Սաունաները եւ ֆիննական բաղնիքները համարյա մեր բոլոր «ազգային» ռեստորանների պարտադիր ատրիբուտն են։ Նման վայրերում են գերադասում բիզնեսից կամ ԱԺ-ից ազատ ժամերին իրենց սիրուհիներին հրավիրել հարուստները՝ պատգամավորներ, գործարարներ, կառավարության անդամներ (թե նրանցից ով՝ ում հետ եւ որտեղ է լինում, «Առավոտը» շուտով կանդրադառնա)։ Սկզբում մի լավ ուտում-խմում են, ապա քայլերն ուղղում սաունա՝ նաեւ լողանալու։ Առիթից օգտվելով՝ ասեմ, որ բժիշկները խորհուրդ չեն տալիս սաունաներում սեքսով զբաղվել. տաք միջավայրից բարձրանում է արյան ճնշումը, իսկ դա էլ հետը հղի է առողջության համար լուրջ հետեւանքներով։ Սա՝ ի դեպ։
Երեկ խմբագրություն զանգահարեց հաճելի ձայնով եւ Անահիտ անունով մի կին եւ պատմեց հետեւյալը. «2 օր առաջ (ամսի 17-ին) ամուսնուս հետ ժ. 23.30-ին որոշեցինք գնալ «Փուլման» բար։ Երեխաները քնեցին, իսկ մենք ցանկություն ունեինք առանձնանալ եւ զրուցել։ Ես երեկոյան զգեստով չէի, այնպես որ, «կուպեն» շատ հարմար էր։ Մեզ մոտեցավ բարձրահասակ, բաց գույնի մազերով մի երիտասարդ ու ասաց, որ զույգերով թույլ չեն տալիս մտնել «կուպե»։ – Ինչո՞ւ թույլ չեք տալիս։ Վախենում եք ներսում սեքսո՞վ զբաղվենք։ – Դե, ինչով ուզում եք՝ զբաղվեք, թույլ չենք տալիս զույգերով,- իրենն էր պնդում երիտասարդը։ Հիմա՝ հարց եմ տալիս՝ եթե տղամարդիկ մտնեին, չէի՞ն կարող իրենք էլ այլ բաներով զբաղվել. հիմա այնքա՜ն է տարածված երկնագույն սերը։ Այնքան վիրավորված էինք։ Երեկոն էլ փչացավ»։
Այս նյութին անդրադառնալուց առաջ «Առավոտի» ողջ խմբագրակազմը քննարկեց զույգին «կուպե» թողնել-չթողնելու տրամաբանությունը. «Բա որ երկու աղջիկ լինեին, կթողնեի՞ն։ Բա որ խմբով լինեին ու խմբակային սեքսով զբաղվեի՜ն»։ Մերոնց երեւակայության վտանգավոր ընթացքները կանխելու նպատակով անմիջապես դիմեցի բարի ղեկավարությանը։
Փոխտնօրեն Սեյրան Թումանյանը ճշտեց, որ իրենց մոտ ներքին նման հրահանգ չկա։ Իրենց կուպեներն ութտեղանոց են, եւ այս պատճառով է, գուցե, որ զույգին ներս չեն թողել։ Համ էլ. «Մենք ի՞նչ իմանանք, թե այդ ամուսիններն ի՞նչ նկատառումներով են ցանկացել մտնել ութտեղանոց կուպե»։ Մանավանդ, որ իրենց մշտական այցելուներին դեռեւս դեմքով չեն ճանաչում։ Բայց բարոյականության վերին ոլորտներն այստեղ կապ չունեն։ Գովելի է, որ մարդկանց ներքին եւ ազնիվ մղումները ռեստորաններում, բարերում եւ, մանավանդ, սաունաներում հարգվում են ու չեն ճնշվում։ Գործում են շուկայական («երկակի») բարոյականության բոլոր օրենքները. ուզում ես հասարակական վայրում ընկերոջդ կամ ընկերուհուդ հետ «սիլի-բիլի» անել, լավ վճարիր։ Իսկ անձնագիրը կամ զագսի վկայականը վաղուց արդեն հիմք չէ։
Կարդացեք նաև
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ