Թերեւս գովելի նախաձեռնություն էր ՍԻՄ, ԳիԱրՔՄի, Դեմկուս, «Մտավորական Հայաստան», «Հայաստանի սպառողների միություն» եւ «Մարդու իրավունքների պաշտպանություն 96» (կամ 98 – Լ. Ա.) կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ հավաք-ասուլիսը՝ նվիրված սակագների բարձրացմանն առհասարակ։
Մասնավորապես՝ «ԱրմենՏելին»։ Ամեն ինչ հալած յուղի պես կլիներ, եթե մի պահ մոռանայինք, որ այս կուսակցություններն են հիմնականում սատարել մեր նախագահին՝ ընտրությունների ժամանակ եւ ստացել պաշտոններ՝ ընտրություններից հետո։ Թեեւ երեկ Ռոբերտ Քոչարյանին մեղադրեցին համարյա թե մահացու մեղքերի մեջ։ Մեղադրանքների մեխն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության ժամանակ էր կնքվել «ԱրմենՏելի» պայմանագիրը։ Եվ որ նրան ստվերում են պահում, իսկ ամենաիսկական մեղավորը ՀՀ ստվերային նախագահն է (անուն կամ որեւէ այլ հատկանշական տվյալ չնշվեց – Լ. Ա.)։
Հետաքրքիր միտք հնչեց, որպիսին է. «Ժողովրդի հոգեբանական եւ սոցիալական մշակում է կատարվում։ Հոգեբանորեն ժողովրդին պատրաստում են՝ իմանալով, որ էս ժողովուրդը հանդուրժող ժողովուրդ է։ Սակայն արդեն ժամանակն է, որ կատարվի հասարակական եւ քաղաքացիական ակտիվության քայլ (այլ ո՛չ քաղաքական), այն է՝ չվճարել հեռախոսավարձը»։ Ակտիվությունն ակնառու կլինի այն ժամանակ, եթե աբոնենտների 40-50%-ը չվճարեն վարձը։ ՀՀ փոստի, կապի եւ հեռահաղորդակցության նախարար Արտակ Վարդանյանի ազգանունը դժվարությամբ տեղը բերեց Սպառողների միության նախագահը։ Խոսվեց նաեւ էլեկտրաէներգիայի սակագներից։ Սակայն քանի որ այս թեման արդեն թարմությամբ աչքի չի ընկնում եւ մեր ողջ ցասումն այժմ ուղղված է «ԱրմենՏելին», այս թեման էլ զարգացրին։ Թեեւ պետք է նկատել, որ ներկա լրագրողների առջեւ ասուլիսի ընթացքում էլեկտրաէներգիայի հարցը ավելի խիստ էր ծառացել. բանն այն է, որ սենյակը չէր տաքացված (եւ, հավանաբար, վաղուց)։ Ցուրտն ավելի էր սրում բոլորիս քաղաքացիական ակտիվության զգացումը։
Ռուբեն Թորոսյանը (որպես Սպառողների միության նախագահության անդամ) հիշեցրեց, որ «վաղը, մյուս օր կբարձրանան նաեւ աղբի, նոտարական ծառայությունների հարցերը, ուր մեկը երկուս է դառել»։ Իր խոսքը պրն Թորոսյանը եզրափակեց այս կերպ. «Մենք մեր կյանքը վտանգի ենք ենթարկում»։
Կարդացեք նաև
Քանի որ ասուլիսի կազմակերպիչներին համարյա հարցեր չեղան, Սպառողների միության նախագահը խոսեցրեց բոլոր կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ամենախելոքը վերոնշյալ միության հաշվապահ մի կնոջ խոսքն էր. «Էս ժողովները ժամանակավրեպ են, սովետական ժամանակների հետեւանք։ Հա, լավ ա, հավաքվում ենք, իրար տեսնում ենք, բայց պետք է ժողովրդին հանել ոտքի»։
Սակագների, նվազագույն սպառման մակարդակի սահմանման խնդիրներն, իրոք, բավական լուրջ են, սակայն անլուրջ ու ոչ ծանրակշիռ էին հնչում հենց ասուլիսի կազմակերպիչների շուրթերից։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ