Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵԼԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հունվար 21,1999 00:00
Vazgen Manukyan

«Շուտով լրանում է մեկ տարին, ինչ հեռացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ երեւի արդեն ժամանակն է տեսնել, թե այս մեկ տարին ինչ տվեց մեզ»,- ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ասուլիսն, ըստ ամենայնի, այս կուսակցության համար ավանդական՝ բացառապես նախընտրական աշխուժացման մեկնարկն էր։

Իշխանափոխության տարին առաջինն ԱԺՄ-ն տվեց

Հիշեցնելով իր բազմակի պնդումը, որ մեր պետությունը պիտի դուրս գա այն ակոսից, որում է այժմ, այլապես «վերջը վատ է լինելու», Վազգեն Մանուկյանն ամփոփեց իշխանափոխության 1 տարվա արդյունքները. «Կարող եմ միայն ասել, որ մենք այդ ակոսից դուրս չեկանք։ Նույն արագությամբ սելը ճռճռալով այդ ակոսով գնում է դեպի անդունդ եւ սրա շարունակությունն իսկապես հանգեցնելու է նրան, որ աշխարհի այս մասում մշակութային ռեզերվացիա ենք դառնալու»։

Հանգամանալից հիմնավորելով իր պնդումը, որ ամեն ինչ նույնն է մնացել եւ ժողովուրդն էլ նույնքան դժգոհ է (եթե ոչ ավելին) ինչպես 1996-ին՝ ԱԺՄ նախագահը միակ փոփոխությունը հետեւյալը նշեց. «Եթե մնացած բոլոր կառույցները նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տակ էին գտնվում եւ վիճաբանությունների ժամանակ մի մարդ կար, որը կարողանում էր տիրապետել իրավիճակին՝ այժմ իրավիճակին տիրապետող էլ չկա։ Բացահայտ երեւում են երկու թեւեր՝ մեկը Ռոբերտ Քոչարյանի թեւն է, մյուսը՝ Վազգեն Սարգսյանի։ Անկախ նրանից՝ նրանք ինչ կասեն, միասին խաշ են ուտում, թե իրար հետ ընկերություն անում՝ բացահայտ երեւում են շահերի բախումները։ Դա բերում է նրան, որ քաղաքական ասպարեզում մի քիչ ավելի ազատ է շնչելը։ Բայց նրանցից մեկնումեկի հաղթանակի դեպքում շատ ավելի ծանր վիճակում կգտնվենք, քան նախորդ ամբողջ ժամանակաշրջանում»։

Նշված եւս մի փոփոխությունն էր, որ, ինչպես եւ կանխատեսվում էր, Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ դառնալը նպաստեց հայաստանցի-ղարաբաղցի հակասությունների սրմանը։ «Այդ հակասությունները քաղաքական ասպարեզում բացահայտ չեն ասվում։ Դրանք կենցաղային մակարդակում են»։ Ի դեպ, Վազգեն Մանուկյանը Սամվել Բաբայանի հրավերով Ղարաբաղ դեռ չէր այցելել։

Ռո՛-բե՛րտ, հե՛-ռա՛-ցի՛ր

Վազգեն Մանուկյանը մերժելով ընտրությունների բոյկոտը՝ չէր բացարձակացնում դրանց արժեքը՝ կուսակցությունների ստանալիք ձայները կամ հնարավոր դաշինքները ստորադասելով հետեւյալին. «Հայաստանի փրկությունը միայն մեկն է, որ ժողովուրդը պետք է հաղթի մինչեւ ընտրությունները։ Ընտրությունները պետք է վավերացնեն արդեն ստացված արդյունքը»։ Ավելի ուշ որոշակիացնելու համար նկատեց, որ նման իրավիճակներ ստեղծվել էին 1990-ին եւ 1996-ին։ «Փոքր քայլերով Հայաստանի վիճակը փոխել հնարավոր չէ՝ կտրուկ փոփոխություն է պետք»,- արձանագրեց պրն Մանուկյանը։ Նրան խնդրեցին մանրամասնել, թե հատկապես ինչ փոփոխություններ է կարեւորում. «Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը պետք է հեռանան,- ի պատասխան ասաց նա։- Այդ անձերի դեմ չէ, որ խոսում եմ։ Քոչարյանն ու Սարգսյանն ուրիշ պայմաններում կարող էին օգտակար լինել իրենց ժողովրդին»։

«Ընտրությունից՝ ընտրություն Հայաստանում կարծես ավելի է դժվարանում իշխանության փոփոխությունն օրինական ճանապարհով։ Կարո՞ղ է դա նրան հանգեցնել, որ Դուք, ի վերջո, համաձայնեք իշխանական բարձր դիրք գրավելով ներսից փոխել իշխանությունը»,- «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի այս հարցին հետեւյալ պատասխանը տրվեց. «Ես չեմ կարծում, որ խորամանկությունների կամ այս կամ այն ասպարեզում վիճակը մի քիչ լավացնելու միջոցով հնարավոր է սելն այդ ակոսից հանել»։

«Ախր այդ գնացքն ինչո՞ւ սել դարձավ»,- «Առավոտի» այս անկեղծ հարցադրումն առիթ դարձավ, որ «Գնացքից թռչելու ժամանակ»-ի հեղինակը խոստովաներ, թե վստահ է եղել, որ այդ վերնագիրը հիշվելու է՝ եթե անգամ հոդվածը մոռացվի։

ԱԺ ընտրություններին ընդառաջ

Ստվերային կաբինետ ձեւավորելու վերաբերյալ Վանո Սիրադեղյանի առաջարկին իր վերաբերմունքը Վազգեն Մանուկյանը խիստ համառոտ արտահայտեց. «Մենք չենք գտել, որ այդ առաջարկը նույնիսկ պատասխանի կարիք ունի»։

Արցախում ԱԺ ընտրատարածքներ ձեւավորելու վերաբերյալ Հրանտ Բագրատյանի առաջարկը ԱԺՄ նախագահի բացասական որակումներին արժանացավ. «Ես սա ոչ մաքուր քաղաքական խաղ եմ համարում, որի զգեստներն ազգային են։ Սա փորձ է Ղարաբաղի ժողովրդին նորից օգտագործելով ԱԺ-ում լրացուցիչ մի քանի մարդ ունենալ։ Ուրիշ ոչ մի բան»։

«Ա1+»-ի մեկնաբանի հարցին պատասխանից պարզվեց, որ ԱԺՄ-ն դեռեւս համամասնական իր ցուցակը չի ձեւավորել, այլ առայժմ միայն քննարկում են, թե ինչ սկզբունքով է այն կազմվելու։

Դարձյալ «Ազատություն» ռ/կ-ի հիշեցումն էր, որ ընտրական օրենսգրքի «Երկրապահի» տարբերակի հոդվածների շուրջ 16%-ն ընտրական պատիժներին է նվիրված՝ 6 ամսից մինչեւ 20 տարի ազատազրկում՝ առանց համաներման։ «1998-ին ԱԺՄ-ի դեմ ընտրական խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերն ի՞նչ ավարտ ունեցան, հատկապես՝ Արարատի միջադեպը»,- հարցին Վազգեն Մանուկյանը կարճ պատասխանեց. «Ոչնչով չավարտվեցին»։ Նախորդ տարիներին ընտրակեղծիքների համար որեւէ մեկին լուրջ պատասխանատվության չենթարկելու նախադեպը բավարար հիմք էր այն կանխատեսման համար, որ օրենսգրքի այդ խստացումները «արդարության համար պայքարողներին նստեցնելու համար» են նախատեսվել եւ, որ դրանք «կասկածելի ու ծիծաղելի են»։

Վիճակը նետված է

Վերջին շրջանում ԱԺՄ տարբեր գործիչներ հաճախ են հրապարակավ վկայում ներկուսակցական որոշ տարաձայնությունների կամ, ինչպես Դավիթ Վարդանյանն էր ԱԺՄ 10-րդ համագումարում բնութագրել՝ «տեսակետների բախման» մասին։ «Առավոտն» առաջարկեց պրն Մանուկյանին պարզաբանել, թե հատկապես որ խնդիրների շուրջ են տեսակետները տարբերվում։ Վազգեն Մանուկյանը նշեց, որ ԱԺՄ-ում միշտ էլ բազմակարծություն է տիրել, միշտ էլ իրար հետ վիճաբանել եւ քվեարկությամբ են խնդիրները լուծել։ «Եվ ես կարող եմ նաեւ հարցեր նշել, որոնք ես եմ վարչությունում առաջադրել, բայց քվեարկության ժամանակ իմ առաջարկը չի ընդունվել»։ Իսկ ավելի ստույգ, տարակարծությունները վերաբերել են նախագահական ընտրություններից հետո պայքարը շարունակելու կամ իշխանությունների հետ համագործակցության երկընտրանքին։ Բայց դա կուսակցության տրոհման կամ խմբավորումների առաջացման պատճառ չի դարձել, այլ միայն այդ երկընտրանքի փոխարեն «սպասման ժամանակաշրջանի», երբ փորձել են գնահատել, թե այնուամենայնիվ դրանցից որն է ճիշտ։

Այդ ժամանակաշրջանն այլեւս ավարտված է, ԱԺՄ նախագահը հավաստեց, որ ընտրվել է այս իշխանությունների դեմ պայքարի տարբերակը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031