Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏՔԻ ԽԵԼՈՔՆ Է ԼԱՎ, ԱՍՈՒԼԻՍԻ՝ ԿԱՐՃԸ

Հունվար 21,1999 00:00
lur

«Ի տարբերություն այլ նախարարությունների ղեկավարների՝ մեր նախարարը շատ բաց է ԶԼՄ-ների համար»։

ՀՀ առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նոր նախարար Հայկ Գեւորգյանին ասուլիսի սկզբում այսպես գովեց նախարարության լրատվական ծառայության պետը։ Սա նախարարի առաջին «լայնածավալ» ասուլիսն էր, եւ պրն Գեւորգյանն այնքան էլ ծանոթ չէր լրագրողների հետ շփվելու «նրբություններին»։

Գիտություն եւ տեխնիկա

Ասուլիսի առաջին մեկ ժամը պրն Գեւորգյանը որոշեց նվիրել «Գիտություն եւ տեխնիկա» թեմայով գուցե հետաքրքիր, բայց երկարաշունչ դասախոսությանը։ Հիմնավորելով թեմայի ընտրությունը՝ նա «թել առ թել» ներկայացրեց արդյունաբերության զարգացման հեռանկարների համար գիտության ու, մանավանդ, տեխնիկայի նշանակությունը։ Պրն նախարարի խոսքը թեեւ փաստերով ու թվերով այնքան էլ համեմված չէր, փոխարենը շատ բանաստեղծական էր ու պաթետիկ։ Մոտավորապես այսպես. «Արդյունաբերությունը մտադիր է այսուհետ աշխատել, ապացուցել, որ Հայաստանում ինքը եղել է, կա ու… կլինի»։ «Ես իմ խոսքն այսօր կառուցելու եմ ընդհանուր առմամբ, ես իմ խոսքը կառուցելու եմ, թե, ընդհանրապես, ինչ եմ տեսել եւ ինչն եմ կարեւորում, ես իմ խոսքը կառուցում եմ կոնցեպտուալ, հիմնադրույթային տեսակետից»։

Ամենահրապուրիչն ու գեղեցիկը

Խոսելով ներդրումային քաղաքականության մասին՝ պրն Գեւորգյանը կարեւորեց «գեղեցիկի գաղափարը». «Ինվեստորների համար մենք շատ ավելի հրապուրիչ կլինենք, եթե միշտ ու անընդհատ ցույց տանք, որ տվյալ ճյուղի ու արտադրատեսակի հեռանկարը շատ ավելի կարեւոր է, քան թե այսօրվա հնարավորությունը»։ Ինվեստիցիաների, ինվեստորների եւ Հայաստանի միջեւ ընդհանուր աղերսները ներկայացնելիս պրն նախարարն օգտագործեց «նմանն զնմանին գտանէ» միտքը, ինչպես նաեւ՝ այն, որ «Սա շատ լավ է, սա շատ հրապուրիչ է, սա շատ գեղեցիկ է»։

Աջը չգիտի, թե ձախն ինչ է անում

«Լուրջ մի պրոբլեմ եմ տեսել. մի ձեռնարկություն բացարձակ չգիտի, թե մյուսն ինչով է զբաղված, մի ձեռնարկություն չգիտի մյուսի հնարավորությունների մասին, ձեռնարկությունները չգիտեն՝ ում, որտեղ ինչ է պետք»։ Ըստ նախարարի՝ կողք-կողքի աշխատում են ձեռնարկություններ, որոնք բոլորն էլ ձուլումով են զբաղվում։ Եթե այդ ձեռնարկություններն աշխատեն համաձայնեցված, արտադրանքի ինքնարժեքը բավական կիջնի։ Սեփականաշնորհման մասին խոսելիս՝ նախարարը նշեց, որ ինքը դեմ է, «երբ ասում են՝ օրենքը քար է։ Օրենքը քար չէ, օրենքը պարտադիր է կիրառման համար»։ Օրենքի եւ քարի միջեւ որեւէ ընդհանուր բան գոնե ես չգտա։ Բայց նախարար է, որ ասաց, մի բան գիտի։ Սեփականաշնորհման հնարավոր օգուտների՝ աշխարհի կողմից ապացուցված օրինակներ բերեց նախարարը՝ թեմային նվիրելով մոտ կես ժամ։

Լիրիկական շեղում

Պրն Գեւորգյանի ասուլիսին առավել մանրամասն ու հանգամանալից կարող էի անդրադառնալ, սակայն, անկեղծ ասած, նախարարն իր նախաբանն այնքան երկարացրեց, որ թե՛ ձայներիզս դեռ հարցուպատասխանի չհասած՝ վերջացավ, թե՛ ձայնագրիչիս մարտկոցները «նստեցին»։ Միայն հիշում եմ, որ Հայաստանում տուրիզմի զարգացման համար լուրջ ներդրումներ են հարկավոր եւ որ ոչ մի հայրենադարձ կամ արտասահմանցի «ԼԱԶ»-ով Ջերմուկ չի գնա։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031