1998 թվականը հռչակվեց իբրեւ մարդու իրավունքների տարի։ 98-ին նշվեց մարդու իրավունքների հռչակագրի 50-ամյակը։ Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ արդեն հրապարակել են իրենց դիտարկումներն անցած տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին։ Նույնատիպ խնդրանքով դիմեցինք Հելսինկյան Ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանին։
-1998 թ. իրոք հռչակվեց իբրեւ մարդու իրավունքների տարի։ Տարօրինակ էր, որ դա արեցին պետական այրերը, որոնք մշտապես ոտնահարել են մարդու իրավունքները։ Տարօրինակ է, որ նրանք են որոշում, թե որ տարին է մարդու իրավունքների տարի եւ որը՝ ոչ։ Չնայած բազմաթիվ հռչակագրերին, այդ նույն պետական այրերը բոլոր երկրներում շարունակեցին ոտնահարել մարդու իրավունքները։ 1998 թ. սկսվեց նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի ստեղծմամբ։ Միայն այն փաստը, որ այդ կառույցը կից է նախագահին, ի չիք է դարձնում նրանից հնարավոր սպասելիքները։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք մտան այդ հանձնաժողովի մեջ, խաչ դրեցին իրենց իրավապաշտպան գործունեության վրա։ Որովհետեւ, եթե իրավապաշտպանի հետեւում կանգնած է որեւէ քաղաքական ուժ կամ գաղափարախոսություն, ապա մարդու իրավունքների պաշտպանությունը կարող է դառնալ միայն շահարկման առարկա։
– 1998 թ. որեւէ կերպ տարբերվե՞ց մյուս տարիներից։
– Այն ոչնչով չտարբերվեց մյուս տարիներից։ Շարունակեցին զինվորներին անօրինականորեն ուղարկել Ղարաբաղ ծառայելու, անօրինականորեն բանակ զորակոչել փախստականներին, ճնշումներ գործադրել Եհովայի վկաների նկատմամբ, առկա էր լրագրողների ինքնագրաքննությունը եւ դրա առկայությունը խմբագիրների կողմից, եւ այդ ֆոնի վրա հայտարարություններն այն մասին, որ Հայաստանում կայացել է ազատ մամուլը։ Նման հայտարարություններ արեցին ոչ միայն լրագրողները, այլ նաեւ նախագահը։
Կարդացեք նաև
– Դուք խոսեցիք մարդու իրավունքների հանձնաժողովի մասին իբրեւ փաստ։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի գնահատել այդ կառույցի գործունեության արդյունքները։ Հանձնաժողովը մշակեց օրենքների նախագծեր, քննարկվեցին բազմաթիվ քաղաքացիների բողոքներ։
– Եթե խոսվում է օրինաստեղծ գործունեության մասին, ապա մեր կազմակերպության կողմից եւս մշակվել են երկու օրենքների նախագծեր՝ այլընտրանքային ծառայության եւ փախստականների մասին։ Դրանք ներկայացվել են Ազգային ժողով եւ այլ կազմակերպությունների։ Փախստականների մասին մեր օրենքի նախագիծը տարբերվում է այլ օրենքների նախագծերից նրանով, որ շեշտված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող փախստականները չպետք է ծառայեն Հայաստանի զինված ուժերում։ Այդ կետը չի ընդունվում ոչ մեկի կողմից։ Ինչ վերաբերում է քաղաքացիների հետ աշխատանքին, ապա ես գիտեմ բազմաթիվ փաստեր, երբ քաղաքացիներին ուղղակի դուրս են արել հանձնաժողովից, օրինակ՝ Դիլանյաններին, Նիկողոսյաններին։ Մեզ մոտ էլ են գալիս քաղաքացիներ եւ առաջինը, որ մենք նրանց խորհուրդ ենք տալիս՝ դիմել հանձնաժողովին։ Ինչ խոսք, նախագահին կից հանձնաժողովն ունի որոշակի լծակներ։ Այդ կազմակերպությունը ստեղծվել է միայն արտասահմանի համար։ Այսինքն՝ նախագահի եւ Պարույր Հայրիկյանի համար ստեղծել այնպիսի իմիջ, որ նրանք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Շուտով Սահմանադրությամբ կստեղծվի օբուտսմենի ինստիտուտ, եւ առաջին օբուտսմենը կդառնա Պարույր Հայրիկյանը։ Դա մարդու իրավունքների լիազոր ներկայացուցչի պաշտոն է։ Ռուսաստանում այդպիսի լիազոր էր Սերգեյ Կովալյովը, որը հետագայում հրաժարվեց դրանից։ Նրան փոխարինել է մի նախկին կոմունիստ։ Դա սովետական մենթալիտետ է, ըստ որի իրավապաշտպանությամբ կարող է զբաղվել ցանկացած մարդ։ Այսօր էլ Հայաստանում մարդու իրավունքների մասին խոսում են բոլորը՝ կոմունիստները, դաշնակները։ Դաշնակները կարող են խոսել մարդու իրավունքների մասին եւ քարոզել ազգային գաղափարախոսություն, որը հակասության մեջ է մարդու իրավունքների հետ։
– Մի՞թե ազգային գաղափարախոսությունը հենց այն չէ, որ պետք է պաշտպանել մարդու իրավունքները։
– Կարդալով դաշնակցության կազմակերպած կոնֆերանսի նյութերը, ես հասկացա, որ դրանք հակադիր են։ Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ անօրինականորեն զոհվում Ղարաբաղում, իսկ դա մարդու իրավունքների խախտում է։ Ոչ ոք իրավունք չունի խլելու մարդու կյանքը, լինի դա Դաշնակցությունը, Վազգեն Սարգսյանը կամ նախագահը։ Դեկտեմբերի 17-ին մի հավաքի ժամանակ ես բարձրացրեցի այս հարցը եւ լրագրողներից մեկը հարցրեց՝ գրե՞լ, թե՞ չգրել դրա մասին։ Ներկա իրավապաշտպաններ Աղասի Արշակյանը, Կարինե Դանիելյանը եւ մյուսները պնդեցին, որ դրա մասին մի գրեք։ Միայն Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ պետք է օրինականացնել մեր ներկայությունը Ղարաբաղում։
– Իրավապաշտպան կազմակերպությունների ստեղծման նպատակն է պաշտպանել մարդկանց իրավունքները պետության ոտնձգությունից։ Արդյոք այդ խնդիրը չի՞ վերանում այսօր, երբ պետությունը ինքն է պատրաստակամություն հայտնում պաշտպանել դրանք, միավորելով իրավապաշտպան կազմակերպություններին։
– Հայաստանում քաղաքական ուժերի միավորման փորձ կատարվեց 1989-ին եւ մենք տեսանք, թե դա ինչով ավարտվեց։ Հանձնաժողովի ստեղծումն էլ ես գնահատում եմ իբրեւ իրավապաշտպան դաշտը ոչնչացնելու փորձ։ Սա միավորման առաջին փորձը չէր։ Նման փորձեր ձեռնարկել են Ռուբեն Թորոսյանը՝ իր «Մարդու իրավունքներ 96-98» կազմակերպության միջոցով, նաեւ Վլադիմիր Կարմիրշալյանն՝ իր «Մարդու իրավունքների եւ դեմոկրատիայի կենտրոնի» միջոցով։ Մարդու իրավունքների պաշտպանությունը որքան մոդայիկ է, նույնքան՝ դժվար։ Ոչ բոլորն են պատրաստ թշնամանալ Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, նախագահի, երկրապահների կամ դաշնակների հետ։ Ինչպես կարող է պետությունը ներկայացնող կառույցը պաշտպանել մարդկանց նույն պետությունից։
– Ինչպիսի՞ն կլինի 1999 թվականը, որը մարդու իրավունքների տարի չէ։
– 1999 թ. ոչնչով չի տարբերվի նախորդներից։ Ընտրությունների պատճառով ավելի շատ կխոսվի մարդու իրավունքներից։ Նույն իրավապաշտպանները կզբաղվեն քաղաքական խաղերով՝ չմտածելով, որ դա անբարոյականություն է։ 1998 թ. Հայաստանում օրինական դաշտ է ստեղծվել խոսքի ազատության սահմանափակման համար։ Նոր օրենքը արգելելու է դատարաններում աուդիո եւ վիդեո ձայնագրությունները։ Օրենքը մենթերին հնարավորություն է տալիս մարդուն նախնական կալանքի մեջ պահել 72 ժամի փոխարեն 96 ժամ։ Այսինքն՝ մեկ օր ավել ցուցմունք պարտադրելու համար, որից հետո մարդիկ այնտեղից դուրս են գալիս «թեթեւակի» մարմնական վնասվածքներով, կամ հայտնվում են դիահերձարանում։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ