Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ես նման բան արած լինեի, ինձ վաղուց դաշնակցությունից հեռացրած կլինեին»

Հունվար 21,1999 00:00
Vahan Hovhannisyan

 Հարցազրույց ՀՀ նախագահի խորհրդական, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հետ

-Պարոն Հովհաննիսյան, վերջերս «Առավոտին» տրված հարցազրույցում «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնության նախագահ, ԳիԱրՔՄի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը հայտարարեց, թե դուք, նախքան պաշտոնյա դառնալը կողմ էիք Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությանը։ Եվ պաշտոնյա դառնալուց հետո փոխել եք ձեր կարծիքը։ Իրո՞ք այդպես է։

– Երբեք։ Ես ձեր թերթից տեղեկացա, որ երբեւէ նման գաղափարներին կողմ եմ եղել։ Ես միշտ կողմ եմ եղել Հայաստան, Ռուսաստան, նաեւ՝ Բելառուս, ինչո՞ւ չէ, ընդհանրապես նախկին Սովետական Միության բոլոր հանրապետությունների հետ, բայց հատկապես՝ սլավոնական հանրապետությունների եւ առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանի եւ նրա բնական դաշնակից Բելառուսի հետ սերտագույն կապերին, դաշինքներին եւ համագործակցությանը։ Բայց մաս կազմել որեւէ այլ պետության, ոչ մի դաշնակցական երբեք չէր կարող ձգտել։ Եթե ես նման բան արած լինեի, Աղասի Արշակյանին սա կարելի է բացատրել, ինձ վաղուց դաշնակցությունից հեռացրած կլինեին, որովհետեւ որեւէ դաշնակցական չի կարող կողմ լինել Հայաստանի՝ որեւէ պետության մաս կազմելուն։ Դրա համար, օրինակ, եթե Աղասի Արշակյանը դիմեր դաշնակցությանը, իրեն չէին ընդունի։ Անշուշտ, նա չի էլ պատրաստվում, ես վստահ եմ, բայց սա շատ սկզբունքային հարց է։ Եվ երբ նա ասում է, որ ես երկու ձեռքով կողմ եմ եղել, այո, ես կողմ եմ եղել լավ հարաբերությունների։ Միշտ ինձ համար մտահոգիչ է եղել այդ ստորագրահավաքը։ Ես միշտ դրա մեջ տեսել եմ վտանգ, ի վերջո, հոգեբանական ստորացման խնդիր է սա։ Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր կազմակերպում էին այս ստորագրահավաքը, կլինի դա Աղասի Արշակյանը, կամ հակառակ կողմից՝ կոմունիստները, դրանով արել են, կարծում եմ, մեծագույն սխալ։ Այդպիսի հարցերը այդ մեթոդներով չեն լուծվում։ Եվ կարծում եմ, որ (Աստված տա՝ ես սխալվեմ) դա ապագայում կարող է իր վնասները ցույց տալ։

– Այսօր հրատապ մեկ հարցի շուրջ եւս. «ԱրմենՏելի» սեփականաշնորհման, սակագների բարձրացման եւ այլնի հետ կապված անհանգստության այս օրերին իշխանամետ կուսակցությունները, զարմանալիորեն հակաիշխանական պահվածք ունեն։ Շատերն այդ պահվածքը համարում են իշխանությունների թելադրանք, ասվում է, թե իշխանամետ կուսակցությունները միտումնավոր են բողոքում «ԱրմենՏելի» դեմ։ Իսկապե՞ս ինչ-որ միտում կա, ԱԺ ընտրություններ են մոտենում, դարձյալ սպասելիքներ կա՞ն։

– Գիտեք ինչ, ասեմ ձեզ, իշխանությունների թելադրանքով ոչ մի բան չի կատարվում։ Հակառակը, նույնիսկ, ինչպես ձեզ հայտնի է, դաշնակցության տեսակետները կառավարությունը չողջունեց, դաշնակցությունն էլ իր հերթին կառավարության մոտեցումները չողջունեց։ Վերջին մեր հանդիպումը վարչապետի հետ հնարավորություն տվեց, այնուամենայնիվ, ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել, սակայն դա չի նշանակում, որ մենք հետագայում տարակարծություններ չենք ունենալու։ Այստեղ որեւէ պատվեր վերեւից երբեք չի եղել եւ չի էլ կարող լինել, մենք պատվերներ չենք կատարում, մենք «կարի ատելյե» չենք եւ այս իմաստով կարող եմ ասել միայն հետեւյալը, որ չլիներ սոցիալական լարումը հասարակության մեջ, լարվածություն չառաջանար հեռախոսավարձերի բարձրացման հետ կապված, հարցին չէինք էլ անդրադառնա, որովհետեւ հարցին գլոբալ իմաստով մենք միշտ էլ անդրադարձել ենք սեփականաշնորհման որոշակի ձեւերը անընդունելի գտնելով։ Այլ հարց է, որ մենք շատ լավ հասկանում ենք այսօր, որ կառավարությունն էլ այսօր փորձեց իր հնարավորությունների չափով անել ինչ-որ բան, ինչ-որ ձեւով «ԱրմենՏելին» բացատրելով Հայաստանի ներքին վիճակը, իր պահանջները՝ կապված նոր ներդրումների անհրաժեշտության հետ եւ այլն։ Այնպես որ, եթե մենք այս հարցերում համախորհուրդ աշխատենք, միգուցե արդյունքներն էլ ավելի լավ լինեն։ Բայց պատվեր կամ թշնամանք, այդ երկու ծայրահեղությունները, դրանք չեն եղել։

– Իսկ ձեր հայտարարած ակցիան՝ հեռախոսափողը չվերցնելու մասին, որքանո՞վ է պայքարի ձեւ։ Դուք իրո՞ք հեռախոսային կապից չեք օգտվել այդ օրը՝ հունվարի 16-ին։

– Ես չեմ վերցրել, ձեր թերթում կարդացի, որ ինչ-որ մեկը մեր տանը վերցրել է, կասկածում եմ, ճիշտն ասած, չի բացառվում, որ այդպես էլ չի։

– Արդյո՞ք դա պայքարի ձեւ է։

– Դա պայքարի ձեւ չի, դա ցուցադրական ակցիա էր, նախազգուշական։ Այդպիսի ակցիաներ կիրառվում են տարբեր ասպարեզներում, աշխարհի տարբեր երկրներում։ Որովհետեւ մեզանում առաջին անգամ է արվել, դրա համար էլ առաջացրել է ինչ-որ տարակուսանք, զարմանք…

– Իսկ կուսակցության ներսում ստուգումներ անցկացվե՞լ են, ասենք, որեւէ անդամի, որն օգտվել է այդ օրը հեռախոսից, խիստ պատժամիջոց եւ այլն։

– Չէ, իհարկե, ինչպե՞ս կարող ես նման բան ստուգել։

Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031