Հայաստանի բանկային համակարգում ստեղծվել է միջնորդ դատարան։ Այս մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանը։
Միջնորդ՝ հաշտարար դատարանի պատասխանատու է նշանակվել արդարադատության նախկին նախարար, «Կոկա-կոլա-բոթլերս-Արմենիա» ձեռնարկության իրավական ծառայության պատասխանատու Վահե Ստեփանյանը։ Նա եւս մասնակցում էր ասուլիսին, իր տեղակալ Կարեն Մելքոնյանի հետ։ Պարոն Ստեփանյանը նշեց, որ միջնորդ դատարանի գոյությունը քաղաքացիական հասարակության ձեւավորման փուլ է։ Տնտեսական հարցերի քննարկումը, ըստ նրա, մեր դատական համակարգի ամենաթույլ կողմերից է։ Հենց այս պատճառով էլ բանկիրները մտադրվել են ստեղծել հաշտարար դատարան։ Ըստ պարոն Ստեփանյանի, հաշտարար միջնորդ դատարանների վճիռները զարգացած երկրներում «կամավոր կատարվում են մոտ 90 տոկոսի չափով»։
Բանկիրներն առաջարկում են բանկային բոլոր վեճերը նախ քննարկել նորաստեղծ հաշտարար դատարանում, որը համաձայնության գալու ավելի մեծ հնարավորություն կտա, քան պետական առաջին ատյանի դատարանը։ Հաշտարար դատարանի գործունեության մեխանիզմը հետեւյալն է. վիճող կողմերը ընտրում են իրենց դատավորներին մեկ ամսվա ընթացքում։ Այնուհետեւ այդ երկու դատավորները նույնպես մեկ ամսվա ընթացքում ընտրում են գլխավոր դատավոր եւ քննում վիճելի հարցը։ Ժամկետների խախտման դեպքում դատավորների նշանակման լիազորությունը փոխանցվում է բանկերի ասոցիացիայի նախագահին։ Նշենք նաեւ, որ եթե հաշտարար դատարանի վճիռը չգոհացնի, կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել առաջին ատյանի դատարան։ Բանախոսների կարծիքով, միջնորդ դատարանը շատ ավելի արդյունավետ կաշխատի, քան գործերի քննություններն անընդհատ ձգձգող պետական դատարանները։
Միջնորդ դատարանի ձեւավորման համար բանկերը 3 մլն դրամ եւ գույքային օժանդակություն են տրամադրելու։ Արդեն կազմվել է հաշտարար դատավորների ցուցակ՝ 17 անդամով։ Ցուցակում եղած եւս մեկ անդամ ընտրվել է պետական դատավոր։ Դատավորների համար հունվարի 7-ին արդեն սեմինար է կազմակերպվել։ Դատավորների անվանացուցակը կազմվել է բանկերի առաջարկությունների հիման վրա, կամավորության սկզբունքով։
Կարդացեք նաև
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ