Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավորի փնտրտուք

Հունվար 20,1999 00:00
L.-H. Abrahamyan

Առաջ ամեն ինչ պարզ էր. մեր բոլոր դժբախտություններում մեղավոր էր նախագահը /նախկին/՝ համենայնդեպս այդպես էր երեւում «անհաշտ ընդդիմության» աչքին: Այստեղից էր բխում ընդդիմության քաղաքական ծրագրի գրեթե միակ կետը՝ «հրաժարական»: Այն ժամանակ շատ մարդիկ՝ ե՛ւ «հասարակ» ու ո՛չ այնքան «հասարակ», տրվել էին այդ տրամաբանությանը: Այսօր նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմությունը չի պնդում, թե ամեն ինչում մեղավոր է նախագահը /ներկա/: Այժմ ընդհանրապես հասկանալի չէ, թե ով է «ամեն ինչում» մեղավոր: Հենց այդ պատճառով էլ ընդդիմադիր կուսակցություններն, ըստ էության, ծրագիր չունեն:

Հատկանշական է, որ մեր քաղաքական առաջնորդները գովաբանում են ոչ թե սեփական ծրագրերը, այլ սեփական անձը եւ բարոյականությունը. պարզվում է, որ միայն իրենք են ընդունակ հոգալու ժողովրդի բարեկեցության մասին: Եթե հավատալու լինենք նման հավաստիացումներին, ապա Հայաստանում այսօր ազնիվ քաղաքական գործիչների աննախադեպ առատություն է:

Բազմակողմանիորեն զարգացած կուսակցություններ

Սովորաբար Եվրոպայում քաղաքական կուսակցություններն արտացոլում են հասարակության այս կամ այն շերտի, սոցիալական խմբի շահերը: Մինչդեռ մեզանում հիմնական կուսակցություններն, ըստ իրենց կողմից հայտարարագրված գաղափարախոսության, ներկայացնում են ողջ ժողովրդի, ազգի ընդհանրական շահերը: Ուստի դրանք միաժամանակ եւ «աջ» են, եւ «ձախ», եւ «ցենտրիստական», եւ «ժողովրդական», եւ ազգային-ժողովրդավարական: Ինչո՞ւմն է ապա նրանց տարբերությունը: Հավանաբար՝ ազնվության աստիճանի մեջ:

Վերցնել՝ վերցնելու համար

Պարույր Հայրիկյանը բազմիցս նշել է, որ նա մտադիր է վերցնել իշխանությունը՝ այն ժողովրդին վերադարձնելու համար: Այդ խոսքերի անկեղծության վրա կասկածելը բացառված է: Մնում է, հետեւաբար, ենթադրել, որ դրանց հեղինակը հաշվի չի առնում մի մանրուք՝ իշխանությունն անհնարին է ուղղակիորեն, անմիջապես փոխանցել մի քանի միլիոն մարդու ձեռքը: Հավանաբար, երկրի ղեկը ստիպված հանձնվում է առանձին մարդկանց կամ մարդու, որն առավել ադեկվատ ձեւով արտահայտում է ժողովրդի կամքն ու շահերը: Իսկ ո՞վ է ժողովրդի իղձերն արտահայտում Հայրիկյանից ավելի խոր եւ լիակատար: Ուրեմն, ստացվում է, վերցնել՝ վերցնելո՞ւ համար:

Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031