Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՀԱՄԱԳՈՒՄԱՐՅԱՆ ԵՆ

Հունվար 19,1999 00:00
hhsh

Հունվարի 16-ին 1999 թվականին առաջին անգամ հանրապետական խորհրդի նիստ գումարեց ՀՀՇ-ն։ Ինչպես մատուցեց այդ կառույցի վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը, օրակարգում եղել է 2 հարց։ Մեկ, որ հաստատվել է տարածքային կազմակերպությունների ժողովների գումարման ժամանակացույցը։ Դրանք՝ հունվարի կեսերից սկսած, կձգվեն մինչեւ փետրվարի 28-ը։ Հենց այս հիմքով էլ նպատակահարմար է դիտվել ՀՀՇ համագումարի անցկացումը մարտի 5-ին, որովհետեւ մի կողմից արդեն ավարտված կլինի շուրջ 50 տարածքային կազմակերպությունների ժողովների փուլը եւ պատվիրակները՝ ընտրված։

ՀՀՇ հանրապետական խորհրդի օրակարգի մյուս հարցը, ինչպես ներկայացրեց Անդրանիկ Հովակիմյանը, առնչվել է կուսակցության կանոնադրությանը։ Պետության տարածքային բաժանմանը համապատասխան՝ ժամանակին ստեղծվել են մարզային կառույցներ՝ համակարգող գործառույթներով։ Նրանց լիազորությունների շրջանակն ընդլայնելու փորձը, ինչպես Անդրանիկ Հովակիմյանը մատուցեց, դիմադրության է արժանացել ՀՀՇ հանրապետական խորհրդում, իսկ այդ մարմնում որոշիչ ձայնով ներկա են նաեւ տարածքային կազմակերպությունների ղեկավարները։ Նրանք չեն ընդունել իրենց իրավասությունները սահմանափակող առաջարկները։

ՀՀՇ հանրապետական խորհրդի այս նիստն առանձնացել է նաեւ նրանով, որ փետրվարյան իշխանափոխությունից ի վեր ՀՀՇ վարչությունը լքած լինելով հանդերձ, այս մեկին մասնակցել է Կարապետ Ռուբինյանը՝ ի պաշտոնե, որպես ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության ղեկավար։ Ու նրա հետ էլ ՀՀՇ վարչության այն բոլոր անդամները, ովքեր ընդգրկվել են «Եվրաճանապարհ» (որին Անդրանիկ Հովակիմյանը «Եվրուղի» է անվանում), կազմակերպության մեջ։ Խոսքը Տեր-Հուսիկ քահանա Լազարյանի, Շահեն Պետրոսյանի եւ մյուսների մասին է։ Արա Սահակյանն այդ նիստին, իհարկե, չի մասնակցել, որովհետեւ ՀՀՇ անդամ չէ։

– «Եվրուղու» նկատմամբ խանդի զգացողություն, իհարկե, չկա։ Բացարձակապես,- ասաց ՀՀՇ փոխնախագահը։- Գաղափարն, ինքնին շատ դրական է։ Իհարկե, մենք տարակուսելու հիմք ունենք, որովհետեւ չկա որեւէ արգելք ՀՀՇ-ի ներսում այդ նույն գաղափարներն ու ծրագրերն իրագործելու համար։ Դրանով, այս նախաձեռնությամբ չի փաստվում ոչինչ՝ թե ՀՀՇ-ն «Եվրուղուց» տարանջատված է, բայց, միաժամանակ պետք է արձանագրենք՝ բոլոր դեպքերում ինչ-որ հետին միտք կա։ Այս խորհրդարանում եղած պատգամավորների մեծ մասը պարզապես չի ընտրվելու գալիք Ազգային ժողովի կազմ։ Բնականաբար, նրանց ինչ-որ կազմակերպություններ են պետք, որպեսզի կարողանան շարունակել իրենց գործունեությունը։

Այս ամենի կողքին դիտարկելի է եւս մեկ հետաքրքիր իրողություն։ Ժամանակին առիթ ունեցել ենք ծանուցելու, որ կազմավորվել է ՀՀՇ համագումարի անցկացումը նախապատրաստող Կազմկոմիտե։ Նրանում ընդգրկված Բաբկեն Արարքցյանն այդ մարմնի՝ դեկտեմբերի սկզբին հրավիրված նիստին մասնակցել է, իսկ, ա՜յ, կազմկոմիտեի 2-րդ հավաքին, որը տեղի է ունեցել հունվարի 9-ին, չի կամեցել ներկա լինել։ Ինչո՞ւ։

– Զբաղված էր, հավանաբար։ Որեւէ բացատրություն չի եղել։ Բայց, ինչպես հայտնի է, նա ՀՀՇ վարչության նիստերին էլ է միշտ դժվարությամբ մասնակցել։ Չեմ կարծում, որ Բաբկեն Արարքցյանը ՀՀՇ վարչությունում կամ հանրապետական խորհրդում կարողանա մեծ ազդեցություն ունենալ, բայց, հավանաբար, ինչ-որ խնդիրներ գոյություն ունեն, որ նա ՀՀՇ չի գալիս։ Անդրանիկ Հովակիմյանի հետ զրույցից հնարավոր եղավ պարզել նաեւ ՀՀՇ-ում նշմարելի մի քանի զարգացումների ուրվագծերը. «Շատ լուրջ համագումար է լինելու այս մեկը, ուր խոսք կասվի վերջին այս 10 տարվա վերաբերյալ՝ եւ ավելի լուրջ ու հստակ շեշտադրումներով, քան նախորդ իշխանության քաղաքական գնահատականը բովանդակող որեւէ փաստաթուղթ»։

Մեր զրուցակցի վկայությամբ, շեշտադրումները մի քիչ ավելի սուր կլինեն, ամեն ինչ կասվի ճակատ առ ճակատ եւ հենց այս հիմքով էլ, ինչպես Անդրանիկ Հովակիմյանն է կարծում, ՀՀՇ նոր վարչություն կընտրվեն. «այն մարդիկ, ովքեր փետրվարյան դեպքերից հետո, իշխանափոխությունից հետո, դժվարին ու ծանր այդ ժամանակներում կարողացան պահպանել տեղական կառույցները, տարածքային օղակները, կազմակերպությունն ընդհանրապես։ Համագումարը կընտրի նրանց, ովքեր դժվարին ժամանակներում մնացին կազմակերպության հետ եւ տարան այդ ծանրությունը»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031