«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության Երեւանի տարածքային կառույցի վերջերս կայացած նիստի օրակարգում մեկ՝ կուսակցության համանախագահ Գայանե Սարուխանյանին անվստահություն հայտնելու եւ նրան կուսակցության շարքերից հեռացնելու հարցն էր: Այդ առթիվ հրավիրվել է նաեւ կազմակերպության նախագահության նիստ, որը, քննարկելով Երեւանի տարածքային կառույցի որոշումը, հաստատել է այն, միաձայն որոշում ընդունելով՝ կասեցնել նաեւ Գ.Սարուխանյանի անդամությունը նախագահությունում: Հարցը դրվել է հասարակական-քաղաքական կազմակերպության առաջիկայում կայանալիք համագումարի հաստատմանը:
«Արմենպրեսի» այդ լուրի դրական լիցքն այն է, որ համագումարի հաստատումից հետո /դա անպայման տեղի կունենա/, տիկին Սարուխանյանը լիակատար հնարավորություն կստանա բացահայտվել որպես երկրապահ կամ հանրապետական եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալ ընտրողների ձայների 100 տոկոսը: Սակայն հավանական է, որ նախկին շամիրամուհին այդ հնարավորությունից չօգտվի եւ ստանա ձայների, ասենք 80 տոկոսը: Չէ՞ որ մեզ մոտ ժողովրդավարություն է:
ՎԱՏ ԼՈՒՐ
ՀԿԿ գրասենյակ մտնողը եթե միամտաբար փորձի ճշտել, թե որտեղ է պարոն Բադալյանը, հաստատ հաջողության չի հասնի։ Կոմունիստաբար ապրող մի քանի մարդ անմիջապես կճշտեն. «Պարոնները իշխանությունում են, այստեղ միայն ընկերներն են»։ Իսկ իրականում ընկերներն էլ այստեղ չեն։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարն, օրինակ, այս օրերին գտնվում է Մոսկվայում։
Կարդացեք նաև
«Տամբովյան գայլը քեզ ընկեր»,- ասում էին կոմունիստական քննիչներն իրենց զոհերին։ Ստեղծվում է մի տխուր իրավիճակ. պարոններն իշխանությունում են, ընկերները՝ Մոսկվայում։ Հետեւաբար, սովորական մահկանացուները պարզապես քաղաքացիներ են՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։