1999 թ. հունվարի 1-ին հայ հասարակությունը, քաղաքական ուժերը եւ պաշտոնյաները անակնկալի եկան՝ տեղեկանալով, թե «ԱրմենՏելը» պատրաստվում է բարձրացնել հեռախոսային ծառայությունների արժեքը՝ մեր ժողովրդին զրկելով կապի միջոցներից օգտվելու հնարավորությունից։
Մինչեւ իսկ անակնկալի էր եկել կապի նախարար Արտակ Վարդանյանը, որը չէր մասնակցել «ԱրմենՏելի» սեփականաշնորհմանը, որի համար թերեւս շատ է ափսոսում։ Եվ մեր ժողովրդասեր իշխանություններն ու իշխանավորները, նրանց պաշտպանող կուսակցություններն ու մինչեւ իսկ ընդդիմադիրները, սկսեցին բողոքի ցույցեր կազմակերպել միջազգային իմպերիալիզմի ագենտ, մեր ազնիվ ժողովրդի հարստահարիչ «ԱրմենՏել» ընկերության դեմ։
Մինչդեռ պարզվում է, որ սակագների նման բարձրացումը հայտնի էր դեռեւս 1997 թ. հունիսի 25-ին։ Եվ ոչ միայն հայտնի էր, այլ Հայաստանի կառավարությունը, ի դեմս վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, 1997 թ. հունիսի 25-ի կառավարության թիվ 218 որոշմամբ եւ «Արմենիա Տելեֆոն կոմպանիին» տրամադրած թիվ 60 լիցենզիայով, պարտադրել էր «ԱրմենՏելին» իրականացնել սակագների բարձրացումներ։
Թիվ 60 լիցենզիայի «Գների կարգավորում» բաժնում Հայաստանի կառավարությունը ապահովագրում է «ԱրմենՏելի» եկամուտները։ Այսպես, հիշյալ բաժնի առաջին կետը սահմանում է՝ «Այն դեպքերում, երբ գների հաշվարկը, հակառակ 6Բ կամ 6Գ բաժիններում նշված որեւէ դրույթի, ազդի լիցենզավորվողի եկամուտի վրա, որը կնվազի նրա եւ Հայաստանի Հանրապետության կապի նախարարության միջեւ համաձայնեցված դրույքաչափից (պայմանով, որ դրույքաչափի այդպիսի նվազումը լիցենզավորվողի ղեկավարության անարդյունավետ գործունեության արդյունք չէ), ապա հաշվարկը պետք է կատարվի համապատասխան գներով եւ սակագներով, որպեսզի լիցենզավորվողը կարողանա իր եկամուտը հետ ստանալ այդ նվազագույն դրույքաչափերով»։
Կարդացեք նաև
1997 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունում է նոր որոշում՝ 1997 թ. հունիսի 25-ի թիվ 218 որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին։ Այս որոշման՝ նախնական ծառայություններ բաժնում սահմանվում է՝
«Բնակչության տեղական անվճար զանգեր (ամսական 120 րոպե) Տեղական զանգեր՝ 1 րոպեի համար 8 դրամ
1999 թվականի հունվարի 1-ից բնակչության բաժանորդային վարձը բարձրացնել մինչեւ 1,70 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ամսական)»։
Այս բաժնի վերջում դրված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ստորագրությունը։ Ինչպես 218, այնպես էլ 594 որոշումները վավերացվել են Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից։
Խորհուրդ Արամ Սարգսյանին եւ Վահան Հովհաննիսյանին, մասամբ նաեւ Հայկոմկուսին՝ վերոնշյալից պարզ է դառնում, որ «ԱրմենՏելի» դիմաց ցույց կազմակերպելու կամ մեկ օրով հեռախոսադուլ հայտարարելու դեպքում ավելի ճիշտ կլիներ այդ հարցով դիմել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին հիշյալ անձինք աշխատանքի բերումով ավելի մոտ են գտնվում։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ