարչախմբի տխուր հետեւանքներով գործունեությունը։ Ճշմարտությունը մեկ անգամ ոտնահարողի համար, այդ անելը սովորույթ է դառնում։ Սկսվեց հարազատների ու մտերիմների միջեւ շահութաբեր ոլորտների ու ձեռնարկությունների բաժանման կիսատ գործընթացը՝ ավելին, փաստացի արժեքի 10%-ի չափով օտարվեցին Կոնյակի գործարանը, «Արմենիա» հյուրանոցը, «ԱրմենՏելը»։ Նախապատրաստվում է «Հայկական ավիաուղիների» վաճառքը։ Մասնավորապես «ԱրմենՏելի» խնդրում նշեմ, որ Տեր-Պետրոսյանի սկսած գործարքը վերջնական ավարտի հասցրեց Ռ. Քոչարյանը։
Հեղափոխությունների ժամանակ առաջին հերթին գրավվում են կապը, բանկերը, օդանավակայանը, երկաթուղին ու տրանսպորտային այլ հանգույցները։ Հիմա ի՞նչ նպատակով են սեփականաշնորհվում եւ վաճառվում վերոհիշյալ օբյեկտները՝ մշուշոտ հարց է։
Ամենավտանգավորը, որ տեղի է ունենում, դա Հայաստան-Ղարաբաղ հակասության ուրվագծումն է, որին իր գործելակերպով նպաստում է Ռ. Քոչարյանը։ Սա արդեն կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ եւ պատճառ դառնալ մեր պետականության աստիճանական թուլացման եւ հետագայում՝ կորստյան։
Այսօր շարքային ղարաբաղցու համար պարզ է, որ Հայաստանը ղարաբաղցի արտոնյալների համար դարձել է ապահովության, հարստանալու մի դրախտավայր, իսկ հասարակ ժողովուրդը պատերազմի վնասները վերականգնելու եւ գոյատեւելու խնդրում մնացել է միայնակ։ Վերջերս իրեն հատուկ անաչառությամբ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ ղարաբաղցիների 70%-ը Հայաստանում բնակարան ունի։ Սա նշանակում է, որ ղարաբաղցիների մեծ մասը պոտենցիալ ղարաբաղցի չէ, նրա հողը շենացնող չէ, իսկ ում բարի կամքով է այն կատարվում՝ կարծում եմ՝ պարզ է։ Պատմությունից հայտնի է, որ առանց ժողովրդի տարածքը պահել հնարավոր չէ։
Այսօր հանրապետությունում ծագումով ղարաբաղցիների թիվն իսկապես աճել է, մասնավորապես՝ բարձր դիրքերում եւ շահութաբեր ոլորտներում։ Սեփական անձի ապահովությանը ձգտող, սեփական ժողովրդին ծանր հոգսերի մեջ թողած մարդուց ամեն րոպե կարելի է սպասել ամենասարսափելին։ Եթե ի նկատի ունենաք, որ Հայաստանում եւս կան մարդիկ, որոնք կցանկանան խորացնել Հայաստան-Ղարաբաղ հակասությունը, ապա պարզ կդառնա, թե ինչպիսի մեծ խնդիրներ ունի լուծելու Ռ. Քոչարյանը՝ որպես ՀՀ նախագահ։ Իսկ գուցե նաեւ նրա բարի կամքով ՆԳ եւ ԱԱ նախարար Ս. Սարգսյանը շարունակում է հանրապետությունում ձեւավորել 1937 թ. մթնոլորտը, իսկ նրա ենթակա կառույցները շարունակում են իրենց պախարակելի գործունեությունը տնտեսվարող սուբյեկտների, ձեռներեցների նկատմամբ։ Սկսած 1995 թ., Ս. Սարգսյանը հանդիսանում է նաեւ ձեւավորվող ղարաբաղյան կլանի կնքահայրը։ Առաջիկայում հնարավորություն կունենանք նրա մասնակցությամբ մի քանի հաջողված գործարքներ ներկայացնել հանրությանը։
Այսպես թե այնպես, մենք ունենալու ենք նոր հնարավորություն մեր երկիրը տանելու այն ճանապարհով, որը կոչվում է ժողովրդավարություն, որը պետք է խթանի Հայաստանի տնտեսության հզորացումը։ Կրկին չսխալվելու, կրկին առաջընթացի անիվը հետ չպտտելու համար, այսօր ամենամեծ պատասխանատվությունը կրում է ՀՀ նախագահը՝ ճիշտ ընտրություն կատարելու համար։ Իմ կարծիքով, նախապայմանները հետեւյալն են.
ա) աջակցել ԱԺ-ում ընդունելու ընտրական օրենսգրքի միասնական տարբերակ, մասնավորապես՝ հանձնաժողովների ձեւավորման մասով, որն էլ հնարավորություն կտա ապահովել արդար ընտրություններ, առանց ուժային կառույցների մասնակցության,
բ) Ղարաբաղի հզորացման համար 1995-98թթ. ընթացքում ղարաբաղյան ծագումով բարձր պաշտոնների նշանակված անձանց տեղափոխել Ղարաբաղ՝ հիմնական բնակության եւ աշխատանքի,
գ) ՆԳ եւ ԱԱ նախարարության ու նրան ենթակա կառույցների, մաֆիոզ կլանների հետագա սերտաճումը կանխելու համար, ՆԳ եւ ԱԱ նախարար Ս. Սարգսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից եւ ենթարկել պատասխանատվության ՀՀ օրենքով սահմանված կարգով,
դ) իրականացնել կառուցվածքային փոփոխություններ ՆԳ եւ ԱԱ նախարարությունում,
ե) ապահովել տնտեսավարող սուբյեկտների ազատ գործունեության համար հավասար պայմաններ։
Այդ դեպքում, դարավերջի քաղաքական իրադրությունը մեզ ոչ միայն հնարավորություն է տալիս այլեւս չկորցնել պետականությունը, այլ դարձնել այն ավելի հզոր ու ավելի իրական։
Պ. ՄԱԿԵՅԱՆ
ԱԺ պատգամավոր
Խմբագրությունը չի կիսում պատգամավորի արտահայտած մի շարք մտքեր, մասնավորապես, պրն Մակեյանի ակնարկն այն մասին, որ ղարաբաղյան ծագումը ինքնին քրեածին երեւույթ է։ Կարգին մարդիկ եւ տականքներ կան թե՛ ղարաբաղցիների, թե՛ սիսիանցիների, եւ թե՛ նույնիսկ գյումրեցիների մեջ։