Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Հունվար 20,1999 00:00
tankacum

Բայց՝ ոչ համերաշխ

Թանկացումների այս ֆոնի վրա համարյա թե չնկատվեց էլ, որ Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՓԲԸ-ն հունվարի 1-ից թանկացրել է անկախ հեռուստաընկերությունների ամենամյա հաճախականության շահագործման վարձավճարը։ Այն էլ տասնյակ անգամ։ Այսինքն՝ անկախ հեռուստաընկերություններն ամեն ամիս պետք է վճարեն 1000 դոլար՝ եթեր դուրս գալու համար։ Այն, որ այս խնդիրն ունի եւ՛ քաղաքական, ե՛ւ տնտեսական ենթատեքստ կամ հետեւանք, հեռուստաընկերությունների տնօրենները չեն ժխտում։ Սակայն թանկացման դեմ պայքարելու համար ոմանք՝ ուժ, ոմանք՝ իմաստ չեն գտնում։ Ով կարող է՝ կվճարի, ով էլ չի կարող (չեմ կարծում, թե այդպիսին, համենայնդեպս, գտնվի)՝ կլուծարվի։ «Առավոտը» փորձեց անկախ հեռուստաընկերությունների տնօրեններից ճշտել՝ համաձայնեցված ու հիմնավորվա՞ծ է այս թանկացումը, որտեղի՞ց պետք է իրենք միջոցներ գտնեն՝ վարձը վճարելու համար, իրենց փրկությունը կարո՞ղ է միասնության մեջ է, թե՞ ոչ։ Ստորեւ ներկայացնում ենք նրանցից մի քանիսի կարծիքները։

Ռաֆիկ Պողոսյան («Մայր Հայրենիք»)– Թանկացումից առաջ մեզնից որեւէ մեկը կարծիք չի հարցրել։ Եվ առհասարակ, Հայաստանում ինչ-որ բան թանկացնելուց որեւէ մեկին հարցնո՞ւմ են։ Անկապ թանկացում է՝ առանց հիմնավորման։ Քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, բայց տեսնում եմ սրա քաղաքական հետեւանքը. Հայաստանում նման գումարներ՝ հեռուստատեսության մեջ ներդնելու, չկան։ Այդպիսի գումարներ կարող են ներդնել միայն արտասահմանցիները։ Եվ մենք քիչ-քիչ կախման մեջ կընկնենք քեռի Սեմից։ 20-22-պատիկ թանկացումը կանդրադառնա թե՛ սեփական հաղորդումների քանակի ու որակի վրա, թե՛ աշխատակազմի սոցիալական վիճակի վրա։ Ցանկացած էքստրեմալ իրավիճակ՝ անկախ մարդու ցանկությունից, բերում է համարժեք գործողության։ Այնպես որ, ոչինչ չի բացառվում։

Մանվել Սարիբեկյան («ՄTV. 3+2»)– Եթե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորում էին կորուստներով, դեպի ատոմակայան կազմակերպած էքսկուրսիաներով, ապա 25-ապատիկ այս թանկացումը ոչ մի կերպ չի հիմնավորվում։ Հաղորդակցության կենտրոնի աշխատակիցների հետ զրույցից պարզվեց, որ 3 տարի է՝ անփոփոխ է ամենամյա հաճախականության շահագործման վարձավճարը։ Գուցե թե թանկացման կարիք կա, չգիտեմ, սակայն այդ պրոցեսը պետք է սահուն լինի, որպեսզի ադապտացվենք։

Մեր եկամուտները գովազդներից եւ վճարովի հաղորդումներից են։ Թանկացումից հետո ստիպված ենք կրճատել սեփական հաղորդումները։ Ամսական 40 դոլարի փոխարեն այսուհետ պետք է 1000 դոլար վճարենք։ Եթե վճարենք, իհարկե։ Հիմա փորձում ենք միջոցներ հայթայթել։ Ու, փաստորեն, ստիպում են, որ ընկնենք քաղաքական գործիչների կամ տնտեսական մագնատների ձեռքը, որը, ինքներդ էլ գիտեք, թե ինչ հետեւանքներով է հղի։ Չեմ կարծում, թե անկախ հեռուստաընկերությունների տնօրեններով հնարավոր կլինի դիմակայել դրան. վախենում եմ՝ համերաշխ չլինենք։

Մերուժան Տեր-Գուլանյան («Ար»)– Ես այն մարդկանցից մեկն եմ, որ տեղյակ եմ ամեն ինչից։ Առաջին անգամ դա ինձ ասել է «Ա1+»-ի տնօրենը, հոկտեմբերին։ Ես էլ հետաքրքրվեցի։ Նախ՝ 2 անգամ թանկացել է հաղորդակի սպասարկումը. անցյալ տարի վճարում էինք ամսական 2500 դոլար, այս տարի պիտի 5000 դոլար վճարենք։ Այդ պայմանագիրն արդեն «Ար»-ը ստորագրել է, որովհետեւ հարցն այսպես էր դրված. եթե պայմանագիրը չստորագրեք, եթերը դադարեցվում է։ Իսկ Հաճախականությունների կենտրոնի հետ պայմանագրի տարբերակը չեմ ստացել։ Կապի նախարարի հետ իմ զրույցների ընթացքում կարծում էի, թե բանակցելու տեղեր կան։ Ես համակերպված չեմ։ Ինչ վերաբերում է մյուս անկախ հեռուստաընկերությունների հետ միավորվելուն, ապա ո՞ւր էին նրանք, երբ ես պայքարում էի։ Կարծում եմ, որ այս հարցն օրենսդրորեն պետք է կարգավորել, ոչ թե աղմուկ անելով։ Մենք այս հարցը կդնենք Ազգային ժողովում։ Թանկացման այս որոշումներով անկախ հեռուստաընկերություններին կարծես պարտադրում են փակվել։

Այս խնդիրը քաղաքականության հետ չեմ կապում։ Ես էլ եմ հարց տալիս՝ ինչո՞ւ եք թանկացնում այսքան անգամ եւ ո՛չ, ասենք, 30 անգամ։ Մարդիկ ինձ բացատրեցին պրոբլեմը։ Ասացին՝ այսքան աշխատող ունենք, որոնց աշխատավարձ չենք կարողանում վճարել, որովհետեւ դուք քիչ վարձ եք տալիս (խոսքս հաղորդակի թանկացման մասին է)։ Մարդը ասում է՝ ես «Ար»-ի եթերային ծախսերը հանելով, ընդամենը 15% շահութաբերություն եմ ակնկալում, որը, վստահ չեմ, կստանա՞մ, թե՝ ոչ։ Իսկ այդ 15%-ը պետք է ծախսվի հեռուստաաշտարակի վերանորոգման, տեխնիկական վերազինման վրա։ Իսկ ինչ վերաբերում է հաճախականության թանկանալուն, դա չեմ հասկանում։ Ինձ որեւէ հիմնավորում չեն ներկայացրել։ Անցյալ տարվա ամսական մեր եկամուտները 18-20000 դոլար էր։ Եթե այս տարի էլ այդպես շարունակենք, զրոյի վրա կանգ կառնենք. ոչ մի կոպեկ չենք ունենա տեխնիկա գնելու, աշխատավարձը բարձրացնելու, նոր հաղորդաշար սկսելու։ Եթե մի կերպ ենք յոլա գնալու, ուրեմն մենք էլ փակվելու վտանգի առջեւ ենք: Ես վստահ չեմ, որ եթե այսպես շարունակվի, մենք կդիմանանք։ Մի կերպ յոլա գնալ, նշանակում է՝ չլինել։

«Ա1+» հեռուստաընկերության տնօրենը Մոսկվայում էր, եւ նրա կարծիքը չկարողացանք ճշտել, բայց իմացանք, որ նա էլ «շատ խանդավառված չէ»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031