Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՅԼ ԴԵՊԻ ԵՎՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Հունվար 19,1999 00:00
remont

«Տունդ ռեմոնտ անես» այս յուրօրինակ «անեծքը» մեկմեկու «բաշխում» են ոչ թե թշնամիները, այլ հիմնականում հենց տունը նորոգող մարդիկ։ Իսկապես որ տան նորոգումը անեծքի նման բան է. ում է հաճելի շինհրապարակ հիշեցնող տունը, որտեղից ամեն տեսակ ներկերի, քսուքների հոտ է գալիս, ուր որեւէ մաքուր եւ հարմար տեղ չես գտնի անգամ նստելու համար։ Այդուհանդերձ, ոչ ոք չի խուսափում տունը նորոգելու մտքից, որից հետո այն հատկապես հաճելի ու հարմարավետ է դառնում։

Նորոգման զարգացման էտապները Հայաստանում

Իսկ մի՞շտ է, որ մենք՝ հայերս, կարողանում ենք մեր տունը նորոգել ոչ թե շքեղ (ու որքան տարօրինակ է՝ անճաշակ), այլ իսկապես հաճելի ու հարմարավետ։ Մինչ մեր օրերին հասնելը, մի փոքրիկ «պատմական» այց կատարենք։ 50-60-ական թվականներին, հիմնականում Հայաստանում, տան պատերը միագույն էին փչում, որոնք «ձեւավորում» էին սեւ կետիկներով (բրիզգով)։ Իհարկե, ամեն սենյակ մի գույն էր ստանում։ Շատ ընդունված էին բաց կապույտ, կանաչ, վարդագույն, դեղին գույները։

70-ականներին հայ վարպետները որոշեցին մեր տան պատերը օգտագործել իրենց գեղագիտական զեղումների արտահայտման համար։ Այդ ընթացքում մեր պատերին հայտնվեցին ոչ միայն երկրաչափական մարմիններ հիշեցնող պատկերներ, ծառեր ու ծաղիկներ, այլ անգամ մարդկանց մարմիններ։ Այո՛, այո՛, մարդկանց սիլուետներ: Այդ թվերին հատկապես հեղինակություն էր վայելում Ախթամարի պատկերը։ Ավագ սերունդը կհիշի, իհարկե, իսկ նոր սերնդին պատկերավոր լինելու համար, ասեմ, որ պատերին վերից-վար չքնաղ Թամարն էր՝ վառվող մոմով։ 70-ական թվականների վերջին եւ 80-ականներին մեր դիզայներ-վարպետների մտքի թռիչքը աներեւակայելի չափերի հասավ. հազար ու մի պատկերներին փոխարինելու եկավ «գիպսով ռեմոնտը»։ Այս հաճույքն, իհարկե, բոլորին հասու չէր։ Պատրաստվում էին գիպսից հատուկ նախշեր եւ պատկերներ, երբեմն նաեւ արձանիկներ, եւ բարակ փայտե ձողերի հետ փակցվում էին պատերին։ Բնականաբար, դրանք «համեմվում» էին ներկերով, այս դեպքում արդեն գույներն առավել վառ դարձան։ Նույն վարդագույնը կամ առավել վառ էր, կամ փոխարինվել էր կարմիրով, իսկ բաց կապույտը, կանաչ-դեղինը առավել վառ էին դարձել, նախկին գույներին ավելացել էին դարչնագույնն ու շագանակագույնը։ Ընդ որում, որքան շատ էին գիպսե նախշերը, այնքան այդ նորոգումը թանկարժեք էր, ավելի ուշ՝ գիպսե նախշերին միացան նաեւ պաստառները՝ հատկապես մուգ գույների։

Բայց սա դեռ բոլորը չէ. այդ տարիներին մեծ հեղինակություն էր վայելում նաեւ գորգ-մանրահատակը։ Սա բավականին թանկ հաճույք էր։ Սովորական եղեւնի հիշեցնող մանրահատակն անհրաժեշտ էր քանդել՝ փոխարենը փակցնել մանր ծաղիկներով կամ նախշերով, իսկապես գորգ հիշեցնող մանրահատակ։ Նշեմ, որ այս տիպի մանրահատակը ոչ միայն աշխատատար էր, այլ նաեւ առավել բարձր որակ ուներ։ Առաջին դեպքում մանրահատակը հաճարենու փայտից էր պատրաստված, իսկ երկրորդ դեպքում՝ կաղնու փայտի սպիտակ, կարմիր եւ դարչնագույն երանգներից։ Հայաստանում, չգրված օրենքի համաձայն, տան նորոգման ժամանակ աննշան ուշադրություն էին դարձնում զուգարանի եւ լողասենյակի հարդարմանը։ Իսկ նորոգելու դեպքում պարտադիր պայման էր լոգարանը երեսպատման սալիկներով պատելը։ Նմանատիպ նորոգումը Խորհրդային Հայաստանում արժեր 5-6 հազար ռուբլի։

Եվրանորոգումը Հայաստանում

1991-96 թվականներին Հայաստանում վերանորոգման ասպարեզում (եւ ոչ միայն այդ) հարաբերական անդորր էր։

Վերջին տարիներին հատկապես վերին խավը եւ աստիճանաբար նաեւ միջին խավը կրկին վերադարձան տան նորոգման «սիրելի» գործին։ Այս անգամ արդեն՝ «եվրանորոգում» կամ «եվրադիզայն» հնչեղ անվանումներով։ Եթե հարուստ խավը նախ հսկա դղյակներ կառուցեց, հետո նոր անցավ եվրանորոգմանը, ապա միջին խավը «բավարարվեց» միայն նախկին տարիների վառարանի մուրը պաստառներով ծածկելով։ Սակայն երկու դեպքում էլ սկսեցին պատերը ներկել, ընդ որում՝ բոլոր սենյակների, սպիտակ գույնով եւ երկու դեպքում էլ այն կոչել եվրանորոգում։

Մասնագետների պնդմամբ, եվրանորոգման պարտադիր եւ կարեւոր պայման է օդը։ Որպեսզի ձեզ զգաք ինչպես Եվրոպայում, անհրաժեշտ է տնից դուրս նետել ոչ պետքական ցանկացած իր՝ կահույքից սկսած մինչեւ ջահեր։ Ընդհանրապես, որքան քիչ լինի կահույքը, պահարաններն ու դարակները, այնքան փոշի հավաքելու հնարավորությունը կփոքրանա ու դրան զուգահեռ տունը կլցվի մաքուր օդով։ Եվրանորոգման մուտքը Հայաստան, կարելի է ասել, թավշյա հեղափոխություն կատարեց նորոգման հայկական պատմության մեջ։

Հայերը սկսեցին տան նորոգման ժամանակ մեծ ուշադրություն հատկացնել լողասենյակին ու զուգարանին։ Լողասենյակներում ու զուգարաններում հայտնվեցին կախովի առաստաղներ, դրվեցին օդափոխիչներ, մեծ լամպեր ու հայելիներ։ Լողասենյակի լոգարանը ազատագրվեց երեսպատման սալիկներից, իսկ զուգարանում տեղադրվեց լվացարան։ Լողասենյակն ու զուգարանը պատվեցին բաց գույնի երեսպատման սալիկներով։ Արդեն ասացի, որ սենյակների պատերը սպիտակեցին, իսկ սովորական լուսամուտներին փոխարինելու եկան ձայնամեկուսիչ եւ փոշեմեկուսիչ լուսամուտները։ Միջանցքները սալիկապատվեցին, իսկ սենյակների մանրահատակը ծածկվեց բազմերանգ արհեստական գորգերով։ Եվրանորոգման ժամանակ վերացան խորհրդային ժամանակներից մնացած ճոխ ջահերը եւ առաստաղի վրա տեղադրվեցին հատուկ լույսեր։ Այս ամենը «համեմվեց» պատերից մեկի ամբողջական հայելապատմամբ, բազմաթիվ վարդակներով ու էլեկտրասարքավորմամբ։ Այս հաճույքը միջին բնակարանի համար արժե «ընդամենը» 15 եւ ավելի հազար դոլար։

Ինչպես հասկացաք, այս տեսակ եվրանորոգումը ընտրովի մարդկանց համար է, ուստի եթե չեք կարողանում պատերն ու մանրահատակը փոխել, գոնե կահույքը դեն նետեք, դրանով գոնե մեկ քայլ կանեք դեպի եվրանորոգում։

Իսկ եթե ավելի լուրջ, ինչպես յուրաքանչյուր նորաձեւություն՝ սա նույնպես արագ գալիս եւ անցնում է, ուստի իմ խորհուրդը ձեզ՝ առանձնապես գումարներ մի ներդրեք այս գայթակղիչ զբաղմունքի մեջ։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031