Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի բյուրեղյա երազանքն իրականացնողները

Հունվար 19,1999 00:00
paterazm

Յուրաքանչյուր վարչապետ իր կառավարման ընթացքում ձեռք է բերում մի որոշակի բյուրեղյա երազանք, որի իրականացումը որպես օրենք, կատարվում է հաջորդի կողմից։

Այս առումով հատկանշական է Հրանտ Բագրատյանի վարչապետության օրոք ՀՀ կառավարության եւ հարկային տեսչության խորքերում առաջացած այն միտքը, որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր չի կարող լինել կամ դառնալ, եթե Հայաստանի առեւտրական կետերում տեղադրված չեն հաշվիչ էլեկտրոնային դրամարկղեր։ Թվում է, շուտով այս հարցը կլուծվի եւ Հայաստանի առեւտրական կետերում կլսվի ականջ շոյող «չխկոց-զնգոց», ինչը հաշվիչ դրամարկղի առկայության ապացույց է։ Քաղաքակրթության այս վերջին պատվարի հաղթահարումը ի՞նչ կտա բոլորիս. մեզ՝ սպառողներիս եւ հարկատուներին. առանձնապես ոչ մի լավ բան, իսկ այ, հարկային տեսչությանը, այնքան լավ բաներ, որից հետո նրանք նույնպես Հայաստանը քաղաքակիրթ երկիր դարձնելու բուռն ջատագովների շարքերը կհամալրեն։

Ըստ լավատեղյակ աղբյուրների, հաշվիչ դրամարկղերի տեղադրման համար համապատասխան օրենքի նախագիծը մշակելիս, հեղինակները օգտվել են, գրեթե արտագրել են ռուսական նույնատիպ օրենքից՝ վերջինս ընդունելով որպես շատ մատչելի ձեռնարկ՝ նմանատիպ օրենքներ մշակողների համար։ Թե այն ինչպես է գործում Ռուսաստանում, այն էլ մի շարք ուղղումներ եւ լրացումներ կատարելուց հետո, տողերիս հեղինակը մի թեթեւ ծանոթ է, ինչը օրենքը «ճիշտ» օգտագործել սովորեցնելու հնարավորություն է տալիս։

Նախ, ո՞ւմ է ձեռնտու հաշվիչ դրամարկղերի տեղադրումը, ավելի ճիշտ՝ հարկային տեսչության ո՞ր օղակներին։ Պատասխանը մեկն է՝ բոլոր օղակներին։ Սկզբում հարկային տեսչությունում կստեղծվի համապատասխան ստորաբաժանում, որը կզբաղվի հաշվիչ մեքենաներ բերելով եւ դրանք աստիճանաբար պարտադրված ձեւով վաճառելով (ըստ որոշ տվյալների՝ արդեն 800 դրամարկղ բերված է, եւս 1200-ը շուտով կբերվի)։ Այստեղ կարելի է հիշել երեք տարվա վաղեմության պատմությունը, կապված ավտոմեքենաների կրակմարիչների հետ։ Դրանից բացի, հաշվիչ մեքենաներ բերող ստորաբաժանումը կարող է կատարել եւս մեկ պարզ հաշվարկ։ Այսօր ցանկացած էլեկտրոնային ֆիրմա ապրանքն իրացնողին վճարում է ապրանքի գնի 15-20 տոկոսը որպես մենեջերի վարձ։ Այս գումարը կարող է հայտնվել տվյալ երկրի որեւէ բանկի համապատասխան հաշվին, որի մասին, բնական է, Հայաստանում ոչ ոք «մենեջերից» բացի չի իմանա։ Հարկային տեսչության ներսում, բնական է, շատերը գլխի կընկնեն, բայց կնախընտրեն լռել, փայլուն հասկանալով, որ վերոնշյալ հաշվիչ դրամարկղերը շուտով դառնալու են իրենց «հացի փողի» հիմնական աղբյուրներից մեկը։

Յուրաքանչյուր հարկային տեսուչ պատրաստակամությամբ կգուրգուրի հաշվիչ դրամարկղերի տեղադրման գաղափարը, որովհետեւ հաշվիչ մեքենաները, ի տարբերություն ֆիրմաների հաշվապահության, կարելի է ստուգել թեկուզ ամեն օր։ Ի դեպ, հաշվիչ մեքենաները մեկ այլ առավելություն էլ ունեն. հարկային տեսուչը կարող է պարզապես սպասել, որ առեւտրական կետի տերը ինքը խնդրի «ստուգել» իր հաշվիչ դրամարկղը։ Փորձը ցույց է տալիս, որ նման «քաղաքակիրթ» երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանն ու Հայաստանը, ստուգումը կատարվում է նույն եղանակով, որն արդեն շատ լավ յուրացրել են էլեկտրիկները, հայտնագործելով արքիմեդյան այն օրենքը, որ ցանկացած հաշվիչ կարելի է պտտեցնել ինչպես առաջ, այնպես էլ՝ հետ։ Բնական է, արդյունքում վարչապետական բյուրեղյա երազանքը մնում է կիսատ՝ հաշվիչների շնորհիվ չի համալրվում պետական բյուջեն, դրա փոխարեն բավական ծանրակշիռ հավելյալ գումարներ են հայտնվում հարկային տեսուչների՝ հատուկ այդ նպատակով կարված խոր գրպաններում։

Հարկատուները, այսինքն՝ մենք եւ նույն առեւտրի կետերում աշխատողները, մի քիչ տուժում ենք. մենք՝ ավելի թանկ վճարելով նույն ապրանքի համար, վաճառողները՝ ավելորդ մի օղակի եւս «մուծվելով»։ Ի դեպ, մուծումները կլինեն ոչ միայն կամավոր, այլեւ հանկարծակի։ Օրինակ՝ վաճառասեղանին է մոտենում ոմն չսափրված անձնավորություն, գնում է մեկ տուփ սիգարետ։ Վերցնում է դրամի մանրը եւ հանկարծակի հիշելով, տալիս է 130 դրամ եւ խնդրում մի տուփ էլ «Դիրոլ», ընդունելով ավտոբուսից ուշացողի դեմքի արտահայտություն։ Վաճառողը վերցնում է գումարը, տալիս «Դիրոլը» եւ շտապելուց նախօրոք չի գրանցում հաշվիչ մեքենայում։ Չսափրված անձնավորությունը հանկարծ վերածվում է հարկային տեսուչի, եւ այնքան ժամանակ է տուգանք ու ստուգում պահանջում առեւտրական կետի տիրոջից, մինչեւ նրանց շահերը «համընկնում» են որոշակի գումարի շուրջ։ Իսկ եթե Հայաստանում հաշվիչ էլեկտրոնային մեքենաները ճիշտ «օգտագործելու» այլ մեթոդներ էլ սկսեն աշխատել, դա արդեն մեր ազգին հատուկ հնարամտության արդյունքը կլինի։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031