Դատավոր դառնալ, էն էլ ցմահ, համաձայնեք՝ հրապուրիչ է, եթե պատկերացնենք, որ այս երկրում անգամ հանրապետության նախագահը ցմահ չէ։
Ամենայն հայոց կաթողիկոսից հետո մեր պետության մեջ ցմահ են միայն դատավորները։ Երրորդ պատվավոր տեղում հավակնում են լինել գործազուրկները կամ, ասենք, խաբված ավանդատուները։ Դատավոր դարձան, կարեւոր չէ քննությամբ, թե «կոլոքվիումով», նախկին դատավորներ, քննիչներ, վարչության պետեր, նախարարի տեղակալներ, դատախազության աշխատակիցներ, փաստաբաններ, նոտարներ, «գլխավոր մասնագետներ», «ավագ փորձագետներ», «ավագ սպա-ներկայացուցիչներ», «ավագ խորհրդատուներ», եւ մի «առաջատար մասնագետ», էն էլ՝ հարկայինից: Ստորեւ ներկայացվողը ոչ այնքան ժպտալու, որքան խորհելու համար է։
Միտք եմ անում. է՞ս, թե՞ էն
ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Էդուարդ Մուրադյանը կարող էր դառնալ վերաքննիչ կամ առաջին ատյանի դատարանի դատավոր, եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանար անել այդ բանը, ասենք, հունվարի 5-ին։
Կարդացեք նաև
Համենայնդեպս, նրան թեեւ մենք չենք տեսել դատավորների «ընդունելության» քննությունների ժամանակ (եւ ոչ միայն նրան – Ռ. Մ.), սակայն նրա անունը կա դատավորների պաշտոնական պիտանիության 1999 թ. ցուցակում։
Առայժմ նրա դատավոր դառնալը տեսականորեն հնարավոր է այն դեպքում, երբ մեր թանկարժեք դատավորներից որեւէ մեկին չար աչք կպնի եւ նա «անբուժելիորեն հիվանդանա»։ Իսկ եթե որեւէ մեկին, այնուամենայնիվ, աչք չկպնի, եւ նա չհիվանդանա, ապա ցավով պիտի կանխատեսենք, որ պրն Մուրադյանը ստիպված է կրելու «չ-ցմահ» նախարարի ոչ այնքան եկամտաբեր պաշտոնը։
Մի «գործազուրկի» ճակատագրից
Դատավորների պիտանիության ցուցակում, թերեւս, Յուրա Ռաշիդյանի անվան դիմաց էր գրված. «չի աշխատում»։ Ասում են, նախագահն այնքան է հուզվել, որ պրն Ռաշիդյանին նշանակել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
«Գորգագործ» տնօրենը
«Հալալ ա»,- ասում են շատերը, երբ իմանում են, որ «հեսա, ուր որ է» դատավոր կդառնա «Հայգորգ» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հարություն Մովսեսյանը։ Պենելոպեի նման միայն, նրան սպասվում է… գորգ «գործել»։ Պատկերացնո՞ւմ եք այդ գորգը, ասենք, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի լուսապայծառ պատկերով:
Վահան Հովհաննիսյան- Երկրորդը
Քաղաքացիներին թվում է, թե ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանն է նշանակվել Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր։ «Ինչի՞,- միամտաբար հարցնում են լոռեցիները,- նախագահ Քոչարյանը կունենա իր Վահան Հովհաննիսյանը, մենք չէ՞»։ Մեզ մնում է տեղեկացնել, որ Վահան Հովհաննիսյան-Երկրորդը (տարօրինակ է, հայրանունները անձնագրերից պաշտոնապես հանվել են, իսկ նախագահը հրամանագիր է ստորագրում հայրանուններով – Ռ. Մ.) պարզապես աշխատել է ՀՀ ՊՆ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի օպերատիվ-իրավաբանական բաժնում՝ «որպես ավագ սպա- ներկայացուցիչ»։
«Գալիք» համալսարանի գալիքը
«Գալիք» համալսարանի համար տարին նշանավորվեց նրանով, որ նրա պատմության եւ իրավունքի ամբիոնի դասախոս Աստղիկ Խառատյանը (Ֆրունզե Խառատյանի դուստրը, որի քննությունների մասնակցելու պատճառով, հայրը հրաժարվեց «հանձնաժողովի» անդամ լինելուց – Ռ. Մ.) նշանակվեց միանգամից քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
Լրատվականներից «շուստրի» էին
Թերեւս, ՀՀ ՆԳ եւ ԱԱՆ հասարակության հետ կապի եւ լրատվության վարչությունը, որի երկու թեկնածուներից մեկը՝ պետը՝ Միքայել Գրիգորյանը, հաստատվեց դատավորների պիտանիության ցուցակում, իսկ պետի տեղակալ Սամվել Ասատրյանը դարձավ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ Դատավոր դառնալու հնարավորությո՞ւնն է փոքր եղել, հավանականությո՞ւնը, թե՞ մի այլ բան։ Համենայնդեպս, այլ լրատվական վարչություններից դատավոր դառնալու «ցանկություն» չի նկատվել։ Իսկ այլ լրատվական վարչություններն, ինչպես գիտեք, անթիվ են, անհամար, ինչպես աստղերը, բայց ցմահ չեն։
Թվով 16-ն են
Արդարադատության նախարարությունից թվով 16-ը նշանակվեցին դատավորներ, եւ հայտնվեցին նաեւ պիտանիության ցուցակներում։ 123 դատավորների մեջ 16-ը «շա՞տ ա»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ