Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎ ՑՈՒՑԱԿԻ ԲԱՂՁԱԼԻՆ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ

Հունվար 20,1999 00:00
cucuak

Բազմաթիվ հաշմանդամների, պատերազմի վետերանների, միայնակ մայրերի, որբ երեխաների, միայնակ թոշակառուների եւ հասարակության այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների ամեն տեսակի արտոնություններից զրկելուց հետո մնացել էր ամենամեծ ու դժվար խնդիրը՝ հայտնաբերել նրանց։

Սոցապ նախարարությունը՝ մի կառավարական շտաբ էլ հետը, լծվեցին այդ հրատապ գործին՝ սկսեցին փնտրել կարիքավորներ եւ միաժամանակ այդ կարիքավորներին փնտրելու եւ գտնելու ճիշտ մեխանիզմները։ Խոստացան, որ դա կարժենա մի-մի ընտանեկան նպաստ։ Միեւնույն ժամանակ անուշադրության չմատնվեց նաեւ մի այլ՝ ոչ պակաս շնորհակալ աշխատանք։ Սոցապ նախարարությունը չմոռացավ մի քանի շաբաթ անընդմեջ ազգային հեռուստատեսությամբ մի հոլովակ պտտեցնել՝ իր երկրի հնարավոր ոչ կարիքավոր բոլոր քաղաքացիներին քաղաքացիական բարձր գիտակցության բերելու, նրանց մեջ խղճի եւ խղճահարության նշույլներ արթնացնելու կոչով։ Վերջինս կարելի է ձեւակերպել մոտավորապես այսպես՝ «Իսկ դո՛ւ հրաժարվե՞լ ես արդեն ընտանեկան նպաստից»։

Իհարկե, մինչեւ վերջ այդպես էլ չհասկացանք՝ դա ընտանեկան նպաստ կոչվող համակարգի գովա՞զդն էր, թե՞ հակագովազդը։ Բայց դա էական չէ։ Կարեւորը, որ սոցապ նախարարությունը վերջապես կարծես թե գտել է կարիքավորներին բացահայտելու պարզագույն մեխանիզմը։ Չարժե շտապել եւ վերջին նախադասությունը մեր կառավարության գովազդը համարել. սոցապ նախարարությունը երեւի ինքն էլ գլխի չի ընկել այս մասին։ Իսկ մեթոդը ահա թե որն է. բավական էր միայն այս ամսվա նպաստառուների ցուցակները փակցնել թաղապետարանների պատերին, որ մարդիկ վեր կենային ու գնային՝ սեփական աչքով կարդալու իրենց անունները։

Հավատացեք, ոչ մի՝ քիչ թե շատ ապահովված մարդ այդպես խուճապի չէր մատնվի եւ սեփական տագնապը փարատելու հույսով չէր շտապի թաղապետարան։ Այդ քիչ թե շատ ապահովված մարդը կնստեր իր տանն ու կսպասեր, որ այսօրվանից սկսած մինչեւ ամսվա վերջը փոստատարը իր դուռը կթակի, ու փրկարար գումարը ինքն իրեն կհայտնվի տանը։ Մինչդեռ այն մարդիկ, որոնց դեպի ցուցակները բերել էր ոչ թե հույսը, այլ հուսահատությունը, նույնիսկ կարիքավոր չէին, շատ կարիքավոր էին՝ անհնարինության աստիճան։ Եվ հետաքրքիրն այն է, որ նրանցից շատ քչերն էին ընդգրկված այդ ցուցակներում։ Ու ստացվում էր այնպես, որ վրդովվում էին ոչ միայն իրենց անվան բացակայության, այլեւ իրենց բարեկեցիկ հարեւանի անվան ներկայությամբ։Իսկ «հարեւանները», որպես կանոն, իրենց նպաստառու լինել-չլինելը նախապես իմանալով, կարծես ամենեւին էլ մտահոգ չեն։

Երեւանի սոցիալական ծառայություններից մեկի պետը անցյալ շաբաթ դժգոհում էր, թե մի մարդ մեքենայով գալիս է ու խնդրում գրել, որ ինքը մեքենա չունի։ Ծառայությունում բոլորին արդեն ձանձրացրել է։ Շեղումները չհաշված, ծառայության ու թաղապետարանի դուռը գալիս-հասնում են իսկապես կարիքավորները։ Նրանց կարիքավորության աստիճանը կարելի է հաշվել աչքերում եղած (եւ լեզվին հասած) հուսահատության աստիճանից։

Դժվար է նրանց հետ զրուցել ու դառնալ նրանց անեծքների ու վիրավորանքների ունկնդիրը, երբեմն էլ հասցեատերը։ Եթե մի պապիկ իր տանը գրանցված տղա ու թոռ ունի, իսկ նրանք անհայտ Ռուսաստաններում են, իրենց աշխատած ու չաշխատած փողերն էլ պապիկի համար անհայտ են, նա էր իր ճաշը եփում, իր հագուստն ու անկողինը լվանում ու պարտաճանաչությամբ իր հեքիաթային թոշակից 100 դրամ բաժին թողնում փոստատարին, հիմա նա միայնա՞կ է, թե՞ միայնակ չէ։ Թե՞ պիտի քայքայվող հին տան պատերը վերջնականապես փլվեն այդ պապիկի գլխին, որ նրա կարիքավորության աստիճանը որոշողները գտնեն վերջապես կարիքավորության անհերքելի ապացույցները։

Ավելի հեշտ է խոսեցնել այն մարդկանց, որոնք այնքան էլ հուսահատ չեն, քանի որ բաղձալի ցուցակներում կարդացել են իրենց անունները։ Հուսահատ չեն, սակայն հուսավառված էլ չեն։ Յոթ հազար դրամը դեռ չստացած, հասցրել են մի քանի անգամ ծախսել ու դեռ մի բան էլ արանքում խնայել են։ Գրեթե բոլորն էլ խոստովանում են, որ հոգու խորքում ինչ-որ հույսեր էին փայփայում, թե մինչեւ վերջին պահը Աստված մի դուռ կբացի ու հրաշքով այդ գումարը գոնե կկրկնապատկվի։ Հիմա շատերն են կարծում, որ դրանով, համենայնդեպս, մինչեւ գարուն, հազիվ կարողանան փակել էլեկտրաէներգիայի պարտքերը։ Վատ չի, մանավանդ որ, հարազատ կառավարությունը այդպես էլ ծրագրել էր՝ կբարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը եւ ժողովրդի «բերանը կփակի» մի քանի հազար դրամով։ Սակայն ժողովրդի «բերանը» այնքան էլ չի փակվում. մի կին, որ իր անունը կարդացել էր ցուցակում, իրեն ավելի շատ ստորացված էր զգում, քան սփոփված. «Մարդու էրեսո՞վն էլ տան, թե քյասիբ ես, ինքն էլ ուրախանա»։ Հետո էլ թե. «Երեք հազար դրամ էլ տային, ուրախանալու էի»։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031