Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ

Հունվար 20,1999 00:00
Artashes tumanyan

ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովն իր հերթական նիստում քննարկեց հարկային քաղաքականության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունները։

Նիստին հրավիրվել էր ՀՀ նախագահի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Որպես ՀՀ հարկային տեսչության նախկին պետ, պարոն Թումանյանը բարեխղճորեն ներկայացրեց հարկային դաշտը եւ դրանում տեղական ինքնակառավարման մարմինների տեղը։ Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ-ում բոլոր հարկերը պետական են, տեղական հարկեր գոյություն չունեն։ Տեղական բյուջեները կարող են լրացվել հարկերով, պետական հարկերի գծով եւ տեղական տուրքերով եւ վճարումներով։ Այնպես որ, տեղական հարկից տեղական ինքնակառավարման մարմինները պետք է վաղուց հույսները կտրած լինեին։ Սակայն այդպե՞ս է, արդյոք։

Հայկական հարկային առանձնահատկություն է նաեւ Սահմանադրության 46-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված հարկերը վճարել», իսկ սա նշանակում է, որ հարկերի վճարման պատասխանատվությունը դրվում է հարկատուների վրա եւ ոչ թե պետության։ Սրանից հետեւում է, որ Հայաստանում հարկահավաք պետական մարմին չպետք է լինի։ Իսկ հարկային տեսչությո՞ւնը, կհարցնի հարկատու ընթերցողը։ Կարծում եք հարկային տեսչությունը հարկահավա՞ք է, բոլորովին, այն ուղղակի հետեւում է, հաշվառում է եւ օրենքով նախատեսված գործողություններ է իրականացնում։ Սա ըստ պարոն Թումանյանի։ Տեղական բյուջեն հայտնի է, որ սնվում է գույքահարկից, հողի հարկից եւ եկամտահարկից։ Իսկ գույքահարկի գանձումը լավ է իրականացվում այնտեղ, որտեղ պետությունը մասնակցում է, այսինքն որտեղ թԸԼ-ին մասնակցում է։ Հողի հարկի մասին պատրաստվում է օրենքի նախագիծ, որը նախատեսում է նույն ֆունկցիան տալ տեղական մարմիններին։

Պարոն Թումանյանի կարծիքով, սրանից ավելի լիազորություններ տալ տեղական մարմիններին. «հաստատ չարժե այս ուղղությամբ որեւէ բան տալ»։ Նրանց կարելի է ֆրանսիական օրինակով ընդամենը վերահսկողության եւ որոշ բաներ կասեցնելու իրավունք տալ։ Մանավանդ, այլ երկրներում հարկային համակարգը եւ պետական մարմիններն այսքան ակտիվությամբ ընտրություններին չեն խառնվում, ինչպես մեզ մոտ։

Նիստի ընթացքում առավել ակտիվ եւ հարցասեր էր Չարենցավանի քաղաքապետ պարոն Այվազյանը։ Հավանաբար, քաղաքի գործազուրկ նկարագիրը թույլ չի տալիս, որ պարոն քաղաքապետը կարգին գործ անի։ Քանի որ հարցերը գրեթե նրա մենաշնորհն էին, առավել մանրամասն հնարավոր չի լինի անդրադառնալ։ Ասեմ միայն, որ Սպիտակի քաղաքապետը հարցերի տարափի մի պահի խորհուրդ տվեց իր գործընկերոջը. «Ուրիշ ձեւի աշխատի, որ գործազրկությունը վերանա։ Տարբեր ձեւի ամեն ինչ էլ կարող ես մեկնաբանել»։

Կրթության եւ գիտության փոխնախարարն էլ, առիթն օգտագործելով, խնդրեց. եթե հանկարծ դպրոցներին իրավունք տրվի որոշ վճարովի ծառայություններ ունենալ, գոնե առժամանակ, թող հարկերից ազատ լինեն։ Պարոն Թումանյանը դեմ չէր՝ հնարավոր է հենց այդպես էլ լինի։ Թեպետ, եթե հիմնական հարկատուներին հանենք, մնացած 50 գլխավոր հարկատուների մեջ որոշ բուհեր հաստատ տեղ կունենան, մասնավորապես, բժշկական համալսարանը։

Նիստի ընթացքում շոշափվեցին եկամուտների հայտարարագրման, ստվերային տնտեսության եւ այլ հետաքրքիր հարցեր։ Եկամուտների հայտարարագրում ինչպե՞ս կարվի, եթե որեւէ նախարար կամ պաշտոնյա, անկասկած, իր ունեցած-չունեցածն իր անունով չի գրանցում, այլ՝ զոքանչի, քեռակնոջ, մորաքրոջ, բաջանաղի, այլ ոչ պաշտոնատար անձանց անուններով։ Ուստի, մեր հասարակությունը դեռ պատրա՞ստ չէ այս հայտարարագրմանը։ Իսկ ստվերային տնտեսությունը կլինի այնքան, քանի դեռ հարկային տոկոսներն այսքան բարձր կլինեն. «Հարկը թեթեւ որ լինի, ստվերային տնտեսություն չի լինի»։ Այս մտքերը հնչեցին նիստի ընթացքում։ Հիշեցնեմ, որ տեղական ինքնակառավարման հանձնաժողովը կազմավորվել է փոխնախարարների մակարդակով։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031