Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՄԻՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԽՏԱՑՈՒՄՆԵՐ ԷՍ ՁՄՌԱՆ ՏԱՔԻՆ

Հունվար 22,1999 00:00
Lenin

Հայկոմկուսը հունվարի 18-ից որոշեց, որ կառավարության շենքի մոտ այլեւս անելիք չունի եւ ընտրեց մի նոր ռազմավարություն՝ ամենօրյա նստացույցեր Ստ. Շահումյանի արձանի մոտ։

Երեկ, «Բոլշեւիկյան բոցաշունչ եւ հավերժական առաջնորդ Լենինի» (որակումների հեղինակային իրավունքը կոմունիստներինն է) մահվան 75-ամյակի կապակցությամբ կոմկուսի անդամները շարունակեցին եւ ավարտեցին իրենց նստացույցերը, հայտարարելով, թե այժմ էլ Ստ. Շահումյանի արձանի մոտ անելիք չունեն։ Որոշ ժամանակ կոմունիստները որոշել են զբաղվել նարոդնիկությամբ, գնալ ժողովրդի մեջ, քաղաքի տարբեր շրջաններում հանդիպել ժողովրդին, ասել-խոսել ու՝ «պայքար, պայքար, մինչեւ վերջ» կարգախոսի կոմունիստական վարիացիաներով շարունակել իրենց գործը։

ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղար ընկեր Մանուկյանը հանրահավաքի եկավ ուղիղ Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղից, «մի նոր կարմիր Կուբայից»։ ՀԿԿ առաջնորդները ծաղկեպսակ էին դրել առաջնորդի միակ կիսանդրուն։ Հռետորներն իրար հետեւից մոտենում էին բարձրախոսին, մի երկու թունդ հայհոյանք ասում այս իշխանությունների հասցեին։ Սպիտակ մորթի հագած մի կին էլ բոցաշունչ իր խոսքում նկատողություն արեց ներկա տարեցներին. «Ինչի՞ եք դուք եկել, ինչո՞ւ ձեր երեխաներին ու թոռներին չեք բերում, բերեք, թող գան, թող տեսնեն, թե ովքեր են կոմունիստները։ Մենք նրանց փոխարեն գալիս ենք այստեղ, սառում ենք»։ Տիկինը դեռ երկար չէր հանդարտվում։ Ի վերջո, ձեռքն առավ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության (վստահ չեմ, թե ածականների հերթականությունը ճիշտ ասացի) կարմիր-կապույտ-կարմիր դրոշն ու երկար թափահարում էր։

Ելույթ ունեցավ նույնիսկ մի մարդ՝ անկուսակցական։ Ինքն ասաց, թե կոմունիստ չէ, բայց «էս իշխանություններից ուղղակի զզված է, էդ Արաքսյա Բաբկենից (հավանաբար նկատի ուներ Բաբկեն Արարքցյանին), էն Լեւոնից (տեղից մեկը հուշեց՝ Սահակյան Արայի ու Վանոյի անունն էլ ասա)»։ Ասաց, մի թունդ խոսք էլ հետեւից, որը ներկա որոշ կոմունիստ կանանց շատ դուր եկավ։ Մարդն ակնհայտորեն ժամանակները խառնում էր։

Վերջում խոսեց ընկեր Մանուկյանը։ Մասնավորապես շեշտվեց առաջնորդի մահվան օրը, ծաղկեպսակը, «կարմիր Կուբան»։ Այնուհետեւ հերթը հասավ իշխանություններին։ Կոմկուսը նամակ է հղել հանրապետության գլխավոր դատախազին, որով պահանջում է, որ վերջինս զբաղվի «ԱրմենՏելի» եւ էներգետիկայի հանձնաժողովի հարցերով։

Ընկեր Մանուկյանը ներկաներին ասաց, թե դատախազը պատասխանել է իրենց նամակին։ Պատասխանում ասվում է, թե ինքը (դատախազը) կզբաղվի այդ հարցերով։ Կոմունիստները չեն ուզում, որ իրենց կանայք եւ աղջիկներն այլասերվեն, անբարո կյանք վարեն, նրանք կողմ են մեր «հայկական նամուսով» ապրելուն։ Ընկեր Մանուկյանի խոսքից հետո, երբ ասվեց, թե այն կուսակցությունը, որը մտածում է ժողովրդի մասին եւ կարող է իշխանությունը վերցնել, Հայաստանում կա. դա կոմունիստական կուսակցությունն է, ներկաները փորձեցին բուռն ծափահարել։

ՀԿԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը մի առիթով դժգոհեց լրագրողներից, թե ծաղրում են կոմունիստների հավաքները, փոխանակ միանան եւ պայքարեն նույն նպատակի համար։

Մենք ծաղրելու նպատակ չունենք, բայց ո՞նց վերաբերվենք կարմիրի այս արհեստական խտացումներին, Լենինի ուրվականի վերամոնտաժմանը, բոցաշունչ ճառերին՝ «կեցցե», «փառք» եւ այլն։ Այդ ամենը մենք արդեն տեսել ենք, դրանից խոնավության հոտ է գալիս։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031