Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք «տվողներից» մեկը հետախուզման մեջ է

Հունվար 20,1999 00:00
hetaxuzum

Առեւտրի նախկին նախարարը դատարան է գալիս տուժողի կարգավիճակով

Կենտրոնի եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը երեկ, ըստ էության, ավարտեց մի դատաքննություն, որն առնչվում էր առեւտրի նախկին նախարար Տիգրան Գրիգորյանի անվան հետ։ Վերջինս, ի դեպ, դատաքննությանը մասնակցում է որպես տուժող, իսկ սույն քրեական գործը հարուցված է Վարդան Բաբայանի նկատմամբ, որին առաջադրված մեղադրանքն է՝ ակնհայտ կեղծ մատնությունը։ Վարդան Բաբայանը այն երկու քաղաքացիներից մեկն է (Սամվել Ղուկասյանը գտնվում է հետախուզման մեջ, ըստ տեղեկությունների՝ հանրապետությունից դուրս- Ռ. Մ), որը 1994 թ. մայիսի 10-ին հայտնվել է նախարարի մոտ, նրա սեղանին դնելով 2500 դոլար կաշառքը։

Դատակոչված վկաների՝ ՆԳ բաժնի աշխատակիցների ցուցմունքներից էլ պարզվեց, որ մայիսի 9-ին ՆԳ հայտարարություն է տրվել այն մասին, որ առեւտրի նախկին նախարար Տիգրան Գրիգորյանը իրենցից կաշառք է ուզում՝ օղու առեւտրի հետ կապված ինչ-որ լիցենզիա տալու համար («Ամարաս» կոոպերատիվի, որը 1989 թ.-ին լուծարված է արդեն եղել)։

Վկա Շուրա Դանիելյանն ասաց, որ քաղաքացիների հայտարարությունից հետո իրենք «մշակել» են տրվելիք գումարները։ Հաջորդ վկան՝ Կոտայքի ՆԳ բաժնի քրեական հետախուզության աշխատակից Անդրանիկ Կյուրեղյանն էլ ասաց, որ ճանաչել է ամբաստանյալին «դեպքի» կապակցությամբ, որ երկու քաղաքացիների հայտարարությունն էլ ինքն է ընդունել։ Մայիսի 10-ին «կաշառքը» տրվել է նախարարին (ամբաստանյալն իր նախաքննական ցուցմունքում ասել է, որ հայտարարություն տրվել է «միջոցառումից» հետո)։ Իսկ թե ինչպիսին է եղել ռեակցիան «միջոցառումից» հետո, ասաց. «Տիգրան Գրիգորյանն ասում էր, որ ես չեմ վերցրել, խառնված էր իրար։ Աշխատասենյակում շատ մարդիկ կային»։ Մեղադրողի՝ Գ. Ավետիսյանի այն հարցին, թե վկան գիտե՞ր, որ ամբաստանյալը 4 անգամ դատված է եղել, նա պատասխանեց բացասաբար։

Ամբաստանյալը, որն ի դեպ հանդես է գալիս առանց դատապաշտպանի, իր հերթին հայտարարեց, թե Ա. Կյուրեղյանն իրեն չի քննել՝ «այլ եղել է անծանոթ քննիչ, որն այնտեղ չէր աշխատում»։ Դատավոր Է. Ավետիսյանի «ի՞նչ գիտեք» հարցին պատասխանեց. «Գիտեմ։ Ես պնդում եմ, որ այդ բոլորը, նուրբ ասած, սարքովի էր»։ Պնդումներն այն մասին, թե ամբաստանյալի նկատմամբ «առանձին տեղափոխություններ» իրականացնելիս եղել է հարկադրանք, եւ այն հարցին էլ. «Ինչ կասեք Բաբայանին Կոմիտասում, Պտղնիում… պահելու մասին», վկան ասաց, որ այդ ամենն ինքը լսել է քննիչից (մեզ համար պարզ չէ, թե կաշառք տվող քաղաքացին որտեղ է գտնվել մինչեւ իրեն ձերբակալելը՝ 1998 թ. հունիսը- Ռ. Մ.)։ Վկա Սամվել Հայրապետյանն ասաց, որ իր ֆունկցիան եղել է այն, որ կաշառքը տալուց հետո պետք է մտներ նախարարի մոտ. «Մտնում ես աշխատասենյակ, որ տվյալ պահը չկորի»։ Եվ տվյալ պատմական պահը չի կորել մինչեւ այս դատական նիստերը։ Դատավոր Ավետիսյանի հարցին, թե վկան մասնակցե՞լ է որեւէ փաստաթուղթ կազմելուն, նա պատասխանեց դարձյալ մերժողաբար։

Մեղադրող- Մտաք ներս, նախարարն ընդունե՞ց, որ կաշառք է վերցրել։

Վկա- Նախարարը ոչինչ չասաց։

Տուժող Տիգրան Գրիգորյանը տեղեկացրեց, որ դիմել է հանրապետության գլխավոր դատախազին երկրորդ քաղաքացու հետախուզումն արագացնելու համար, քանի որ առանց երկրորդի, ասաց նա. «Ես համոզված եմ, որ ոչ մի բանի չենք հասնի»։ Իսկ ընդհանրապես նա գտնում է, որ ամբաստանյալը գործիք է եղել, եւ որ նրա հետեւում շատ ավելի ուրիշ ուժեր կան թաքնված։ Առեւտրի նախկին նախարարի մերձավոր շրջանակները մեր այն հարցին, թե ի վերջո, 1992 թ. հունվարից մինչեւ 94 թ. մայիսը նախարար աշխատած Տիգրան Գրիգորյանի հեռանալով ի՞նչ էին շահելու, պատասխանում են բազմիմաստ. «Հիշեք, թե դրանք ինչ ժամանակներ էին. Վ. Սիրադեղյանին ԱԺ-ում անվստահություն հայտնելու պահն էր։ Վերջինս, բնականաբար, ուզում էր ցնցող մի գործ ձեռնարկել։ Տ. Գրիգորյանը հարմար էր նրանով, որ դիտվում էր Համբարձում Գալստյանի մարդը եւ երկրորդ՝ Ալիկ Հարությունյանի ժամանակներն էին, երբ Ֆրանսիայում ժոկոների փողերն էին լվացվում»։

Այս գնահատականների հետ կարող են եւ չհամաձայնել, կարող են եւ համաձայնվել, սակայն դատաքննությամբ ձեռք բերված մի քանի «ապացույցներ», մի քանի վկաների ցուցմունքները բավարար են հասկանալու համար մի այլ բան, թե ում վրա են երբեմն հենվում մարդիկ, որոնց պետք է ինչ-որ բան սարքել։ Դատական վիճաբանությունների ունկնդրումը կավարտվի այսօր եւ, հավանաբար, դատարանը կհասցնի նաեւ վճիռ կայացնել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031