Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսություն՝ ճակատագրական որոշումից առաջ

Հունվար 19,1999 00:00
armentel kap

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ ԱԺ նիստի սղագրությունից, որի արդյունքում 1998-ի փետրվարի 17-ին ընդունվեց հեռահաղորդակցության մասին օրենքը։ Հիշեցնենք, որ այդ օրենքով հեռախոսակապի համակարգը մենաշնորհային ձեւով փոխանցվում էր «ԱրմենՏելին»։

Խ. Հարությունյան– Թույլ տվեք ինձ, որպես ԱԺ-ի նախագահ, օրենքի վերաբերյալ եւս 2 խոսք ասել։

Այս նախագիծը այն նախագծերից է, որ բավականին երկարաշունչ քննարկումներ է անցել։ Քննարկումներ է անցել, ընդ որում, ոչ միայն մեկ հանձնաժողովում՝ Մշակույթի, գիտության, կրթության, այլ լուրջ քննարկումներ է անցել նաեւ ֆինանսաբյուջետային եւ հարկային հարցերի քաղաքականության հանձնաժողովում։

Այս փաստաթղթի ընդունումն ունի նաեւ կարեւոր տնտեսական նշանակություն։ Ըստ էության, օրենքի ընդունելը հնարավորություն է տալիս մեր տնտեսական իրականության մեջ առաջին անգամ հիմք ստեղծել խոշոր, ես կասեի, նույնիսկ մեր տնտեսական ծավալների համար խոշորագույն ներդրումների համար։ Խոսքը գնում է, որ այս օրենքի ընդունելն ապահովելու է ՀՀ բյուջեի մուտք, մոտ 87 մլն դոլարի։ Եվ պետք է ասեմ, որ 1998-ի բյուջեն ձեւավորվել է, հատկապես նրա կապիտալ ներդրումների ամբողջ այս հավելվածը, ձեւավորվել է հաշվի առնելով նման մուտքերը՝ սեփականաշնորհման արդյունքում։

Ավելին, սա նշանակում է առաջիկա տարիներում մոտ 300 մլն դոլարի ներդրումներ։ Այո, եւ այս օրենքը պետք է կանոնակարգի եւ կարգավորի այդ ներդրողների համար որոշակի օրենսդրական երաշխիքներ։ Խոսքը գնում էր ուղղակի մի քանի 100 մլն ներդրումների մասին։ Եվ ես ենթադրում եմ, որ ԱԺ-ն պետք է այդ երաշխիքները տրամադրի այդ ներդրողներին։ Այլապես մենք կարող ենք հետագայում շատ անհասկանալի իրավիճակում հայտնվել։ Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ օրենքը պետք է ստանա ԱԺ-ի աջակցությունը։ Կոչ եմ անում բոլոր պատգամավորներին, կարեւորելով հարցը, մոտենալով խնդրին այս տեսանկյունից, քվեարկության ժամանակ ակտիվ մասնակցել եւ, ըստ էության, ապահովել օրենքի ընդունումը։

Սրանով մենք, փաստորեն, մտքերի փոխանակությունն ավարտում ենք։ Եվ ես հիմք եմ ընդունում «Հանրապետություն» խմբակցության հայտարարությունը։ Վարման կարգի վերաբերյա՞լ, խնդրեմ, պրն Սահակյան։

Ա. Սահակյան– Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, ես ուզում եմ վարման կարգի վերաբերյալ հայտարարել հետեւյալը։ ԱԺ-ի հարգարժան նախագահը կատարեց մի հայտարարություն, որը մենք սպասում էինք կառավարությունից եւ պառլամենտական մեծամասնությունից (խոսքը «Երկրապահի» մասին է- խմբ.)։ Եվ եթե իրոք կառավարությունը միանում է ԱԺ-ի նախագահի այս հայտարարությանը եւ ստանձնում է քաղաքական պատասխանատվություն, որ առաջիկա 15 տարում ՀՀ հեռախոսա-ռադիո-հեռուստատեսային ամբողջ խողովակները «Արմենիան տելեֆոն քոմփանի» օտարեկրյա կոմպանիայի մենաշնորհն են դառնում, ապա պառլամենտական փոքրամասնությունները իրենց համար որոշում կընդունեն։ Սա, իրոք, պառլամենտի մեծամասնության խնդիրն է, կառավարության խնդիրն է։ Եվ շնորհակալություն ձեզ՝ ճշգրիտ եւ ազնիվ ելույթի համար, պրն նախագահ։

Խ. Հարությունյան– … Քանի որ վարման կարգի անվան տակ երբեմն նաեւ լինում են որոշ ռեպլիկներ… ապա ուզում եմ նաեւ իմ գործընկերոջ՝ պրն Սահակյանի ուշադրությունը հրավիրել։ Մենք պետք է ազնիվ լինենք մինչեւ վերջ եւ ասենք, որ այս բանակցությունները «ԱրմենՏելի» հետ չեն սկսվել երեկ եւ երեկ չէ առաջին օրը։ Այս բանակցությունները եւ նրա հիմնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել շատ վաղուց, պրն Սահակյան։ Այն ժամանակ, երբ ուժերի հարաբերակցությունը այս դահլիճում ուրիշ էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031