Խորհրդարանական ընտրությունները մոտենում են, իսկ հեռուստաընկերությունները՝ գնալով շատանում։ Ընտրությունների հետ թեեւ կապ չունի, բայց շուտով (մարտի վերջին) եթեր կմտնի նաեւ «Մշակույթ» մետրային հեռուստաալիքը, որի նախագահը պետական կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանն է։
«Հեռուստաալիքը պետք է ներկայացնի թե՛ Հայաստանի, մեր ժողովրդի եւ թե՛ միջազգային մշակույթը։ Պետք է մեր ժողովրդին հիշեցնենք մեր մշակույթը, մշակույթի գործիչներին։ Այսօր շատ ցավալի բաներ եմ լսում. մեր երիտասարդներից շատերը չգիտեն ո՞վ է Արամ Խաչատրյանը կամ Կոմիտասը։ Չեն ճանաչում նաեւ մեր գրողներին։ Անպայման պետք է ներկայացնենք միջազգային մշակույթը, որպեսզի մեր մշակութային գործիչները եւ ժողովուրդն իմանան, թե ինչ է կատարվում այսօր ուրիշ մշակութային դաշտում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում… Եթե չլինի այդ կապը եւ չունենանք 20-րդ դարի վերջին տարվա պուլսը, ապա շատ բան կկորցնենք։ Մշակույթը չի կարող զարգանալ լոկալ, փակ պայմաններում։ Մեր մշակույթը միայն մերը չէ, այլ նաեւ գերմանացու մշակույթն է։ Չեմ կարծում, որ Բեթհովենը միայն գերմանացու մշակույթն է, նաեւ մերն է, եւ նույնը նաեւ Բախը եւ մյուսները»,- հեռուստաալիքի ընդհանուր բնույթի մասին իր պատկերացումները ներկայացրեց Ա. Սմբատյանը։
Ըստ Ա. Սմբատյանի, հեռուստաալիքում տեղ կգտնեն նաեւ սոցիալական-հասարակական հաղորդումներ, իսկ քաղաքական հաղորդումներ եւ ծրագրեր չեն նախատեսվում։ Ա. Սմբատյանը նաեւ տեղեկացրեց, որ դրսի հեռուստատեսային ընկերությունների միջոցով, համաձայն պայմանավորվածությունների, օրինական ճանապարհով բավականաչափ թարմ նյութեր կհեռարձակվեն։ «Մշակույթ» հեռուստաալիքի ֆինանսական աղբյուրների մասին բազում խոսակցություններ էին շրջում։ Որպես հովանավորներ նշվում էին Կոբզոնի, Բերեզովսկու եւ Սպիվակովի անունները։ «Այդ մարդկանցից ոչ ոք հեռուստաալիքի հետ կապ չունի։ Ուղղակի տեսել են, որ ես շփվում եմ այդ մարդկանց հետ, ու թվացել է՝ իրենք են ֆինանսավորում»,- ասաց Ա. Սմբատյանը։ Ի տարբերություն մեր մյուս հեռուստաալիքների նախագահների, Ա. Սմբատյանը նշեց հեռուստաալիքի ֆինանսական աղբյուրը. «Ալիքը հովանավորում է Մոսկվայում գտնվող «Պրոմեթեւս» ընկերության նախագահ Սենիկ Գեւորգյանը»։
Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ