Որքան խորն ես ուսումնասիրում նոր նշանակված դատավորների պաշտոնական պիտանիության այս տարվա ցուցակները, այնքան ոգեւորվում ես։ Դե, իհարկե, նրանց մասնակցությամբ մեկ «ստուգարքային» դատավարությունը կարող էր բավարար լինել դատավոր դառնալ-չդառնալու հարցում։ Սակայն մերն ուրիշ է, եւ բնականաբար, մեր դատավորների ջուրն էլ, գիրն էլ ուրիշ ջրեն, ուրիշ գրեն են գալիս։
Դատավորի ցմահ պաշտոնում նշանակվելու համար հետաքրքիր նախանձախնդրություն ցուցաբերեցին նախարարների՝ միաժամանակ 3 տեղակալներ։ Մեկը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, երկուսը՝ արդարադատության նախարարի։ Երեկ արդեն հայտնել էինք, որ առայժմ պահեստային նստարանում է գտնվում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ, այժմ դատավոր Էդուարդ Մուրադյանը։
Իսկ ահա, արդարադատության նախարարի երկու տեղակալներն իրենց նախկին «շեֆի» կողմից ոչ միայն պիտանի համարվեցին, այլեւ նշանակումներ ստացան։ Տիգրան Պետրոսյանը պատահականորեն նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ, իսկ Հովհաննես Մանուկյանը նույնպես «թփերի տակ» գտավ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը։ «Ձեռի հետ» լուծվեց եւս մի պետական խնդիր. նախարարությունում ուռճացված տեղերի կրճատում կատարվեց՝ 2 նախարարի տեղակալ գումարած 14 աշխատակից։
Եթե նախարարների երեք տեղակալներն են «փախչում» դատարան, գուցե համոզված են, որ նախարարությունների ներսում ինչ-որ բան սխալ է։ Անշրջելի է։ Այդ դեպքում գուցե նախարարները հետեւե՞ն իրենց տեղակալներին, եթե իրենց պաշտոններում անելիք չունեն։ Ընդհանրապես, եկեք ազգովի դատավոր դառնանք։ Դրանով հեշտությամբ կլուծենք նաեւ գործազրկության պրոբլեմը։
Կարդացեք նաև
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ