Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային շարասյուններ

Հունվար 19,1999 00:00
Aram Abrahamyan

Գենադի Զյուգանովն անցած շաբաթ հայտնեց, որ հայրենասիրական ուժերը խորհրդարանական ընտրությունների են գնալու երեք շարասյունով. բուն կոմունիստները, «ազգային հայրենասերները» եւ «զուսպ, քաղաքակիրթ, լուսավորված հայրենասերները»: Այստեղ ամենաարժեքավորը վերջին բնորոշումն է: Ստացվում է, որ, ըստ Զյուգանովի, հայրենասիրությունն այնպիսի մութ, գռեհիկ եւ վայրենի մի երեւույթ է, որը կարիք ունի քաղաքակրթվելու, լուսավորվելու եւ զսպվելու: Այսպիսով, այն մարդիկ, որոնք «ժողովրդավար», «լիբերալ» կամ «բարեփոխիչ» բառերն օգտագործում են որպես թունդ հայհոյանք, ենթագիտակցաբար ճիշտ նույն որակն են տալիս «հայրենասեր» եւ «ազգային» բառերին: Նույն Զյուգանովի ասածից դուրս է գալիս, որ «ազգային հայրենասերները» / օրինակ՝ Մակաշովն ու Իլյուխինը/ նրանք են, ովքեր ատելություն են հրահրում այլազգիների նկատմամբ եւ ընդհանրապես իրենց քթից այն կողմ տեսնել չեն ուզում: Իսկ կարող են լինել նաեւ «ապազգային հայրենասերներ», որոնք, բնականաբար, կոմունիստական շարասյուների մեջ չեն մտնում:

«Դուք ազատամի՞տ եք, թե՞ ազգային արժեքների կրող», – հարցնում է հեռուստադիտողը «P.S.»-ի իմ հյուրերից մեկին: Դե փորձիր դուրս գալ այդ այլընտրանքի տակից: Ինչպես բացատրել, որ ճշմարիտ ազգային արժեքները կարող են գոյություն ունենալ միայն ազատամտության, հանդուրժողականության, գաղափարների ազատ մրցակցության պայմաններում: Որքա՜ն ավելի հեշտ է սեփական գաղափարներդ փաթաթել ուրիշների վզին որպես միակ ճիշտ եւ ազգային: …Ի դեպ, լուրեր են պտտվում, թե հաշվի առնելով, որ Աթենքը հույն ժողովրդի մենաշնորհն է, OTE-ին՝ որպես նախազգուշական առաջին քայլ, որոշել է մեկ օրով զրկել ՀՅԴ բյուրոյին հեռախոսակապի ծառայության բոլոր տեսակներից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031