Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՍՏՂԵՐԻ

Հունվար 19,1999 00:00
inqnaspan

Կան մարդիկ, որոնք երկրպագում են որեւէ դերասանի, երգչի կամ ուղղակի աստղի, ինչը նորմալ եւ բնական երեւույթ է։

Իսկ կան մարդիկ (հատկապես երիտասարդներ), որոնք այնքան են երկրպագում որեւէ աստղի, որ պատրաստ են կյանքը զոհել հանուն նրա…

Կարծում եմ, շատերը կհիշեն այն դեպքը, երբ առաջին անգամ հյուրախաղերով Երեւան եկան «Կոմբինացիա» խումբը, հետո «Լասկովի մայ» խումբը, եւ այդպես շարունակ Երեւան էին գալիս հայտնի կամ անհայտ ռուսական աստղեր։

Մեզանից ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ երբեւէ բնականից կտեսնենք եւ կլսենք նրանց, ում միշտ տեսել ենք հեռուստատեսությամբ եւ լսել ռադիոյով։

Եվ ահա եկավ այդ հրաշալի օրը, երբ մենք հնարավորություն ստացանք տեսնել աղջիկների երազանքների ասպետներ Դերժավինին, Գուբինին, Մալիկովին եւ տղաների իդեալներ Կորոլյովային, «Փայլփլուն աղջիկներին» եւ այլն։

Այո, տեսանք, լսեցինք եւ…

Շատերը համերգներից հետո անմիջապես գնացին տուն, մյուսները՝ հաճելի տպավորություններով կիսվեցին իրենց զրուցակցի հետ, չմոռանալով նշել, որ ով ներկա չի եղել՝ մեծ բան է կորցրել, իսկ մնացածներին դահլիճից մի կերպ դուրս հանեցին կամ ուղղակի ստիպված եղան դիմել շտապօգնության աշխատակիցների ծառայությանը։

Խոսքս վերաբերում է այն խելահեղ, ցնորված երկրպագուներին, որոնք շատ սիրելուց մազեր էին պոկում, բղավում էին, լաց էին լինում կամ ինքնասպանության փորձ կատարում։

Իհարկե, անհնար է պատկերացնել եւ մանավանդ հասկանալ մեկին, որ հանուն երկրպագության «օբյեկտի», կարող է կյանքը զոհել։ Կարծում եմ, շատերի համար անհավատալի է այդ երեւույթը, բայց ցավոք վերջին ժամանակներս Երեւանում շատ դեպքեր են գրանցվել համերգների ժամանակ, հատկապես՝ ինքնասպանության փորձեր։

Անհասկանալի է, բայց փաստ, որ համերգներից հետո որոշ երիտասարդ աղջիկներ փորձում էին իրենց կյանքին վերջ տալ միայն նրա համար, որ սիրելի երկրպագուները իրենց չեն էլ նկատում։

Իսկ ինչ վերաբերում է վերջիններիս, ապա նրանցից շատերին հաճույք է պատճառում այն փաստը, որ սիրված են հասարակության կողմից, բայց դրա հետ մեկտեղ, ոչ ոք չի ցանկանում տնօրինել որեւէ մեկի զգացմունքը, համակրանքը եւ մանավանդ կյանքը։

Համենայնդեպս, այդ կարծիքն ունեին «Руки вверх» խմբի անդամները, ի դեպ, որոնց համերգներից հետո շտապօգնության մեքենան տարավ մի քանի աղջնակների։ Ինքնասպանության փորձ կատարելու հինգ դեպք էլ գրանցվեց «Иванушки» խմբի համերգների ժամանակ։ Ինքնասպանություն կատարող աղջիկները (14-18 տարեկան) այդպես էլ չխոստովանեցին իրենց արարքի իրական պատճառը։ Նրանցից մի քանիսն ուզում էր հավատացնել, թե հանկարծակի են երակ կտրել կամ պատուհան կոտրել։ Իսկ մյուսներն ուղղակի լուռ էին։ Ցավալի փաստ է, բայց, այնուամենայնիվ, հարց է ծագում, թե ինչո՞ւ չի կարելի ուղղակի հիանալ եւ սիրել որեւէ աստղի, արդյո՞ք պարտադիր է կյանքը զոհել հանուն մի մարդու, որը ձեզ նույնիսկ չի ճանաչում։

ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031