Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՒՄ, ՍՏՈՒԳՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Հունվար 19,1999 00:00
levon mkrtchyan

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանում է այդ համակարգում կատարված ստուգումներին առնչվող որոշ հարցեր։

-Բազմաթիվ վկայությունների համաձայն՝ ստուգումները կազմալուծում են աշխատանքը, լարվածության եւ նյարդայնության տեղիք տալիս։ Այնուամենայնիվ, այս ամենն անտեսելով՝ դիմեցիք, որ ստուգումներ սկսվեն կրթության եւ գիտության համակարգը հենց այդպիսի վիճակի դատապարտելո՞վ։ Արդյունքներն արդարացրի՞ն այս միջոցները։

– Ներկայումս ծրագրային լուրջ փոփոխությունների շրջանում ենք։ Փորձում ենք կրթական համակարգի ընդհանուր հայեցակարգ ձեւավորել, որտեղ ներառված են ե՛ւ օպտիմիզացիայի, ե՛ւ կադրերի ճիշտ դերաբաշխման, նպատակային օգտագործման խնդիրները։ Այս առումով, ստուգումները մեզ անհրաժեշտ հիմք են տվել, որ ավելի լավ պատկերացնենք համակարգի թերությունները եւ առավելությունները։ Եթե որոշակի կասկածներ ունենք, աշխատանքում որեւէ բացթողում կամ դժգոհություններ են առկա՝ մենք ենք ծրագրային բնույթի ստուգումներ իրականացնում, կամ էլ դիմում ենք համապատասխան մարմիններին, եթե, ասենք, տնտեսական բնույթի ստուգումների անհրաժեշտություն կա։

Մեր համակարգում աշխատել է ե՛ւ ֆինանսների նախարարության համապատասխան վարչությունը (հատկապես հանրակացարաններում), ե՛ւ կառավարության վերահսկողության ծառայությունը, որի եզրակացությունն արդեն փոխանցվել է մեզ։ Այս ծառայությունը ստուգումներ էր իրականացրել մանկավարժական, ժողտնտեսության, բժշկական ինստիտուտներում։ Շատ տխուր է պատկերը միջնակարգ մասնագիտական կրթական համակարգում՝ մեր համապատասխան վարչությունն է ստուգվել, մի քանի տեխնիկումներ։ Այստեղ համակարգային լուրջ հարցեր ունենք։

Մենք խնդրել էինք, որ նախեւառաջ մեր նախարարությունը ստուգվի։ Ստուգվել են մեր գիտության, ֆինանսական վարչությունները։ Այս ամենի արդյունքում մի ընդհանուր պատկեր ենք ստացել, որի հիման վրա էլ անհրաժեշտ քայլեր եւ որոշակի փոփոխություններ ենք կատարելու։

– Ինչպիսի՞ն է այդ ընդհանուր պատկերը։ Գուցե որոշ արտառոց փաստե՞ր նշեք։

– Երեւի կարիք չկա, քանի որ յուրաքանչյուր արտառոց փաստի ետեւում մարդիկ են, ճակատագրեր։ Մենք փորձում ենք ստուգումը ոչ թե պատժելու նպատակով իրականացնել, այլ համակարգն ավելի ճկուն եւ կրթական չափորոշիչների իմաստով՝ վստահելի դարձնելու համար։

– Եթե նպատակը պատժելը չէ՞՝ ապա ի՞նչ միջոցներ եք նախատեսել այն մարդկանց համար, որոնց կատարած զեղծարարությունները կամ չարաշահումները բացահայտվել են։ Ստիպելու եք, որ հեռանա՞ն սեփական դիմումի համաձայն, թե՞…

– Եթե ստուգումների արդյունքում քրեական բնույթի հանցանք է նկատվում՝ բնականաբար, նախարարությունն իրավասու չէ դա որոշելու՝ մենք այդ տվյալները փոխանցում ենք դատախազությանը կամ համապատասխան մարմիններին։ Եթե ուսուցման որակի վերաբերյալ փաստեր ենք նկատում՝ ինքներս ենք համապատասխան եզրակացություններ կատարում։ Եթե ընդհանուր ղեկավարման համակարգի թերացումներ կան, ապա կադրային որոշակի խնդիրներ են քննարկվում։

Մենք Նորքի, Զեյթունի հանրակացարանների վերաբերյալ եւ մի քանի այլ գործեր արդեն իսկ դատախազությանն ենք փոխանցել։ Շատ լուրջ մտահոգություններ կան մանկավարժական ինստիտուտի վերաբերյալ։ Եվ այստեղ խնդիրը ոչ այնքան ռեկտորն է, որ փորձում են անընդհատ շահարկել՝ նա իրոք բոլորի կողմից հարգված եւ ազնվագույն անձնավորություն է, այլ ընդհանուր համակարգին առնչվող հարցերը, եւ այստեղ կադրային խնդիրների լուծման անհրաժեշտություն կա։

Բավական լուրջ խնդիրներ ունենք նաեւ գիտատեխնիկական ոլորտում, որտեղ ստուգումներ չեն եղել, բայց պրոբլեմներն ակնհայտ են։ Եվ խնդիր չկա, որ գիտակցաբար եւ որոշակիորեն ստուգվեն այնպիսի հաստատություններ, որտեղ տնօրենին պետք է ազատել։

– Այստեղ հարկ է անդրադառնալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ստուգումներին, որի տնօրեն Աշոտ Բլեյանն «Առավոտին» (25-ը դեկտեմբերի, 1998 թ.) տված հարցազրույցում հայտարարել էր, թե այս ամենն իրեն «կոտրելու աստիճան վախեցնելու եւ ահաբեկելու» նպատակ ունի եւ, որ ստուգումներն արվել են Լեւոն Մկրտչյանի նախաձեռնությամբ։

-Հաշվի առնելով, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստուգումներ են կատարում համապատասխան մարմինները՝ նախարարությունն իր ծրագրած եւ պլանային ստուգումները հետաձգել է, որ հենց միտումնավոր ստուգումների վերաբերյալ նման խոսակցություններից խուսափենք։

Ընդհակառակն, ես այցելել եմ կրթահամալիր, եւ տեղում մի շարք հարցեր ենք քննարկել, որոնցից կարեւորագույնն այն է, որ մենք արտոնյալ հանրակրթական հաստատություններ այլեւս չենք կարող պահել։ Ժամանակն է, որ տարիներ շարունակվող փորձի արդյունքները երեւան։ Տարիներ շարունակ այս կրթահամալիրը գործել է ավելի բարենպաստ ֆինանսական ռեժիմի պայմաններում, քան մյուսները, եւ բավարար հիմք ստեղծված է, որ կրթահամալիրը սկսի ինքն իրեն ապահովել, ինչպես դա անում են մի շարք այլ հաստատություններ։

-Արտոնյալ պայմանների վերաբերյալ. Աշոտ Բլեյանը պնդել էր, որ այժմ «կրթահամալիրն ավելի վատ է ֆինանսավորվում, քան նախարարության մյուս հաստատությունները, նվազագույն ծախսերից բացի՝ բյուջետային ոչ մի գումար չի հատկացվում»։

-Եթե ցանկանում եք, մենք մանրամասն հատուկ տեղեկանք կներկայացնենք, թե ինչպես է ֆինանսավորվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Եվ դուք կզգաք այն մեծ տարբերությունը, որ եղել է այս եւ նմանատիպ այլ հաստատությունների միջեւ։

Ներկայումս մենք ուղղակի վարում ենք այն քաղաքականությունը, որն առաջարկում էր փոխնախարար պրն Բլեյանը։ Այն է, փակ բաժնետիրական ընկերություններն այլեւս բյուջեից չեն ֆինանսավորվելու եւ փորձելու են ինքնաֆինանսավորմամբ աշխատել։ Եթե բյուջեն արտադպրոցական աշխատանքների համար հատկացումներ կանի՝ դրանք ստանալու համար կարող է մրցույթ հայտարարվել տարբեր հաստատությունների միջեւ։ Եթե տվյալ կրթահամալիրն իրեն այնքան ուժեղ է զգում, որ իրեն կից զանազան հաստատություններ է ստեղծում, ապա պիտի կարողանա դրանց նյութական աղբյուրներն ապահովել եւ ցույց տալ։ Եվ բոլորովին հիմնավորված չէ, թե ինչու պիտի ֆինանսավորենք այդ օժանդակ արտադպրոցական հիմնարկները եւ չֆինանսավորենք մեկ այլ նմանատիպ հաստատություն։

Իսկ այն, որ այս դպրոցում ֆինանսավորմանը կամ ծախսարարությանն առնչվող խնդիրներ ունենք կամ, որ առայսօր դեռ հսկայական պրոբլեմներ ունենք նույն Բլեյանի ժամանակ տպագրված դասագրքերի իրացման հետ՝ բոլորովին այլ հարց է։ Եվ մենք դեռ զբաղված ենք այդ շրջանից կուտակված պարտքերը մարելով։ Եվ դասագրքերը դեռ պահեստներում դրված են։ Ինձ համար ամենեւին հասկանալի չէ, որ գրչի մի հարվածով հնարավոր էր «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանություն» աշխատությունը դարձնել դպրոցական ձեռնարկ եւ մեծ տպաքանակով հրատարակել։ Այդպիսի քաղաքականացման փաստերը, բնականաբար, ընդունելի չեն դպրոցի համար։

Պարզապես առաջարկում ենք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը օրենքի ճշգրիտ սահմաններում աշխատի։ Այնտեղ ընդհանուր ծրագրերից շեղվող կրթական որոշակի դրական փորձ էլ կա, բայց այնուամենայնիվ դա չպիտի լինի ի հաշիվ մեր ընդհանուր պետական չափանիշների, որոնք սահմանված են հանրակրթության համար։ Արտոնյալ կարգավիճակ չենք ենթադրում որեւէ դպրոցի համար եւ անիմաստ է այս իմաստով դժգոհությունը։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Լեւոն Մկրտչյանին խնդրել էինք ներկայացնել նաեւ ԲՈՀ-ի նախագահի թեկնածուներին, պարզաբանել, թե արդյոք Արեգ Գրիգորյանին այլ աշխատանք առաջարկվելո՞ւ է, անդրադառնալ Աղասի Արշակյանի հայտարարություններին եւ այլն։ Զրույցի այդ հատվածը կներկայացնենք «Առավոտի» վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031