Երդումից հետո
Արդեն երրորդ օրն է, ինչ երդումներ տված Վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների դատավորներն անցել են իրենց աշխատանքների կատարմանը։ Դատարաններում տիրող այսօրեական իրավիճակը ճշտելու համար, նախընտրեցի շրջագայել Խորհրդային, Կենտրոն, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների արդեն առաջին ատյանի անվանյալ դատարաններում։
Խորհրդային շրջանի կամ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում ժամը 9.00-ն է եւ մինչեւ 10.15-ը ոչ ոք աշխատանքի կարծես չի շտապում ներկայանալ։ Հավաքարարը խնամքով մաքրում է դատավորների աշխատասենյակները, եւ սպասում հատկապես երկու կին դատավորներին՝ Աիդա Դավթյանին եւ Նաիրա Մարգարյանին, որպեսզի ճշտի իր կարգավիճակը։ Չէ՞ որ իրենք ազատված են աշխատանքից եւ դեռ հարց է, դատարանների ձեւավորումից հետո աշխատանք կունենա՞ն, թե՞ ոչ։ Դատարանին կից՝ հաջորդ «մուտքում» փաստաբանների գրասենյակները մաքրելիս հայտնում է, որ ստանում է դատարանից յոթ հազար դրամ աշխատավարձ, իսկ փաստաբաններից առձեռն՝ 300 դրամ. «Խեղճ են, բալա ջան, Նոր տարվա փողերը չեն հավաքել, փող չունեն»,- ասում է նա։ Դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներ կան, մի քանիսը ինչ-որ գործերում «պատասխանող» կողմեր են, «տուժած» կողմեր, «հայցվորներ»…
«Տուժածներից» մեկը մի ուրիշ «տուժածի» բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում եռաստիճան դատական համակարգը. «Էն ժամանակ փող էինք տալիս մեկ աստիճանին, հիմա կտանք երեք տեղ՝ երեք աստիճանին»։ Մի քաղաքացուհի՝ մասնագիտությամբ ուսուցչուհի, հայտնում է, որ արդեն հինգ ամիս է, գնում-գալիս է, սակայն հասարակ քաղաքացիական գործը չի լսվում. իրենից մեկը պարտքով վերցրել է հինգ հարյուր դոլար գումար, որը հրաժարվում է տալ, ստիպված է եղել դատարան դիմել, դատարանն էլ համառորեն չի լսում գործը։ «Սրանք խեղճ չեն,- ասում է նա,- խեղճը հարյուր հազար չի տա դատավոր դառնալու համար». սա ժողովրդախոսակցական թափառիկ բանահյուսական արժեքներից է, որը լսեցի նաեւ Կենտրոնի դատարանի այցելուներից եւս։
Կարդացեք նաև
Խաբված ավանդատուներից հետո այս օրերին ձեւավորվել է խաբված հայցվորների մի նոր խավ, որին հիմա էլ մերժում են, պատճառաբանելով, թե «դատավոր է փոխվել, կազմ է փոխվել, հինգ տարի սպասել եք, հինգ օր էլ սպասեք, էլի՜»։ Այստեղ էլ ճշտում ենք, որ դատարանը կարող է «գնալ» չորրորդ զանգված… Շենքը տաք է, որովհետեւ ջեռուցվում են վերնահարկերը՝ բնակելիները։
Մյասնիկյանի դատարանում պարզվում է, որ դատավորների «պիտիմինուտկա» է։ Քարտուղարուհիները հատկապես իրար են անցել։ Սենյակներից մեկում քարտուղարուհին զանգում է քույր-դատարան՝ ճշտելու, թե Վարդանյանի Արմինեն նրա հետ տեղափոխվե՞լ է նոր գործատեղ։ Իրենց տեղի կադրերից դատավոր նշանակվածին զանգելուց հետո սրտաճմլիկ տեսարան են սարքում, երբ իմանում են, որ վերջինս առավոտից սուրճ չի խմել… Մի ուրիշ սենյակում փաստաթղթերի հանձնում-ընդունում է, քանի որ նախորդ երեկոյան ժամը 20.00-ին չեն ժամանել հարգարժան նորեկները եւ հանձնում-ընդունումն էլ չի ավարտվել։
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, ինչպես միշտ, անհրապույր է։ Մկներն աշխուժորեն դատարանի մուտքի մոտ «քննարկում» են պիտանիություն-պիտանելություն բառերի տարբերությունը։ Հաջորդ հարկում ակնհայտ որբություն է. բանն այն է, որ այս դատարանի մի քանի դատավորներ առաջխաղացում են ունեցել. Ելիզավետա Դանիելյանը Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ է դարձել, քրեական եւ զինվորական գործերով Վերաքննիչ դատարան է գնացել Սամվել Օհանյանը, որը հայտնի է նրանով, որ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ հարուցված դատական գործերը իր ձեռքի տակով էին անցնում, Տիգրան Սահակյանը, որը տեղափոխվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան, նախագահի կարգավիճակով։
Այստեղ էլ լսում եմ, որ Անանիա անունով մի փաստաբան հարյուր միավոր է ստացել քննությունների առաջին փուլում, բարեհաջող ավարտել եւ երկրորդ փուլի բանավոր «հանդիպումները» արդարադատության նախարարի եւ Վճռաբեկ դատարանի նախագահի հետ, սակայն դատավոր «չի անցել»։ Անունն անգամ պիտանիության ցուցակում չկա։ Ավելի ծանր է նրա հոգեվիճակը. պատմում էին, որ նա տասներորդ օրն է՝ չի զարթնում… «Էդ քննությունները մեզ բարոյապես ոչնչացնելու համար էին»,- ասում է մի փաստաբան, որը հավատ չունի անգամ, թե իր անունն ասելիս որեւէ բան կփոխվի։ «Ես հարյուր եմ ստացել, բանավորի ժամանակ… երկուս։ Արդյունքի համար մեղավոր եմ ոչ թե ես, այլ նա, ով պայմաններ չի ստեղծել իմ պատասխանների համար»։
Արեւածաղիկ վաճառող մեկը (իմիջիայլոց, գրեթե բոլոր դատարանների շենքերի դիմաց ամենամեծ պահանջարկ ունեցող սննդամթերքը – Ռ.Մ.) «տակ» է տալիս. դատարաններում գնորդ չկա, որովհետեւ ո՛չ դատ կա, ո՛չ դատակոչի հրավիրված, ո՛չ վկա։ Նա խոր հոգոց է հանում, չգիտես ինչու՝ քրթմնջալով.
Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է՝ մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է մտել, խելքի աշեցեք…
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ