Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Հունվար 21,1999 00:00
trichq

«Իշխանության կուսակցություն» թեմայով բանավեճին մասնակցում էին ՀՀ նախագահի նախկին երեք թեկնածուներ՝ Վիգեն Խաչատրյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Աշոտ Բլեյանը, իսկ Պարույր Հայրիկյանը թեպետ բանավեճին ներկա չէր, բայց նրա կուսակից Ներսես Զեյնալվանդյանի երեսին եթե չնայեիր, նրա ձայնը լրիվ ստեղծում էր Հայրիկյանի ներկայության պատրանքը։ Թեպետ բանավեճի հետ կապ չունի, բայց ուզում եմ առիթն օգտագործել։

ՌԱ(ԼԴ)Կ կուսակցության հրավիրած բանավեճին մասնակցելու եկած գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները նախկին ՀՀՇ-ականներ էին։ Այժմ նրանք որպես տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ փորձում էին միահամուռ պարզել, թե ի՞նչ է իշխանության կուսակցությունը եւ ի՞նչ է իշխող կուսակցությունը։ Ըստ զեկուցող Վիգեն Խաչատրյանի, երբ հասարակությունը կորցնում է վերահսկողությունը իշխանության նկատմամբ, վերջինս սկսում է իրեն ավելի ազատ պահել։ Իշխանության կուսակցությունը գործում է ստորջրյա մեթոդներով, ժողովրդին մատուցվում է իշխող կուսակցությունը։ Ներկայացվող պատկերն այնքան ծանոթ էր, որ մասնակիցներից մեկն ուզեց ճշտել՝ Հայաստանի՞ մասին է խոսքը, թե՝ ընդհանրապես։ Իհարկե՝ ընդհանրապես, սա ոչ թե Հայաստանի մենաշնորհն է, այլ նախկին խորհրդային հանրապետությունների։

Անկախ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկաներին հասցրեց մինչեւ ՀՀՇ առաջին համագումար, ասաց հանրահայտ՝ «շարժումը կարող է լինել համազգային, կուսակցությունը՝ ոչ» միտքը։ Էլի որոշ բաներ ասելուց հետո, Ահարոն Ադիբեկյանը որոշեց մի փոքր ննջել, իսկ երբ քնից զարթնեց, խոսեց քաղաքական միամտության մասին։ Նման պատկեր այլեւս չկրկնվեց բանավեճի ընթացքում։ Պարզապես Բաբկեն Արարքցյանը ցավալիորեն ոչ մի խոսք չասաց, սակայն դրա փոխարեն Բլեյան Աշոտը նրա ականջին մի քանի (այլոց ականջին անհասանելի) բաներ շշնջաց։

Սակայն պարոն Բլեյանը նաեւ բարձրաձայն ելույթ ունեցավ, խոսքի վերջում ողջունելով կլոր սեղանը։ Սեղաններն այստեղ ի դեպ քառանկյուն էին, սակայն պարոն Բլեյանը հավանաբար գաղափարը նկատի ուներ։ Ըստ պարոն Բլեյանի, Հայաստանի կուսակցություններն իրենց ծնունդով եւ բնույթով հեղափոխական են։

ԱԺ պատգամավոր Արա Սահակյանն էլ փաստեց, թե իշխանափոխությունը Հայաստանում անցյալ տարվա այս օրերին, փաստորեն իշխանության կուսակցության կողմից նոր լիդերի ընտրություն էր։ Խոսքի ընթացքում մի միտք եւս հնչեց, որը «Առավոտ»-ին խիստ հետաքրքրական թվաց, միտքը մոտավորապես հետեւյալն էր. արհեստավարժը քաղաքական անպատասխանատվություն է, ոչ արհեստավարժը՝ քաղաքական պատասխանատվություն։ Ըստ պարոն Սահակյանի, «քանի դեռ չի գործում մի պարզ սխեմա, որ ժամանակի ցանկացած պահի խորհրդարանում մեծամասնություն կազմած ուժերը ձեւավորեն կառավարությունը, ուրեմն մենք գտնվում ենք դեմոկրատիայի ձեւավորման ամենախղճուկ վիճակում»։

ՀՀՇ պաշտոնաթերթ «Հայք»-ի խմբագիր, մեր գործընկեր Տիգրան Հակոբյանը շեշտեց, որ խոսվում է այսօր ձեւավորված իշխանության կուսակցության մասին, իսկ այդ տերմինը կարող է ձեւավորվել միայն բազմակուսակցական հասարակությունում, սակայն չմոռանանք, որ այսօր կա մեկ այլ տերմին եւս՝ ընդդիմության կուսակցությունը, որը ձեւավորվել է իշխանափոխությունից հետո եւ նրա մասին արժե խոսել։ Երբ այս խոսքի տպավորության տակ էլ մասնակիցներից մեկը փորձեց պարզել, թե ԻՄ-ը իրեն ինչպիսի՞ կուսակցություն է համարում՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության, Ներսես Զեյնալվանդյանը Պարույր Հայրիկյանի ձայնով ասաց, որ ինքը ԻՄ-ի անդամ է, հանձնաժողովի անդամը պաշտոն չէ եւ առաջինն իրենք էին պայքարում նախկին իշխանությունների դեմ։ ԻՄ-ը կարող է դառնալ իշխող կուսակցություն՝ այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելով։

«21-րդ դար ԺԱԿ» առաջնորդ Դավիթ Շահնազարյանը խոսեց գրեթե վերջում, եւ որպես Նոր դարի (չշփոթել «Նոր ուղու» հետ) խոսնակ, ասաց, թե ինքը համաձայն չէ ստվերային իշխող կուսակցություն տերմինին, «դա կլանային օլիգարխիա է, որովհետեւ լծակները մի խումբ մարդկանց ձեռքին են։ Եվ այդ կլանային օլիգարխիան կլանում է ամեն ինչ։ Իշխանափոխություն չի եղել… ուղղակի մի քանիսը հեռացել են, մի քանիսը՝ ոչ»։ Բարեբախտաբար, բանավեճն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում եւ կրքերն առանձնապես չբորբոքվեցին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031