Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈԼՈՐՎԱԾ ՔՈՒՐԴԸ

Հունվար 22,1999 00:00
lurer

Ըստ «Առավոտին» հասած անհավանական մի լուրի, ապստամբ քուրդ ժողովրդի առաջնորդ Օջալանը մտադիր է քաղաքական ապաստան ստանալ «Կարմիր Քրդստանում»՝ այժմ Ղարաբաղի զինյալների հսկողության տակ գտնվող Լաչինի գյուղերից մեկում։ Սակայն քուրդ առաջնորդը չգիտի՝ ում դիմի նման խնդրանքով՝ Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի՞ իշխանություններին, թե՞ Անկախ Լաչինի նահանգապետ Ալեքսան Հակոբյանին։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԶՈՒԳԱՀԵՌ

«Հանրապետության նախագահի առկա լիազորություններով՝ այդ պաշտոնը Հայաստանի համար լուսնաքարի դեր է խաղում, որն անընդհատ գողանում էին, բայց ով դրան տիրանում էր՝ կործանվում էր։ Եվ պատահական չէ, որ մենք ասում էինք, թե պիտի սահմանադրությունը փոխվի, եւ այդ լիազորությունները դադարեցվեն։ Քանի դրանք գործում են՝ Հայաստանում թագավորական համակարգ է լինելու»,- իր այս դատողություններն «Առավոտին» հայտնեց ԱԺՄ վարչության անդամ Ֆիլարետ Բերիկյանը։

ՓԵՐԻՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ

Հունվարի 28-ին Մոսկվայում տեղի է ունենալու «Միսս ԱՊՀ» մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնելու են 1996-ի «Միսս Հայաստան» Կարինե Խաչատրյանը եւ 1998-ի «Միսս» Գոհար Հարությունյանը։ Մրցույթին մասնակցելու է նաեւ 1998-ին 3-րդ մրցանակին արժանացած գեղեցկուհին։ Մասնագետները բարձր են գնահատում Գոհար Հարությունյանի հաղթանակի հավանականությունը։

«ԱՐԱՐԱՏ-ԼԱԴԱՅԻՆ» ՆՈՐ ՏՆՕՐԵՆ

Այլեւս «Արարատ-Լադա» ձեռնարկության տնօրենը պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը չէ։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է իր տեղակալ Ռուբեն Թովմասյանը։ Իսկ Անդրանիկ Մանուկյանը դարձել է «Արարատ-Լադայի» պատվավոր նախագահ՝ հասարակական հիմունքներով։ Այսպես՝ որպեսզի կարողանա առաջադրվել պատգամավորության թեկնածու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել