«Հայհացահատիկ» ԲԲԸ-ում երեկ իրացվեց ԱՄՆ կառավարության 15 միլիոնանոց ապրանքային վարկի միջոցներով ձեռք բերված ցորենի մնացած մասը։ 90 տոննա ցորենից մնացել էր 57 տ, որից 43 տ-ի տերը դարձավ «Միկա-Արմենիա» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Լյովա Աղաբաբյանի։ Մնացած 14000 տոննայի համար նոր աճուրդ կկազմակերպվի։ Աճուրդին՝ որպես գնորդ երեք ընկերություն էր մասնակցում (ներառյալ հաղթողը)։
Այն, որ ողջ ցորենը գնելու է «Միկա-Արմենիան», բոլորը վաղօրոք գիտեին։ Որպեսզի նշված սցենարից շեղում չլիներ, նվազագույն լոտը 10.000 տոննան էր սահմանված, այսինքն՝ դրանից պակաս որեւէ մեկը գնել չէր կարող։ Իսկ միանգամից այդքան գնել շատ քչերը կարող են իրենց թույլ տալ։ Ի դեպ, մյուս երկու հնարավոր գնորդները տեղում էին իմացել նվազագույն լոտը եւ վշտացած մտածում էին՝ ինչպես են ֆինանսների նախարարությունից հետ ստանալու իրենց փողերը (1 մլն դրամ, գումարած՝ 0,15%, որը անհայտ կորչում է)։
Աճուրդը կայացավ, ներկաները շնորհավորեցին հաղթողին, որը բավական քչախոս եւ չշփվող մարդու տպավորություն թողեց։ Նրանից որեւէ ինֆորմացիա կորզել ոչ մի կերպ չհաջողվեց։ Փոխարենը զրուցեցի ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանի հետ։
-Պրն Խաչատրյան, նախ՝ ի՞նչ կարգավիճակով եք մասնակցում աճուրդին։
Կարդացեք նաև
-Հաշվի առեք, որ վարկերի ստուգման հանձնաժողովի հետ առնչություն եմ ունեցել 96-97 թվականներին։ Նորից նմանատիպ վարկեր էին ստացվել, եւ դրանց օգտագործման արդյունավետության հետ կապված որոշ խնդիրներ ունեինք եւ մինչեւ վերջ էլ չկարողացանք պարզել։ Բայց այսօր արդեն պարզ դարձավ, թե ինչու չէինք կարողանում պարզել։ Այն ժամանակ էլ մեր ներկայացրած տեղեկանքներում հաշվարկում էինք, որ բյուջե 2-3 մլն դոլար պակաս էր մտնում։ Բացատրություններ չէին տրվում, բայց այս աճուրդից ամեն ինչ հասկացա։
-Այսինքն եկաք որոշակի եզրակացությունների՞։
-Այո։ Շուկայական կոնյուկտուրայի փոփոխության հետեւանքով գներն ընկել են։ Եվ եթե 97-ին ԱՄՆ-ի կառավարությունը մեզ տվել էր 15 մլն-ի վարկ՝ մոտ 88 հազար տոննա հացահատիկ գնելու համար։ Վարկը 35 տարով էր տրվել, 1 տարի արտոնյալ ժամկետով, 1,75% 5 տարի հետո վճարելու պայմանով։ 1 տոննա ցորենի վաճառքը սկսվել է 210 դոլարով, 98-ի ընթացքում պրոբլեմներ են ունեցել. համաշխարհային շուկայում ցորենի գինն ընկել էր, եւ տարվա կեսից ցանկություն է եղել վաճառել 162 դոլարով։ Բայց այս գնով էլ չեն կարողացել վաճառել։ Վերջին երեք ամսվա ընթացքում ոչ մի վաճառք տեղի չի ունեցել, եւ որոշել են վարվել այս կերպ. քանի որ դեռեւս 98-ի վերջին ասում էինք, որ բյուջեում պրոբլեմներ ունեինք։
Կառավարությունը միշտ հավաստիացնում էր, որ բյուջեում պրոբլեմներ չկան։ Հիմա արդեն խոստովանում են, որ բյուջեում խնդիրներ կան, ու արագ այս ձեւով աճուրդ են կազմակերպում։ Ինձ անհանգստացրեց նվազագույն լոտի չափը մինչեւ այդ 500, 1000, անգամ 5000 տոննանոց աճուրդ է եղել։ Բայց՝ ուր 1000 տ-ն, ուր 13000-ը։ Այսպիսի նախադեպ չէր եղել։ Նախօրոք (ուրբաթ օրը) ես տեղյակ էի, որ վաճառքը տեղի կունենա, գիտեի՝ ով է գնելու։ Պայմանագիրն էլ կար՝ ֆինանսների նախարարության կողմից էլ արդեն ստորագրված։ Սա պարզապես ֆորմալ ձեւակերպում էր, որ օրենքն է պահանջում։ Այն մարդիկ, ովքեր գնում են այս հացը, պետք է 5 մլն 200000 դոլար երեք օրվա ընթացքում վճարեն։ Հայաստանում շատ քիչ մարդիկ կամ կազմակերպություններ կան, որոնք նման գումարներ կարող են վճարել։
-Իսկ այն, որ համարյա լոտերը նույն կազմակերպությունը գնեց՝ դառնալով հացահատիկի մոնոպոլիստ…
-Սրանից հետո, համոզված եմ, բոլոր հացարտադրող կազմակերպությունները հացահատիկ կգնեն (կամ իրենց կպարտադրեն, որ գնեն) այս կազմակերպությունից։ Ինչպես դա տեղի է ունենում այսօր նավթամթերքի հետ։ (Խոսքը այս պարագայում էլ դարձյալ «Միկա-Արմենիա» կազմակերպության մասին է, որի «կտուրը», ըստ հավաստի լուրերի, մեր ամենաազդեցիկ եւ ղարաբաղցի նախարարներից մեկն է։- Լ. Ա.) Հաջորդ մտահոգիչ խնդիրն այն է, որ անցյալ տարի մեր գյուղացիական տնտեսություններից հացը գնվել է 100-110 դրամով, այսինքն՝ տոննան մոտ 200 դոլարով։ Եթե հիմա հացի տոննան վաճառվում է 116 դոլարով (առանց ավելացած արժեքի հարկի), իսկ հարկով՝ 140 դոլարով, ուրեմն շուկայական նման ստրուկտուրայի պայմաններում եկող տարի հացը կգնեն 60 դրամով, որը ձեռնտու չէ գյուղացիներին։ Կարելի էր կազմակերպել այնպես, որ գինն աստիճանաբար իջնի, մանավանդ, որ ռուսական սահմանի վրա տոննան 130 դոլարով են վաճառում՝ առանց ավելացած արժեքի հարկի։
Փաստորեն, ստանալով 15 մլն դոլար վարկ, տոկոսները ոչ թե 1,75 է լինում, այլ 2,75, որովհետեւ տեղում մենք 3 մլն կորցրեցինք։ Եթե մի քիչ ավելի խորանանք, սա նույն «ԱրմենՏելի», «Արմենիայի» վաճառքի պատմությունն է։ Փաստորեն, կառավարությունը մոնոպոլ առանձին մարմիններ է ստեղծում, որոնք իրենք են շուկայում թելադրելու գները եւ քաղաքական խնդիրներ են լուծելու։ Չեմ կասկածում, որ մի 3 ամիս հետո (ընտրությունների շեմին) հացի գինը շուկայում 2 ամսով 40-50 դրամով կիջեցնեն։ «ԱրմենՏելի» համար արդեն բացահայտ են ասում, որ մինչեւ ընտրություններ գներին ձեռք չեն տա։
-Ձեր անհանգստությունը գործնական քայլերով պատրաստվո՞ւմ եք ներկայացնել։
-Նոր նստաշրջանում վարկերի ստուգման հանձնաժողովի եզրակացությունը կներկայացնենք եւ կառավարությունից էլ բացատրություն կպահանջենք, ի վերջո մեկը պե՞տք է պատասխան տա, որ բյուջե 3 մլն դոլար չի մտնում։
-Իսկ որեւէ որոշումով հիմնավորվա՞ծ է նվազագույն լոտը 10000-ից ոչ պակաս սահմանները։
-Ոչ։ Պարզապես նախօրոք պայմանավորվել են։ Դրել են այս գինը, որ ոչ ոք չխառնվի։ 100 տ կամ 200 տ-ով թող վաճառեին։ Թող մի 3 ամիս էլ սպասեին։ Բայց քանի որ բյուջեին փող է պետք, եւ, եթե ուշադրություն դարձնեք, բյուջետային տարին երկարացվեց մինչեւ հունվարի 22-ը։ Այդ ժամանակ էլ կասեն, որ ՀՀ 98 թ. բյուջեն կատարվեց 100%-ով։
-Ըստ ձեզ, ինչո՞ւ չգնվեց մնացած 14000 տոննան։
-Ես գիտե՜մ։ Այն մարդիկ, ովքեր պետք է առնեին, իրենք էլ հասկացան, որ այսօր պետք չէ խառնվել էս գործին։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ