Այս տարվա հունվարի 1-ից ստեղծվեց եվրոպական միասնական տարադրամը՝ եվրոն։ Եվրամիության անդամ 11 երկրներ՝ Բելգիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Ավստրիան, Պորտուգալիան եւ Ֆինլանդիան դարձան Եվրոլանդի հիմնադիրներ։ Եվրոն Եվրոպական միության միասնական տարադրամն է։ Այն առայժմ անկանխիկ է եւ կանխիկ կդառնա միայն 2002 թվականին։ Ե՞րբ եվրոն կմտնի Հայաստան հարցով դիմեցինք Կենտրոնական բանկ։ Այստեղից «Առավոտին» պատասխանեցին, թե «Հայաստանի կենտրոնական բանկը քննարկել է եվրոյի մուտքը շուկա եւ հետագայում դիտարկում է այն որպես արտաքին պահուստային արժույթ»։ Այս լուրը թերեւս հանգստացնի բոլոր նրանց, ովքեր անթիվ քանակությամբ մարկ, ֆրանկ եւ եվրոպական այլ դրամ ունեն։ Նրանք կարող են իրենց ունեցածը պահել-պահպանել մինչեւ 2002 թիվը ներառյալ։ Մինչ այդ եվրոն անկանխիկ է։ Կենտրոնական բանկի աշխատակցի կարծիքով, հայերը կարող են չանհանգստանալ, հենց որ եվրոն կանխիկ դառնա, առաջինը կհայտնվի հայերի ձեռքին։
Մ. Ե.
Եվրոմիության բանկային ֆեդերացիայի հաշվարկով միացյալ դրամի ներդրումը եվրոպական բանկերի վրա կնստի 12 մլրդ դոլար։ Ֆրանսիայի ազգային բանկի կազմակերպչական եւ էլեկտրոնային համակարգերի գծով տնօրենը նշել է, որ միայն իրենց բանկում լրացուցիչ աշխատանքի են ընդունվել 500 ծրագրավորողներ։ Եվրոյի ներդրումը նա բնութագրել է փարավոնների շինարարություն։