Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒԹ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐՈՎ ԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հունվար 20,1999 00:00
agasi arshakyan

 «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» կազմակերպության նախագահ, ԳիԱրՔՄի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը վերջերս բավական սուր հայտարարություններ է անում։ Դրանց թիրախը մեկ ընտրություններում իրենց պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանն է, մեկ՝ ՀՅԴ-ն, ահա այժմ էլ՝ բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանը։

Աղասի Արշակյանը նշեց. «Բագրատ Ասատրյանին ինչո՞ւ առեւանգեցին եւ 100 հազար դոլար պահանջեցին, քանզի Կենտրոնական բանկի իր աշխատակիցները եւ ինքը երկարաժամկետ վարկ տրամադրելու համար կաշառք էին վերցրել։ Բայց նա այդ ամենը գցեց գործերի իր կառավարչի վրա եւ փախավ Գերմանիա։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը հանգստանում էր Ֆրանսիայում՝ Բագրատ Ասատրյանը հանդիպել էր նրան։ Նրան ասվել էր. «12 մլն կբերես, կմուծես բյուջե՝ սուսուփուս կգաս, քեզ ձեռք չենք տա»։ Այդպես էլ եղավ՝ գերմանական բանկից 7 մլն դոլար փոխանցվեց Հայաստանի բյուջեին, եւ պրն Ասատրյանը վերադարձավ։ Բայց չի կարելի հարցերն այդպես լուծել՝ խնամիություն անելով, տնավարությամբ»։

Ռոբերտ Քոչարյանի եւ Բագրատ Ասատրյանի միջեւ, մեր տեղեկությունների համաձայն, իրոք, շփումներ եղել էին՝ նախ, երբ առեւանգումից մի քանի օր առաջ վերջինիս շարունակ ահաբեկում էին եւ հետո էլ, երբ տեւական ժամանակ ստիպված էր թիկնապահներով շրջել։ Ի դեպ, տեղյակ ենք նաեւ, որ Գերմանիայում Բագրատ Ասատրյանի կնոջ հարազատներն են բնակվում։ Ինչեւէ, ճիշտ է, վնասը փոխհատուցելու դիմաց հանգիստ թողնելու պրակտիկան կիրառվում է, բայց 7 մլն դոլարն էլ, մեղմ ասած, քիչ փող չի եւ չէր լինի թաքցնել, եթե այդ գումարն իսկապես պետբյուջե է մուծվել։

Այնուամենայնիվ, քանի որ այդպես էլ չհայտարարվեց, թե ում հետ էր Ռոբերտ Քոչարյանը հանդիպել Նիսում հանգստանալու ընթացքում՝ չէր կարելի բացառել, որ նրանցից մեկը կարող էր եւ Բագրատ Ասատրյանը լինել։ Սակայն նախագահի մամուլի գրասենյակից մեր հարցմանն ի պատասխան ասացին. «Առաջին անգամ այդ մասին լսում ենք Աղասի Արշակյանից»։ Արձագանքը վերաբերում էր ոչ միայն հանդիպմանը, այլ պրն Արշակյանի մյուս պնդումներին եւս։ Բնականաբար, փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ Բագրատ Ասատրյանից։ Հեռախոսով թելադրած նրա պատասխանը մեջբերում ենք նույնությամբ. «Ամեն գյադայի հիվանդոտ ընկալմամբ թելադրված հայտարարություններին չեմ պատասխանելու։ Եթե այս երկրում իշխանություն կա՝ թող իրենք պատասխանեն, թե ինչ է եղել եւ ինչու։

Եվ ես դեռ սպասում եմ իմ առեւանգմանն առնչվող գրավոր եւ բանավոր հարցադրումների պատասխաններին, որոնք առաջադրվել են համապատասխան պաշտոնյաներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Վազգեն Սարգսյանին եւ Սերժ Սարգսյանին»։

«Առավոտն» էլ սպասում է իրավապահ մարմինների արձագանքին՝ այս հայտարարությունների՝ իրականությանը համապատասխանության կամ, հակառակ պարագայում, դրանց համար պատասխանատվության կանչելու վերաբերյալ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031