Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեփականաշնորհման «կուլիսներում»

Հունվար 21,1999 00:00

Վերնագրից գուցե ընթերցողը ենթադրի, թե հոդվածը նվիրված է սեփականաշնորհման գործընթացի մութ, կասկածելի կողմերին: Մանավանդ, հանրությունը խորապես համոզված է, որ այդ գործընթացը տեղի է ունեցել եւ ունենում է սարսափելի խախտումներով եւ փոխադարձ մութ պայմանավորվածություններով: Մամուլն էլ չի զլանում տարբեր կողմերից անդրադառնալ սեփականաշնորհման խնդիրներին՝ շշուկներից մինչեւ պաշտոնական տեղեկատվություն: Եւ սակայն հոդվածում ցանկանում ենք խոսել այլ կարգի «կուլիսների» մասին, որոնք էլ, մեր կարծիքով, պատճառ են դառնում գործընթացի այն ձեւին, որին ականատես ենք:

Ակնհայտ է, որ Հայաստանում սեփականաշնորհման գործընթացը երկու բարդություն ունի՝ տնտեսական եւ հասարակական: Տնտեսականը ցանկացած մարդ կհիմնավորի՝ պատերազմական վիճակ, շրջափակում, ռիսկայնություն եւ այլն: Սակայն նույնիսկ տնտեսական վատ ցուցանիշների դեպքում էլ Հայաստանի մի շարք ձեռնարկություններ հրապուրիչ են թե՛ մեր երկրի, թե՛ արտասահմանի գործարար շրջանակների համար: Վերջին գործարքների՝ ԱրմենՏելի, Արմենիա հյուրանոցի եւ Կոնյակի գործարանի վաճառքը ցույց տվեց, որ Հայաստանում տնտեսական ցանկացած ռեֆորմ ունի միայն մեկ լուրջ բարդություն՝ հասարակական: Եւ հիմնականում դրանով են պայմանավորված տնտեսական վերափոխումների ցավագին բնույթն ու հասարակական դժգոհությունը ազգային սեփականության վերաբաժանման ընթացքից:

Բանն այն է, որ մեր հասարակությունն անհանդուրժող է ամեն մի նորույթի հանդեպ, ըստ այդմ՝ կասկածամիտ: Դրան ավելացել է վերջին տարիների սոցիալական ծանր կացությունը: Փոխառնված տնտեսական մոդելը ենթադրում է որոշակի գործողություններ, որոնք կոչված են վերափոխել տնտեսությունը, այն դարձնել ավելի արդյունավետ ու դինամիկ, հարմարեցնել միջազգայնորեն ընդունված կանոններին: Վերափոխումների մեթոդներից մեկն էլ սեփականաշնորհումն է: Այն իրականացնողը կառավարությունն է: Այդ ընթացքում գայթակղությունը մեկն է՝ ձեռնարկությունը վաճառել այնպես, որ բոլոր առումներով շահավետ լինի: Նրանք, ովքեր դուրս են մնում այս ընթացքից, բնականաբար ձեռքները ծալած չեն նստում: Իսկ դրա համար պարարտ հող կա. ցանկացած գործարք, որ կատարվում է Հայաստանում, բավական կասկածելի կողմեր ունի: Այդպես է եղել թե Վազգեն Մանուկյանի, թե Հրանտ Բագրատյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Արմեն Դարբինյանի վարչապետության օրոք: Եւ զարմանալի ոչինչ չկա. կառավարության անդամները մեր հասարակության հարազատ զավակներն են եւ օժտված են նույն հատկանիշներով, ինչ մնացած բոլորը: Եւ չի կարելի միանշանակ պնդել, որ այս մարդիկ իջել են այլ մոլորակներից եւ փոշիացնում են ազգային հարստությունը: Նրանք գործել են իրենց շրջապատի, հասարակության անառողջ հակազդեցության պայմաններում: Նրանց փոխարեն ցանկացած կառավարություն կհասներ նույն արդյունքին, քանզի դա է մեր այսօրվա իրականությունը:

Այդ իրականությունն այն է, որ ոչ ոքի իրականում չի մտահոգում Հայաստանի ապագան. ոչ իշխանությանը, որը չի կարողանում գործարքներն իրականացնել բաց եւ մաքուր, ոչ քաղաքական ուժերին, որոնք ցանկացած առիթ օգտագործում են միավոր հավաքելու համար, ոչ այս երկուսին հարող հասարակության վերնախավին, որը դիրքորոշվում է ըստ այն բանի, թե ինքը որքանով է շահագրգիռ եւ մասնակից գործընթացներին: Իսկ արդյունքը մեկն է՝ Հայաստանի տնտեսությունը չի զարգանալու, ներդրումներ չեն լինելու: Սա հարցի մի կողմն է:

Մյուս կողմից, այսօր բոլորն էլ գիտեն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հայկական կոնյակ ավելի ու ավելի քիչ են սկսել խմել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում: Հայկական կոնյակը հայտնի դարձրեց Շուստովը, որի երակներով հայկական արյուն չէր հոսում: Խորհրդային պետության օրոք, երբ խմիչքի բազմազանություն չկար, կոնյակի հռչակն ավելի մեծացավ: Հենց այդ ժամանակներին է վերաբերում մեր իսկ ձեռքով կոնյակի որակը գցելը. «կեղծ կոնյակ» արտահայտությունը դարձավ տիրապետող: Իսկ անկախության տարիներին ինչ ասես չարեցին կոնյակի գլխին՝ Ռուսաստան էին առաքվում պարզապես թեյով լի կոնյակի շշեր: Այս կերպ վարկաբեկեցինք նաեւ «հայկական կոշիկ» արտահայտությունը, եւ հայ վարպետներն այսօր ստիպված են կարել «իտալական» կոշիկ, չհամարձակվելով վրան որեւէ հայերեն բառ գրել: Իսկ մի քանի տարի առաջ մեր կոշիկը մենաշնորհ դիրքեր ուներ ողջ ետխորհրդային տարածքում:

Գաղտնիք չէ, որ Արմենիա հյուրանոցի այցելուների թիվը տարեցտարի պակասում էր այն դեպքում, երբ այդ հյուրանոցը կոնյակի չափ հռչակ ուներ գոնե մեր աչքին: Դժվար է պնդել, թե այցելուների պակասը կապված է պատերազմի եւ շրջափակման հետ: Ընդհակառակը, միայն գործի բերումով Հայաստան այցելող արտասահմանցիների թիվն ավելի մեծ է, քան նախկինում՝ ԽՍՀՄ օրոք: Դրա ապացույցն են թեկուզ վերջին տարիներին Հայաստանում բացված բազմաթիվ հյուրանոցներն ու հյուրատները: Նշանակում է, հռչակից դուրս գոյություն ունի իրականություն, որն Արմենիայի օգտին չի խոսում: Այսինքն, կոլեկտիվը լավ չի աշխատում: Եւ սակայն, երբ հյուրանոցը գնում են մարդիկ, որոնք այդ բնագավառում փորձ ունեն, ենթագիտակցաբար դրան ընդդիմանում են ոչ միայն կոլեկտիվը, այլեւ կուսակցությունները: Միաժամանակ, վատ են վարվում նաեւ կոլեկտիվի հետ:

Նույն կերպ բոլորիս հայտնի են Հայաստանի կապի համակարգի թերությունները: Կապի համակարգը դարձել էր կաշառակերության, արագ եկամուտների ստացման աղբյուր հնացող հեռախոսագծերի, քայքայվող ու թալանվող АТС-ների եւ այլնի ֆոնի վրա: Բայց չէ՞ որ դա ուրիշները՝ հույներն ու ամերիկացիները չէին անում, մենք էինք անում: Նույնը՝ էներգետիկան, նույնը՝ ներդրվող հաշվիչների խնդիրը, որը սվիններով է ընդունվում հասարակության կողմից: Տխուր պատկեր է, այնպես չէ՞: Իսկ ի վիճակի՞ ենք հակառակն անել: Եւ թույլ կտա՞նք, որ գոնե ուրիշներն անեն այդ հակառակը:

Պարզվում է՝ ոչ: Եւ հիմնականում՝ հայրենասիրական լոզունգներով: Սկզբունքորեն, այսպես էլ կարելի է ապրել՝ մեկուսացած, ինքներս մեզ հետ, միայն թե՝ ոչ այս տարածաշրջանում: Օրինակ, ծայր հյուսիսի ժողովուրդները փակ են աշխարհի առաջ, նրանց ոչ ոք չի անհանգստացնում, նրանք էլ ոչնչի չեն խառնվում: Նրանց նույնիսկ դեմոգրաֆիան կարգավորվում է ըստ այն բանի, թե եղջերուների նախիրը քանի մարդու է ի վիճակի կերակրել: Մեր դեպքում դա չի ստացվի. ունենք, առանց հեգնանքի, հիանալի աշխարհագրական դիրք, որտեղով անցնում են համաշխարհային ռազմավարական հաղորդակցություններ, բախվում շահեր: Միայն բաց, ակտիվ գործունեությամբ կարող ենք հասնել զարգացման, հակառակ դեպքում պարզապես դուրս կմղվենք, ընդ որում՝ բոլոր առումներով:

Վերջին օրերի այս աղմուկը ոչ մի կապ չունի իրականության հետ եւ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց համար դարձել է հարմար առիթ: Ընդ որում, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար: Այնինչ նրանց՝ հասարակության վերնախավի, խնդիրը ավելի խորքային պետք է լիներ՝ հասարակական համաձայնության մթնոլորտ ձեւավորելը, որի դեպքում կասկածելի գործարքները կբացառվեին: Սակայն հետեւելով այս աղմուկին, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում մոտ ժամանակներս որեւէ դրական փոփոխություն չի լինի:

ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031