Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ

Հունվար 22,1999 00:00
agasi arshakyan

Հարգելի պարոն Աբրահամյան. 

Ձեր թերթի ս/թ հունվարի 20-ի համարում 4 առանձին հրապարակումներում շոշափվում է իմ անձը, եւ բերվել են մեջբերումներ տարբեր առիթներով եւ ժամկետներում լրագրողների հետ իմ հանդիպումներից: Այդ կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում կատարել հետեւյալ պարզաբանումներն ու լրացումները.

1. «Մութ եւ վիրավորանքներով լի պատմություն» Աննա Իսրայելյանի հրապարակման վերաբերյալ.- իշխանական ամենատարբեր գործիչների մոտ պրակտիկա է դարձել կոնկրետ հարցադրումներին եւ մեղադրանքներին պատասխանելու /հերքելու, հաստատելու, պաշտպանվելու կամ հակառակն ապացուցելու/ փոխարեն տալ բուն հարցից շեղվող, հաճախ էլ քաղաքական որակումներ կամ անձնական վիրավորանք պարունակող պատասխաններ: Տվյալ դեպքում ճիշտ նույն կերպ է վարվել ոչ անհայտ Բագրատ Ասատրյանը: Չիջնելով նրա մակարդակին՝ նրա հետ չի կարելի չհամաձայնվել մեկ հարցում՝ «Եթե այս երկրում իշխանություն կա …», նրա եւ նրա նմանների համար հայկական բանտերը վաղուց պետք է լաց լինեին:

2. Հայկական ավիացիան միտումնավոր քանդելու վերաբերյալ «Մեզ միայն աղմկարար անվանեցին» քաղվածքի մասին նշեմ, որ այդ որակումը մեզ տվել է նախագահ Ռ. Քոչարյանը մտավորականության հետ հայտնի հանդիպման ժամանակ:

3. «Լավ լուր» խորագրի տակ նշվում է, որ Վահան Հովհաննիսյանն ասել է. «… որեւէ դաշնակցական չի կարող կողմ լինել Հայաստանի՝ որեւէ պետության մաս կազմելուն»: Վ. Հովհաննիսյանի հետ 1998թ. փետրվարի վերջին՝ նրա ազատ արձակվելուց մի քանի օր անց, ավելի քան 3 ժամ տեւած մեր «աչքալուսանքի» հանդիպման ժամանակ խոսք անգամ չի եղել Հայաստանն այլ պետության մաս կազմելու մասին, այլ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նոր միության կազմավորման, միասնական մաքսային տարածքի, տնտեսական ինտեգրացման եւ միասնական դրամական միավոր ունենալու մասին: Բերվել են օրինակներ, որ ինչո՞ւ Ֆրանսիայի նման գերհզոր պետությունը 99-ի հունվարից կարող է հրաժարվել իր կայուն եւ ուժեղ ֆրանկից /ուրիշ 10 երկրներ նույնպես/ հանուն նոր տնտեսական միության, իսկ Հայաստանը՝ չի կարող, երբ մեր դրամը հայկական շուկայում պտտվող կանխիկ փողի ողջ շրջանառության մեջ 10 տոկոսն իսկ չի կազմում, որ հենց այս նպատակով է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների ավելի քան մեկ միլիոն ստորագրությունները:

Ահա մեր այս գնահատականներն է, որ չի մերժել, այլ դրանց հետ համաձայնվել է հարգարժան ընկեր Վահանը: Ու երբ նա, ՀՀ նախագահի նորաթուխ խորհրդականի կարգավիճակով, հանդիպում էր սույն հարցերով լուրջ մտահոգված մոսկվաբնակ մեր հայրենակիցների հետ, կտրականապես մերժել է նոր միություն կազմելու հնարավորությունը: Ցավով եւ ափսոսանքով, նրան՝ երբեմնի հարգանք վայելած իր գործունեության եւ պահվածքի դաշտ վերադարձնելու նկատառումներից ելնելով էր, որ դաշնակցիս քննադատել եմ: Միանգամայն անտեղի վիրավորանք համարելով, Վահանն իջնում է Բ. Ասատրյանի մակարդակին եւ իրեն թույլ է տալիս սրամտել՝ «նրանք ուզում են մտնել Ռուսաստանի գրպանը կամ մեկ այլ անցք»: Կոնկրետ ես հին ու նոր իշխանությունների ապօրինությունների դեմ պայքարելու ընթացքում՝ 88-ի դեկտեմբերին, 89-ի մարտին եւ 96-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Սովետաշենի եւ ԿԳԲ-ի «անցքերում» ընդհանուր առմամբ ուժով պահվել եմ 15 օր, ինքը՝ մեկ փորձից «հաջողացրել է» այնտեղ մնալ 18-ից ավելի ամիս եւ միայն մեր բոլորի ջանքերով է ազատվել: Ինչի՞ մասին է խոսքը, հարցրեք ցանկացած մարդու, շատ հարգված յուրաքանչյուր դաշնակցականի՝ մի՞թե նրանք գոհ են ընկեր Վահանի ներկա պահվածքից, արդյո՞ք նա կտրուկ չի փոխվել:

4. «Կադրային հարցեր» վերտառության նույն հեղինակի՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հարցազրույցում, պատանի արհեստավարժը նշում է. «ԿԳՆ նախկին գործերի կառավարիչը պրն Արշակյանի մտերիմն էր …»: Ասեմ, ԿԳՆ նախկին գործերի կառավարիչ Ալեքսեյ Հակոբյանն իմ 28 տարվա ընկերն է, գրագետ եւ պարկեշտ անձնավորություն: Նախկինում 15 տարի աշխատել է ՆԳՆ կենտրոնական ապարատում՝ պատասխանատու պաշտոնում: 1991-ին՝ ՀՀՇ-ական մատրոսների՝ այնտեղ ներխուժելուց հետո, սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, այնուհետեւ զբաղվել է ձեռներեցությամբ: Իր գործնական եւ պարկեշտ մարդ լինելու հանգամանքն էր, որ 96-ին ընտրվել է «Քվեարկություն-Հայաստան» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, եւ այդ թվում ՀՅԴ-ի հետ գործակցելով, ապահովել է 96-ի նախագահական ընտրությունների արդյունքներին վերաբերող հայտնի օբյեկտիվ եզրակացությունը: ԿԳՆ-ում գործերի կառավարչի հաստիքում նշանակվել, եւ մի քանի ամիս աշխատել է, ի դեպ ոչ միայն իմ կարծիքով, նախորդ կառավարության ամենահաջողված նախարարներից մեկի՝ Արտաշես Պետրոսյանի օրոք:

Նոր նախարարի նշանակումից հետո Ա. Հակոբյանը դիմել է Լ. Մկրտչյանին եւ տեղյակ պահել, որ առանձնապես «տաք» տեղ չի համարում զբաղեցրած պաշտոնը եւ նախարարի առաջին իսկ պահանջով պատրաստ է հեռանալ: Նախարարը նրան համոզել է մնալ եւ միասին աշխատել: Մոտ 10 օր անց Հակոբյանը հիշեցրել է, որ ուժի մեջ է նախարարին արած իր առաջարկությունը, հետեւել է նույն պատասխանը: Սակայն, ավելի ուշ, պրն նախարարն իր սանիկին (խնամուն) տեղավորելու նպատակով մոգոնել է մի պատմություն, ըստ որի Սերժ Սարգսյանը նախարարությունների աշխատանքների մասին պատշաճ տեղեկություններ իմանալու նպատակով խնդրել է գործերի կառավարչի պաշտոնում աշխատանքի ընդունել ԱԱ համակարգից նոր աշխատակցի: Այս կապակցությամբ Մկրտչյանը Հակոբյանին առաջարկել է մի երկու շաբաթվա ընթացքում ծանոթացնել նոր ընկերոջը գործերին, մեկնել արձակուրդ եւ սպասել իր համար նոր նշանակման՝ նախապես խոստանալով նոր բացվող Ռուսական համալսարանի պրոռեկտորի պաշտոնը:

Հետարձակուրդյան 2 ամիսների ընթացքում, աշխատանքի չներկայանալու պայմանով, ներկա նշանակելով եւ համապատասխան աշխատավարձ դուրս գրելով պրն նախարարն առանց Հակոբյանին տեղյակ պահելու կարգադրում է նրան շարունակական անհարգելի բացակայող նշանակել եւ որպես գործալիքի Ա. Հակոբյանին աշխատանքից ազատ արձակել: Տղամարդուն անվայել նման արարք, որքան ինձ է հայտնի, նույնիսկ ՀՀՇ-ականները չէին անում, նրանք կանչում էին մարդուն եւ ասում՝ հետդ չենք ուզում աշխատել, դիմում գրի ու գնա: Իհարկե, վարվում էին ապօրինի, բայց ավելի ազնիվ: Բնականաբար Հակոբյանն իր հետ վարվելու նման վարքագծի դեմ պետք է առարկեր: Դիմում է դատարան: Քաղ.գործով այդ քննությունն իրհարկե առանձին թեմա է, եւ կարծում եմ, ցանկության դեպքում, Ձեր թերթը կարող էր դրան առանձին անդրադառնալ եւ ավելի մոտիկից ծանոթանալ նախարարի կողմից Հակոբյանի նկատմամբ արված փաստաթղթային զեղծարարությանը, ակնհայտ կեղծիքներին, բանսարկությանը, դատարանի վրա անօրինական ճնշումներին, նախկինում ՀՅԴ գործիչների շահերը, ներկայումս Ա. Հակոբյանի շահերը պաշտպանող փաստաբան Մարինա Հալաբյանի իրավական փաստարկներին եւ այլն:

Այս կապակցությամբ պրն նախարարին ուզում եմ հիշեցնել. երբ ՀՅԴ գործիչներին էին ապօրինի հալածում, մենք ազգովի պայքարում էինք նրանց իրավունքների եւ ազատությունների համար, իսկ երբ արդյունքում պաշտոն ձեռք գցելով ու վերը նշված մեթոդներով ոտնահարում եք վաղեմի ընկերոջս ու կուսակցիս օրինական շահերը, միաժամանակ զարմանում եք, թե ինչո՞ւ եմ խառնվում: Վերջում ավելացնեմ. բարձր գնահատելով նախագահի՝ հանրապետության բյուջեն լցնելու /բայց ոչ տնավարությամբ/ ջանքերը, վերջին շրջանում ստեղծված իրավիճակի N 1 պատասխանատու համարում եմ Ռ. Քոչարյանին: Շոշափված եւ չշոշափված ոլորտների, հասարակության եւ քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում գտնվող բոլոր հարցերում անհասկանալի եւ անբավարար է նրա անվճռականությունը:

Նա պատասխանատու է երկրում վարվող վայրենի լիբերալիզացման քաղաքականությունը խորացնելու, «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նոր միության կազմավորման գործընթացն արհամարհելու, Կոնյակի գործարանն օտարելու, Քաղաքացիական ավիացիան միտումնավոր սնանկացնելու, էլ. էներգիայի սակագներն անհանդուրժելի կերպով բարձրացնելու, հեռախոսավարձերի՝ 97-ից 600%, 99-ից 50% թանկացնելու, միջքաղաքային խոսակցությունների գները բարձրացնելու, ավելի վաղ՝ հացի գինը 20%-ով, ջրի վարձը՝ կրկնակի թանկացնելու, Հայաստանը հետեւողականորեն ՄԱՀ-ի եւ ՀԲ-ի կցորդը դարձնելու պլանավորած գործընթացը շարունակելու, իրեն ընտրած ՀՀ քաղաքացիների հավատը գողանալու, արհեստավարժ փորձանքներով երկիրը կառավարելով՝ մեր ժողովրդի տառապանքները խորացնելու, իմ կուսակիցների /ԳիԱրՔՄի/ բոլոր առաջարկություններն ու ներկայացված ծրագրերն անտեսելու, կազմակերպությանը հետեւողականորեն տարածք չտրամադրելու դիտավորության համար: Որպես բողոքի նշան դուրս եմ գալիս՝ իրականում գոլորշի թողնելու նպատակով ՀՀ նախագահին առընթեր ստեղծված մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի կազմից:

Դիմում եմ Գիտաարդյունաբերական եւ Քաղաքացիական Միության իմ գործընկերներին՝ լքել, փաստորեն նույն նպատակի վերածված, Քաղաքական խորհուրդը, դուրս գալ նախընտրական շրջանում Ռ. Քոչարյանին աջակցելու նպատակով ստեղծված Արդարություն եւ Միասնություն Համագործակցությունից: Ի նշան բողոքիս վճռականության՝ միաժամանակ հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու միմիայն վերջին շրջանի գողերին ու թալանչիներին աջակցելու նպատակով թխված՝ «ՀՀ ընտրական օրենսգրքի» նախագծով նախատեսվող առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ որեւէ քաղաքական խնդիր չեմ հետապնդում:

ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031