Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐՈՒԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՐԱՆԻ ԵՆ ՏԱԼԻՍ ՊԻՏԵՐ ԹՈՄՍՈՆԻՆ

Հունվար 19,1999 00:00
poxoc

Պարզվում է, այս փողոցի բնակիչները սերտ հարաբերության մեջ են եղել պրն Թոմսոնի հետ, որովհետեւ վերջինս իր ավտոմեքենայից իջնելիս բարեւել, զրուցել է նրանց հետ, նույնիսկ հայերեն բառեր փոխանակել։

Թոմսոնի հեռանալուց հետո դեսպանատան հետ տեղացիների հարաբերությունները կտրուկ վատացան, մանավանդ այն ժամանակ, երբ ամերիկացիները սկսեցին անվտանգության միջոցառումների հիթշքերթը նախկին Պլեխանովի անվան փողոցում։ «Հիթ-շքերթը» ավարտվեց հունվարի 16-ին, երբ 11 բետոնե սալիկներ փողոցում տեղադրելու համար մի 20 ոստիկան բերվեց։ Հասկանալի է՝ համբերությունն էլ իր սահմանն ունի եւ Զարուբյան փողոցի բնակիչների համբերությունը սպառվեց ու նրանք երեկ խմբագրություն ահազանգելուց առաջ եղան ՀՀ նախագահի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի վարիչ Մարգարիտա Ազարյանի, քաղաքի գլխավոր ճարտարապետի մոտ՝ ներկայացնելու իրենց անհանգստություններն ու պահանջները։ Մենք եւս եղանք «դեպքի» վայրում եւ զրուցեցինք վրդովված բնակիչների հետ։

Պավել Ղուկասյան– Դուք լավ պատկերացնում եք, որ որեւէ վթար եթե այս փողոցում լինի, ապա ծանր մեքենաներն ընդհանրապես փողոց չեն կարող մտնել, անգամ շտապօգնության մեքենաները (բետոնե սալիկները շրջանցելու համար հարկ է անվերջ ոլորապտույտներ հաղթահարել- Ռ. Մ.)։ Ձյան, անձրեւի դեպքում անվտանգությունը երաշխավորված չէ։ Սա մեր երեխաների խաղատեղն է մշտապես եղել, եւ մեքենաներ այստեղ կանգնեցնելը եւ վթարից խուսափելը շատ դժվար կլինի։

-Ի՞նչ պատասխան ձեզ տվեց քաղաքի գլխավոր ճարտարապետը։

-Ասաց. «Յոլա տարեք, էլի, պաժառ ընկնի, փողն ամերիկացիներից կստանաք» (զրուցակիցներիցս մեկը հայտնեց, որ գլխավոր ճարտարապետը հայտնել է նաեւ. «Մեկ ա, մի երեք տարուց դուրս են գալու»- Ռ. Մ)։

Պետրոսյան Գեւորգ– Եթե ուզում են ապահովել իրենց անվտանգությունը, թող օգտվեն նախկինում մեր կիրառած փորձից. ասֆալտից փոքր բուրգեր էինք սարքում, եւ մեքենաները դանդաղ էին վարում (չգիտեմ, ամերիկացները հաշվի կառնե՞ն այս փորձը։ Առայժմ իրենք են մեզ դասեր տալիս- Ռ. Մ.)։ Ահա նայեք, Չեխովի դպրոցի ետնամասն է եւ դպրոցի երկրորդ դուռը բացվում է այստեղ։ Գետնի վրայի կաբելը տեսեք, իսկ եթե երեխաները ձեռք տա՞ն այս բաց կաբելին, որը փորձանքի բուն է։

Մի բնակիչ չի բացառում. «Գիտեք ինչ, ապագայում հնարավոր է, որ նրանք ոչ թե կաբելը փակեն, այլ ընդհանրապես՝ Բարեկամության փողոցը, որ մեր սեփական տանը հյուրի կարգավիճակում հայտնվենք։ Եվ բանը հասնի նրան, որ իրենցից թույլտվություն խնդրենք մեր փողոցը մտնելու, աղբը թափելու, մեքենան ավտոտնակից դուրս հանելու, հենց թեկուզ «իրենց տարածքում» կանգնեցնել-չկանգնեցնելու համար։ Եթե ուզում են նորմալ հարաբերություն մեզ հետ կամ ուզում են «ստեղ» մնան՝ թող մտածեն»։

Գրիգորյան Դերենիկ– Առավոտյան, երբ տնից դուրս եմ գալիս, այս այլանդակությունը տեսնում, ներվերիս վրա ազդում է։ Այս փողոցի վրա առաջին կարգի հաշմանդամներ են ապրում, տարեցներ, երեխաներ։ Մենք մեզ մարդ չենք զգում։ 35 տարուց ավելի է ապրում եմ այս փողոցի վրա։ Վերջապես սա ի՞նչ վերաբերմունք է՝ Ամերիկայում, եթե մեր դեսպանատունն այս կերպ շրջապատվեր, փողոց փակվեր, ամերիկացիներին դուր կգա՞ր։ Թե՞ մեր ժողովուրդն արժանիքներ չունի։ Մեզ խորհուրդ են տալիս յոլա տանել։ Յոլա տարանք՝ աշխատանք չունենք։ Յոլա տարանք՝ ջուր չունենք…

Առաքելյան Շուշանիկ– 30 տարի է բնակվում եմ այստեղ։ Մեր փողոցում նույնիսկ գողություն չի եղել։ Մենք պահանջում ենք մեզ մարդու տեղ դնեն։ Մեզ այնպես են շրջապատել, կարծես ամերիկյան- հնդկական «ռեզերվացիայում» լինենք։ Չորս կողմից բետոնապատել են, ինչո՞ւ։ Հոգեպես ազդում է։

Վերջին հաշվով սա մեր հողն է եւ մենք իրավունք չունե՞նք ազատ քայլելու մեր հողի վրա։ Անձամբ իմ տան վրայով իրենց կաբելներն են անցկացրել՝ առանց թույլտվության, առանց մեր կամքը հարցնելու։ Ենթադրենք մի բան լինի՝ հրդեհ, մենք էլ տանը չլինենք։ Էլ չենք ասում, որ ինը տարի է շինարարություն են անում, երկու անգամ քարուքանդ են արել մեր փողոցը, իսկ շինարարական աղբն էլ մեր տներն է «գալիս»։

Տիկին Աստղիկ– Այս ամենը վթարի օջախ է։ Էդ իմպորտնի կապիկը (նկատի ունի դեսպանատան սեւամորթ աշխատակցին- Ռ. Մ.) բոլորիս մեյմունի պես խաղացնում է։ Սրանք եկան ու մեր կյանքը թունավորեցին։ Տիկին Աստղիկը վրդովված է «դվիժոկների» աղմուկից, որը խլացրել է ողջ փողոցը։ Իսկ ընդհանրապես, այս փողոցի բնակիչների տրտունջները լսելուց առաջ եղեք տեղում. մի՞թե նրանք իրավացի չեն։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031