Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՆԻՀԱՐ ՕՐԵՆՔԸ

Հունվար 21,1999 00:00
veteran

 Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմին տվեց մոտավորապես 600 հազար մասնակից, որի ուղիղ կեսը զոհվել է։

Պատերազմից վերադարձած քաղաքացիները հետագայում կառավարության սահմանած (նաեւ՝ միության) արտոնություններից էին օգտվում, կային նույնիսկ վետերաններին սպասարկող հանգստյան տներ, խանութներ, բայց վա՛յ էն սպասարկումներին ու արտոնություններին, որոնք իրականացվում էին հասարակական պարսավանքի ու ամոթանքի պայմաններում։ Եկավ անկախ հայրենիքում ապրելու եւ գնահատվելու ժամանակը։ Հայրենականի մասնակիցների նկատմամբ ատելությունը հասավ նույնիսկ այն աստիճանին, որ ասում էին. «Ում համար որ կռվել եք, գնացեք նրանցից էլ պահանջեք ձեր արտոնությունները»։ Խե՜ղճ վետերաններ. հո չէին կարող ոգեկոչությամբ զբաղվել։ Ում համար, որ կռվել էին, նրանք չկային։ Կար միայն… հայրենիքը։ Չնայած դրան, վետերաններն անհամբերությամբ էին սպասում իրենց «անվանական» օրենքին։ Պետք է նկատել, որ ՀՀ-ում գործող եւ ընդունված օրենքներից այն «ամենանիհարն» է։

Օրենքը սահմանում է վետերանների սոցիալական պաշտպանության, «կազմակերպչական», տնտեսական եւ իրավական հիմքերը։ Այն բաղկացած է 7 հոդվածներից եւ մեկ «անցումային դրույթից»։ Ընդ որում, դրանցից առաջինը սահմանում է վետերաններ հասկացությունը, երկրորդը՝ օրենսդրության, միջազգային պայմանագրերի տեսական բնութագրումները։ Ավելի ծավալուն է հոդված 4-րդը, քանի որ սահմանում է «վետերանների սոցիալական պաշտպանվածության իրավունքը», ըստ որի վետերանները նախեւառաջ իրավունք ունեն ստանալ անվճար բժշկական օգնություն եւ սպասարկման իրավունք։ Այն էլ «պետական պատվերի շրջանակներում»։ Պետական պատվերի շրջանակն, ինչպես գիտեք, խիստ սահմանափակ է եւ այն սկսվում-ավարտվում է հիմնականում սոցապ-առողջապահության նախարարությունների ընդունարաններում, ով հաջողեցնի՝ ինչ-որ ցուցակների մեջ խցկվելով։ Իսկ ի՞նչ ասեն այն վետերանների համար, որոնց անգամ շտապ օգնություն չեն ցուցաբերում, չեն տեղափոխի հիվանդանոց, երեսին անգամ չեն նայի, եթե գրպանում կամ վերմակի տակ «վերմակի չափ» կամ «ոտքը երկարացնելու չափ» փող չունի։ Չքմեղ չձեւանանք եւ փաստեր չպահանջենք, տարեց մարդիկ, պատերազմի վետերանները զրկված են անվճար բժշկական օգնությունից։ «Համառների» տքնանքը կարող է արդյունք տալ, այն էլ՝ սեփական նվաստացման հաշվին։ Ասենք եւ հիշեցնենք. հարգելի վետերաններ, դուք ունեք օրենքով սահմանված բուժսպասարկման անվճար իրավունք։

Պատերազմի մոտ 30 վետերանների, որոնք խմբագրություն էին եկել իրենց իրավունքների պաշտպանության խնդրով, իրար հետ տեսնելով, ավտոբուսի մի վարորդ «կծել» էր՝ հայտարարելով, թե. «Դե, ասեք, թղթի մակուլատուրա եմ տեղափոխում, էլի»։ Մի քանիսին էլ իջեցրել էին մասնավոր երթուղայինների «մեզ հայտնի ուժերը»։ Ստիպված ենք հիշեցնել եւ երկրորդ իրավունքը, որը պետք է մեկընդմիշտ պաշտպանվի պետության կողմից։ Վետերաններն ունեն իրավունք ՀՀ տարածքում անվճար երթեւեկել քաղաքային եւ մերձքաղաքային մարդատար տրանսպորտի բոլոր տեսակներով, բացի տաքսիներից։ Եվ սակայն… անկախ սեփականության ձեւից։ Տեսնես ցանկալին իրականություն կդառնա՞ եւ օրենքը մշակողները հավատո՞ւմ են դրան։ Մի կողմից սահմանվում էր, որ սեփականության իրավունքն ու սեփականությունն անձեռնմխելի է, մի կողմից սահմանվում են սեփականատիրոջ իրավունքները, հանկարծ… ասում են, թե անկախ սեփականության ձեւից վետերանը կարող է օգտվել նրանց ծառայություններից։

Իսկ եթե մասնավոր ավտոբուսը չտեղափոխի՞… «գուբախտո՞ւմ» է հայտնվելու վարորդը։ Այստեղից էլ՝ վետերան-վարորդ վեճը։ Չկարգավորվո՛ղ վեճը։ Ի՞նչ իրավունք ունի վետերանը, եթե օրենքի այս հոդվածը չի իրականացնում վարորդը կամ… պետությունը։ 3-րդ հոդվածը շարադրված է իսկը «էն վաղ էր, երբ էշը կաղ էր» սկզբունքով։ Նորից եմ կրկնում, օրենքի մարդասիրական-կարգախոսային սահմանումներին չեմ կասկածում, այլ՝ իրականացման հիմքերին ու լծակներին։ Սահմանված է, որ վետերանն ունի իրավունք՝ ստանալ արտոնյալ պայմաններով առողջարանի կամ հանգստյան տան ուղեգիր։ Դարձյալ «բայց կառավարության սահմանված կարգով»։ Այո, վետերանը հերթագրվում է, սպասում, եւ այդ հերթը ձգվում է տարիներով։ Բերեք ցուցակները հրապարակենք. ով քանի տարի է հերթագրված։ Առայժմ գործում է 50% զեղչով բնակարանային վարձի եւ կոմունալ ծախսերի վճարման «ավանդական» կարգը։ Ձեւականորեն սահմանված է կոմունալ ծախսերի մեջ՝ գազը, որը չունի այսօր, կենտրոնական ջեռուցում չունեցող տներում «սահմանված նորմաների շրջանակներում» վառելիքի ձեռքբերումը, կամ աղբահանության «վճարահանումը», երբ աղբի գումարը հավաքվում է առձեռն ու միանվագ…

Ամենամեծ գումարը հայրենի կառավարությունից տրվածն է. 1750 դրամ պատվովճարը։ 10 օրվա ցամաք հացի գումարը։ Այն դեպքում, երբ թե՛ օրենսդիրները, թե՛ դատավորները, թե՛ կառավարության անդամները կոկորդ են պատռում 100000 դրամ աշխատավարձերը գերազանցելու համար։ Կարելի է ամենօրյա սաղմոսների մեջ օրը երեք անգամ կրկնել. 1750 եւ 100000։ Արդյունքն իրոք գոհացուցիչ կլինի։ Դեռ փառք ու պատիվ, որ պատվովճարի գումարն էլ հարկման ենթակա չէ։ Թեեւ «անցումային դրույթում» խոստացվել է ամենամսյա պատվովճարի չափը 2000 թվականի հունվարի 1-ից հավասարեցնել ՀՀ սահմանված բազային կենսաթոշակի կրկնապատիկին։ Որքա՞ն կլինի «բազային կենսաթոշակի կրկնակին», հայտնի չէ։ Մնում է սպասել եւ աղոթել. «Զբազային կենսաթոշակ տուր մեզ, Աստված։ Եվ մի տանիր զմեզ ի փորձութիւն՝ ոչ պակաս բազային կենսաթոշակի մեկուկեսպատիկ»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031