Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը սուրբ մարդ է համարում նախարարին

Հունվար 21,1999 00:00
dat

Կենտրոնի եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանում երեկ դատավարությունն անցավ դատական վիճաբանությունների ունկնդրումով։

Վարդան Բաբայանի նկատմամբ հարուցված քր. գործում դատարանը 28 դատակոչված վկաներից լսեց 12 վկաներին, տուժողին՝ առեւտրի նախկին նախարար Տիգրան Գրիգորյանին։ Մեղադրող Գ. Ավետիսյանն իր ճառում ասաց, որ առաջադրված մեղադրանքն ուղղված է եղել ուղիղ անձի իրավունքների, նախեւառաջ արդարադատության դեմ։ Նա ասաց, որ գործով ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս ասելու, որ ակնհայտ մատնության արդյունքում արատավորվել է անձը, տվյալ դեպքում՝ Տիգրան Գրիգորյանը։ Ապա շարունակելով իր խոսքը, ասաց, որ տուժողն իր ցուցմունքում հայտնել է, որ ինքը երբեւէ որեւէ գործարքի մեջ չի մտել, քանի որ «արտոնագիր ստանալը մեծ բան չէր», կա հանձնաժողով, որն ինքն էր զբաղվում արտոնագիր տալու հարցով։

Ընդ որում, արտոնագիր ստանալու համար նախապես պետք է դիմեին շրջգործկոմներին, ինչը, ի դեպ, տեղի է ունցել «կաշառք» օպերացիայից հետո։ Տուժող Տիգրան Գրիգորյանն ասաց. «Եթե չլինեին Ղուկասյանն ու Բաբայանը, կլինեին ուրիշները»։ Ըստ նրա, կազմակերպիչները ՆԳ աշխատակիցներն են եղել եւ որպեսզի ողջ ճշմարտությունը բացահայտվի, անհրաժեշտ է «գտնել» երկրորդին՝ Սամվել Ղուկասյանին։ Վարդան Բաբայանն իր վերջին խոսքում ասաց. «Ներողություն եմ խնդրում նախարարից։ Ես հարկադրված եմ եղել։ Երրորդ անգամ եմ ասում՝ ներողություն։ Առաջին անգամ եմ հանդիպում նախարարին, եւ նախարարն ինձ համար սրբություն եղավ։ Իր մոտեցումով։ Մարդկանց չի կարելի ապրանքի տեղ դնել»։

Դռնբաց դատական նիստն ավարտվեց։ Դատարանը գտավ (դատավոր Է. Ավետիսյան), որ գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ ՆԳ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն են դիմել ակնհայտ սուտ հայտարարություններով։ Ամբաստանյալը՝ Վ. Բաբայանը, «գտնվելով սերտ կապերի մեջ միլիցիայի աշխատակիցների հետ», մասնակցել է, այսպես կոչված, կաշառք տալու «օպերացիային»։ Երկրորդ հանցակիցը՝ Սամվել Ղուկասյանը, ներկայացել է որպես չեռնոբիլյան աղետի հաշմանդամ՝ նախարարի աշխատասենյակ մտնելու համար։ Ընդ որում, նրա ձեռքսեղմման ժամանակ նախարարի ձեռքի վրա մնացել է քիմիական այն նյութի հետքերը, որով մեկ օր առաջ, 1994 թ. մայիսի 9-ին, «մշակվել» էր, այսպես կոչված, կաշառքը։ Երբ բացահայտվել է «ակնհայտ սուտ հայտարարությունը», Վարդանը տարվել է ՆԳՆ շենք, հետագայում պահվել Գայդարի փողոցի շենքում, հետո Պտղնի ամառանոցում, այնուհետեւ տեղափոխվել Մոսկվա…

Դատարան ներկայացած ՀՀ առեւտրի նախարարության աշխատակիցներն ու լիցենզավորող հանձնաժողովի անդամներն իրենց հերթին ցուցմունքներ էին տվել, որ հանձնաժողովն էր զբաղվել արտոնագրերի տրման հարցերով։ Ի վերջո, դատարանը որոշեց ամբաստանյալ Վարդան Բաբայանին դատապարտել 3 տարի ազատազրկման։ Նրա վերջին թռուցքախոսքն էր՝ «սարքեցին»։ «Սարքողների» նկատմամբ գնահատականն ավելի ամբողջական կլինի, երբ վերջապես հայտնվի փախուստի մեջ գտնվող Սամվել Ղուկասյանը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031